Բաժիններ՝

Առանց լավ աշխատողների շուրջ համախմբման՝ կրթության համակարգում շատ բան չի փոխվի

Լրանում է Հայաստանում կրթական լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու 20-ամյակը։ Դժվար է Հայաստանում գտնել կրթության կազմակերպման մի օղակ, որում բարեփոխումներ չեն իրականացվել։ Այդուհանդերձ, շատ դժվար է գտնել մարդկանց, ովքեր կարծում են, որ բարեփոխումների արդյունքում մենք այսօր ունենք լավ կրթական համակարգ։

Ինչո՞ւ բարեփոխումները չեն բերում ցանկալի արդյունքի։ Հիմնական պատճառն այն է, որ մենք այս տարիների ընթացքում հիմնականում «ներկրել» ենք բարեփոխումներ՝ առանց մարդկանց բարեփոխումների կրողը և շարժիչ ուժը դարձնելու։ Արդյունքում, բարեփոխումները կրել են տեխնիկական և կառուցվածքային բնույթ։

Փոխել ենք ուսման տևողությունը, դպրոցների և համալսարանների կառուցվածքը, քննությունների անցկացման ձևերը, որոշ բաներ տեղադրվել են առցանց հարթակներում, ստեղծել ենք նոր ստորաբաժանումներ և հաստիքներ, ավելացրել ենք զանազան հաշվետվություններ պահանջող օղակների թիվը։

Օրինակ՝ եթե վերլուծենք այսօրվա ուսուցչի կամ դասախոսի առօրյա աշխատանքը և այն համեմատենք նախկին ծանրաբեռնվածության հետ, ապա կտեսնենք հետևյալ տարբերությունները։ Մինչև բարեփոխումներն ուսուցչի մեկ դրույքը շաբաթական 18 ժամ էր։ Այսօր ուսուցչի մեկ դրույքը շաբաթական 22 ժամ է։ Համալսարաններում դրվածքը տարբեր է, բայց դասախոսներն էլ դժգոհում են, որ նախկինի համեմատ՝ ավելի շատ են աշխատում ու քիչ վճարվում։

Կարդացեք նաև

Նկատելիորեն մեծացել է բյուրոկրատիան։ Դպրոցների ղեկավարությունը և մանկավարժական կազմը շուրջ երկու տասնյակ մատյաններ է վարում։ Դրանց մեծ մասը, որպես կանոն, ստուգողների պատժից խուսափելու համար է արվում և էական ազդեցություն չի ունենում կրթության որակի բարելավման վրա։ Ավելացել է գրավոր աշխատանքների թիվը։ Ընդ որում, ոչ բոլոր դեպքերում են ուսուցիչները վճարվում այդ աշխատանքի դիմաց։ Ուսուցիչներն այսօր վարում են երկու մատյան՝ թղթային և էլեկտրոնային, ինչը նույնպես լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Նմանատիպ խնդիրներ կան նաև բուհերում։

Դասախոսները ներկայացնում են տարեկան և տարատեսակ հաշվետվություններ իրենց կատարած աշխատանքների մասին, որոնք, որպես կանոն, մնում են թղթի վրա, և շատ դեպքերում պարզ չէ, թե ինչպես են դրանք օգտագործվում։ Անընդհատ փոխվում են առարկայական ծրագրերի ձևաչափերը։ Շատ դեպքերում դասախոսներից պահանջվում է նաև առցանց աշխատանք կատարել ուսանողների հետ, մինչդեռ ծանրաբեռնվածությունը հաշվում են միայն լսարանային զբաղվածության համար։

Մեծ հաշվով, նմանատիպ աշխատանքներ կատարվում են աշխարհի շատ երկրների դպրոցներում և համալսարաններում։ Բայց շատ քիչ են այն երկրները, որոնցում ուսուցչի միջին ամսական աշխատավարձը 110-120 եվրոյին համարժեք դրամ է։ Շատ քիչ են այն երկրները, որոնցում մեկ դրույքով աշխատող դասախոսը պետք է շաբաթը 16 ժամ դաս պարապի և զուգահեռաբար գիտահետազոտական աշխատանք կատարի, որպեսզի ստանա 200-300 եվրոյին համարժեք աշխատավարձ։

Բացարձակ թվերով բարձրացել է նաև աշխատավարձը, բայց այսօր այդ աշխատավարձը ձմեռային ամիսների կոմունալ վճարները կատարելուն հազիվ է բավարարում։

Այսպիսով, բարեփոխումների արդյունքում ուսուցիչներին և դասախոսներին ներկայացվող պահանջների առումով՝ մենք դարձել ենք զարգացած եվրոպական երկիր, բայց այդ պահանջների կատարման համար վճարվող գումարով շարունակում ենք գտնվել հետամնաց երկրների շարքում։ Նման անհամապատասխանության պատճառով է, որ համակարգում աշխատող մարդկանց մեծ մասը հիասթափված է, գտնվում է ապատիայի վիճակում, անտարբեր է աշակերտների և ուսանողների հանդեպ։ Շատ ուսուցիչների և դասախոսների մոտ ձևավորվել է վախ նորամուծությունների նկատմամբ։

Իհարկե, արդար չի լինի այս ամենի համար քննադատել միայն կառավարիչներին։ Ընդհանուր առմամբ համակարգի բոլոր օղակներն են վատ աշխատում, քանի որ բոլորս մեկ նավի մեջ ենք։

Ո՞րն է լուծումը։ Լուծումը մարդկանց հետ լավ աշխատող, մարդկանց տաղանդը բացահայտող և այն խելամիտ օգտագործող կառավարման համակարգ ունենալու մեջ է։

Այսօր Հայաստանի կրթության ոլորտին անհրաժեշտ են կառավարիչներ, ովքեր կկարողանան ոգևորել մարդկանց, կկարողանան տեսնել լավ աշխատող ուսուցիչներին, տնօրեններին, դասախոսներին, ռեկտորներին, կկարողանան փակել վատ աշխատողների ճանապարհը։

Լավ աշխատող մարդկանց համախմբելով և նրանց շուրջ ամբողջ համակարգը համախմբելով՝ կարող ենք ունենալ ավելի լավ իրավիճակ։ Մինչդեռ մենք այսօր նախընտրել ենք մարդկանց համախմբելու մի եղանակ, որից օգուտ է քաղում իշխանությունը, բայց ոչինչ չի ստանում սովորողը։ Խոսքը վերաբերում է կրթության ոլորտի մարդկանց մեկ կուսակցության մեջ համախմբելու մոտեցմանը։

Երբ կրթության ոլորտի մարդիկ հասկանում են, որ խրախուսվում է կուսակցության շուրջ համախմբումը, ոչ թե լավ գաղափարների, լավ աշխատանքի, լավ մասնագետների շուրջ համախմբումը, ապա դրանից կրթության որակը չի բարելավվում։ Ես դառնում եմ իշխող կուսակցության անդամ, ստեղծում լավ հարաբերություններ վերնախավի հետ, զարգացնում ցուցադրականության իմ կարողությունը, և վերջ։ Ես դառնում եմ համակարգի համար ընդունելի մարդ։

Միայն լավ մասնագետները կարող են քաշել բարեփոխումների ծանր լուծը։ Բայց արդյո՞ք մեր կառավարման համակարգն ունի լավ մասնագետներին տեսնելու և նրանց խրախուսելու խիզախություն։ Դա խիզախություն է, քանի որ այդ դեպքում համակարգի կառավարիչները պետք է պատրաստ լինեն դիմակայել այն մարդկանց ճնշումներին, ովքեր կոռուպցիոն եղանակներով ցանկանում են մարդ տեղավորել համակարգում, և հատկապես՝ համակարգի վերին օղակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս