Բաժիններ՝

«Այսօր այդ ոլորտում միլիոնավոր աշխատատեղեր են ստեղծվում. ՀՀ-ին նույն ապագան է սպասվում». Լորենս Մերեդիթ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ-ն էներգետիկայի համար կառավարման ծրագրի և այլ գործընկերների հետ համատեղ այսօր՝ նոյեմբերի 8-ին, անցկացվեց «Եմ-ն էներգետիկայի համար (Eu4energy) բարձրաստիճան համաժողով. Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտում» միջոցառումը։

«ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի փորձագետ Աստղինե Փասոյանը համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաժողովի նպատակն է քննարկել ՀՀ-ում էներգաարդյունավետության ներդրումները շենքերի ոլորտում, դիտարկել, թե ինչ խոչընդոտներ կան, որպեսզի դրանք վերացվեն, ներդրումային հոսքը զարգանա, և հնարավոր լինի ֆինանսներ ապահովել բազմաբնակարան, հանրային, գյուղական շենքերում էներգաարդյունավետության բարձրացման համար. «Այստեղ խնդիրները բազմաթիվ են, դրա համար հրավիրվել են և՛ բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ դոնոր և միջազգային ֆինանսական կազմակերպություններից, և՛ կառավարություններ, փորձագետ կազմակերպություններ և այլն։ Լինելու են բարձրաստիճան քննարկումներ օրենսդրական բարեփոխումների մասին, փորձագիտական քննարկումներ»։

Նրա խոսքով՝ ՀՀ էներգետիկայի նախարարությունը շատ բան է արել՝ այս ոլորտում օրենսդրությունը բարեփոխելու նպատակով. «Բացի դրանից՝ մենք ունենք էներգախնայողության գործողությունների պետական ծրագիր, որը շենքերի ոլորտին մեծ առաջնայնություն է հատկացնում․ այնտեղ էներգախնայողության պոտենցիալը կարելի է գնահատել 30-50%։ 2018-2020թթ. Հայաստանի ծրագրերում շենքերի ոլորտը շատ մեծ գործ ունի անելու, որպեսզի ներպետական թիրախներին հասնենք էներգախնայողության ոլորտում։ Տեխնիկական պոտենցիալը շատ մեծ է, ուղղակի դրա իրականացման համար կան օրենսդրական խոչընդոտներ։ Այսինքն՝ ունենք շատ լավ օրենսդրություն, որի կիրառման համար պետք է մեծ աշխատանք տարվի, որ դրանք տեղին աշխատեն։ Ունենք ինստիտուցիոնալ հզորությունների խնդիրներ, բավարար չեն մասնագետները, իրազեկ փորձագետները՝ սկսած ճարտարապետներից, վերջրացրած՝ քաղաքաշինական տեսուչներով և ՏԻՄ-երի աշխատողներով։ Մեր բանկերն են դժվարանում այդ ոլորտի հետ աշխատել, որովհետև լավ չեն հասկանում ոլորտի առանձնահատկությունները, համայնքներին, համատիրություններին վարկեր տալը։ Նաև ֆինանսական խնդիրներ կան։ Կան ֆինանսական ռեսուրսներ, վարկեր, որոնք բազմաբնակարան շենքերին կամ համայնքնաներին ֆինանսապես հասու չեն, այսինքն՝ նման վարկեր շատ կան, բայց դրանց տոկոսադրույքները համարվում են բարձր, որպեսզի դրան մասսայական դառնան»։

Համաժողովի արդյունքում, ըստ նրա՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, քանի որ դրա հիմնական նպատակն է վերհանել ոլորտի խնդիրները և մասնագետների փորձից ելնելով՝ առաջարկել գործողություններ. «Սա վերջին քայլը չէ, հետագայում այդ եզրակացություններն ուղարկվելու են ե՛ կառավարություն, և՛ դոնոր կազմակերպություններին, և՛ ֆինանսական կազմակերպություններին, որ այսուհետ բոլոր փորձենք մեր հետագա ծրագրերը կերտենք այդ առաջնահերթություններով։ Հայաստանի բանկերում այսօր 180 միլիոնի չափ ֆինանսական ռեսուրս կա, որոնք հասանելի են էներգաարդյունավետության ներդրումների համար, բայց դրանք չեն ներդրվում իմ նշած խոչընդոտների պատճառով»։

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության գծով տնօրեն Լորենս Մերեդիթը լրագրողներին ասաց, որ ԵՄ համար մի շարք խնդիրներ կան էներգաարդյունավետության տեսանկյունից. «Ավելի արդյունավետ կառավարելու պահանջ կա։ Ասում են՝ ամենաարդյունավետ էներգիան այն էներգիան է, որը չի սպառվում։ Մաքուր էներգիայի ոլորտում ներդրումները բավականին լուրջ նշանակություն ունեն ԵՄ համար, այսօր այդ ոլորտում միլիոնավոր աշխատատեղեր են ստեղծվում. ՀՀ-ին նույն ապագան է սպասվում։ ՀՀ 6 քաղաքում և 17 տնային տնտեսությունում էներգաարդյունավետության ծրագիրն արդեն իրականացնում ենք։ Մի մեծ ծրագիր իրականացնում ենք Երևանում, խոսքը՝ LED լամպերով լուսավորութան ապահովման ծրագրի մասին է, որը փողոցային լուսավորման ապահովման ամենաարդյունավետ միջոցներից մեկ է»։

Նրա խոսքով՝ համաժողովի հիմնական նպատակն է՝ ՀՀ կառավարության հետ հասկանալ, թե որոնք են ընդհանուր հանձնառությունները՝ էներգաարդյունավետության ոլորտում ապագա զարգացումներ ապահովելու համար. «Հենց այդ պատճառով էլ մեզ հետ բերել ենք էներգետիկ ոլորտի հիմնական նվիրատու, ֆինանսական կազմակերպություններին։ Հուսով ենք, որ այս ներդրմամբ հնարավորություն կստեղծենք ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարելավելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս