«Ինչպե՞ս է ստացվում, որ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգընթաց՝ սոցիալական ոլորտի ծախսերը նվազում են». Գևորգ Պետրոսյանը՝ փոխնախարարին
2018 թվականին սոցիալական ոլորտի հատկացումները նվազելու են շուրջ 362 միլիոն դրամով: Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց վիճակը գնալով վատանում է, բայց կառավարությունն այդ ոլորտի հատկացումները կրճատում է:
«Շարունակաբար մենք ականատես ենք լինելու, որ ժողովրդի սոցիալական վիճակը վատթարանում է, եթե կա մեկն այստեղ, որ կարող է հերքել, ես կպնդեմ, որ այդ մարդը ոչ թե Հայաստանում ապրում է, այլ գտնվում է: Ինչպե՞ս է ստացվում, որ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգընթաց՝ սոցիալական ոլորտի ծախսերը նվազում են: Արդյոք այս մոտեցումը չի՞ հակասում Սահմանադրությանը՝ համաձայն որի՝ Հայաստանը սոցիալական պետություն է, և Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է»,-հայտարարեց Գ. Պետրոսյանը:
Ա. Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ այդ մոտեցումը չի հակասում Սահմանադրությանը: Նրա խոսքով՝ սոցիալական ոլորտի հատկացումներն ընդամենը 0.1 տոկոսով են նվազել.
«Եթե մենք պատկերացնենք, որ մեր երկրում միայն սոցիալական ծախսերով է մարդկանց սոցիալական վիճակը բարելավվելու, մտավախություն ունեմ, որ մենք դատապարտված կլինենք ձախողման:
Սոցիալական բանգավառի ծախսերը, լինելով չափազանց կարևոր, չեն փոխարինում մարդուն աշխատելով իր կենսամակարադկը բարձրացնելու հնարավորություն տվող ծրագրերին:
Ասում եք՝ վատացել է, կխնդրեմ ասեք՝ ինչո՞վ: Գործազրկությունն առաջին կիսամյակում 19 տոկոսից դարձել է 17.8 տոկոս՝ այն դեպքում, երբ աճել է ակտիվ բնակչության թիվը: Հիմա այդ մարդկանց համար վիճակը վատացե՞լ է, թե՞ լավացել: Հիմավորումը թվերն են, որոնք հակառակն են ցույց տալիս»: