Բաժիններ՝

«Բուհից որևէ մեկը թող գա, ինձ ասի՝ այս թեմայից չխոսես, այդ մարդը լուրջ խնդիրներ կունենա». Արայիկ Հարությունյան

«Ես այս վերջին 7-8 տարիներին այդ առումով որևէ խոչընդոտ չեմ ունեցել՝ արտահայտելու տարբեր քաղաքական, քաղաքացիական թեմաների վերաբերյալ իմ կարծիքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը՝ խոսելով բուհերի դասախոսների նկատմամբ ղեկավարության կողմից տարվող ճնշումների մասին:

Նա կարծում է՝ մենք զարգացման այնպիսի փուլ ենք անցել, որ հնարավոր չէ համեմատել 2008-2009 թվականների հետ. «Իհարկե, բուհի ներսում նման թեմաների բարձրացնելը, խոսելն ունի որոշակի արգելքներ, որը պայմանավորված է նաև բուհի կանոնադրությամբ, բայց ես համաձայն եմ, որ դասախոսի կեցվածքը բավարար է, որպեսզի մթնոլորտ փոխվի թե՛ լսարանում, թե՛ դասախոսի շուրջ, թե՛ կուրսի շուրջ: Խնդիրը նոր չէ, միշտ կա, բայց ես ուզում եմ այս խնդրին մեկ ուրիշ կողմից նայել. արդյոք դասախոսները պահանջ դնո՞ւմ են՝ ունենալ ակադեմիական ազատություն: Ես շատ քչերի կողմից եմ նման հարցադրում տեսել մինչև հիմա: Այստեղ էլ խնդիր կա: Իհարկե, ցանկացած ղեկավարություն, որն իր ձեռքում կնիք ունի, եթե չունի ներքին դիմադրություն և ընդդիմացող ուժ, ինքը որոշակի ավտորիտարիզմ կարող է դրսևորել: Ի՞նչ պահանջներ են դրել դասախոսները բուհի առջև մինչև հիմա, առանձին դասախոսներ դրել են, բայց արդյոք կա՞ն կազմակերպված խմբեր, որոնք նման խնդիր դրել են. ոչ, չկան: Արդյոք դասախոսները դրե՞լ են արհմիությունների բարելավման խնդիր. ոչ, չեն դրել, բա եթե դասախոսները նման խնդիրներ չեն դրել, մեր հասարակության մյուս շերտերից ինչո՞ւ ենք բողոքում»:

Ա. Հարությունյանի խոսքով՝ բուհական ղեկավարությունն ավտորիտար է, բայց դասախոսներն էլ այստեղ անելիք ունեն. «Ի՞նչ է նշանակում՝ չեն խոսում այս թեմաներից: Բուհից որևէ մեկը թող գա, ինձ ասի՝ այս թեմայից չխոսես, այդ մարդը լուրջ խնդիրներ կունենա: Եթե դասախոսներն ազատ չեն ու ազատ լինելու ցանկություն չունեն, ապա մյուս շերտերից քիչ բան պետք է պահանջել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս