2018-ի բյուջեի նորույթները՝ էական փոփոխություններ ՀՀ կառավարման համակարգում
Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Երեկ ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի հերթն էր։ Հաստիքների զգալի կրճատումներ են սպասվում ՀՀ կառավարման համակարգում: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է մոտ 770 հաստիքային միավորի։
Էական փոփոխություններ են սպասվում ՀՀ նախագահի աշխատակազմին, քանի որ հաջորդ տարի ապրիլից սկսելու են գործել սահմանադրական փոփոխությունները։ Ըստ այդմ՝ մոտ կրկնակի կրճատվում է ֆինանսավորումը, կհատկացվի ընդամենը 2 մլրդ 445 մլն դրամ։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ասաց, որ որոշակի ծրագրեր նախագահի մասով չեն նախատեսվելու բյուջեում, մասնավորապես՝ տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, ինչպես նաև Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերն անցնելու են կառավարության տիրույթ:
Նախագահական ինստիտուտում կբացակայեն նաև Վերահսկողական ծառայությունը, Հանրային խորհուրդը, Անվտանգության խորհուրդը և այլն։ ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված չեն շինարարության և հիմնանորոգման միջոցներ:
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե աշխատակազմն ի՞նչ է լինելու ապրիլի 9-ից հետո, և քանի՞ հոգի է աշխատելու այդ ժամանակ:
«Մասնավորապես՝ այս տարի մենք արդեն երկու անգամ կրճատումներ ենք իրականացրել նախագահի աշխատակազմի աշխատողների թվաքանակի՝ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով: Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել ենք մինչև 385, hոկտեմբերի 1-ից սահմանվել է 330 աշխատակից։ Մենք ենթադրում ենք, որ մոտավորապես 120-130-ով ևս պետք է նվազի ՀՀ նախագահի աշխատակազմը: Մաքսիմում թիվը կարող է լինել 200, որը, գտնում ենք՝ ևս նվազելու տեղ ունի»,- պատասխանեց Ա. Գևորգյանը՝ հավելելով, որ փորձում են թափուր կամ չօգտագործվող պաշտոնները կրճատել, իսկ այն աշխատակիցները, որոնք գործող մասնագետներ են, մի մասը թոշակի է անցնում, մի մասն անցնում է կադրերի ռեզերվ:
Պատգամավորների հարցին, թե ինչպե՞ս պետք է պետական բյուջեից երևա, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, Ատոմ Ջանջուղազյանը մատնացույց արեց խորհրդարանի ծախսերի զգալի ավելացումը՝ ԱԺ աշխատակազմի համար նախատեսված է հատկացնել 4 մլրդ 585 մլն դրամ՝ 2017-ի համեմատ` 233 մլն դրամով ավելի։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի խոսքով՝ 255 մլն դրամով կրճատվել է ԱԺ աշխատավարձի ֆոնդը, ինչը բացատրվում է պատգամավորների քանակի և աշխատակազմում տեղի ունեցած կրճատումներով: Ըստ նրա՝ 2018 թվականին Ազգային ժողովում տեխնիկական հագեցածության աշխատանքներ պետք է կատարվեն, որի համար կհատկացվի 43 մլն դրամ։
Գործադիրի աշխատակազմի ծախսերը հաջորդ տարի կկազմեն 19.5 մլրդ դրամ՝ այս տարվա համեմատ 4.4 մլրդ դրամով ավելի։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված այդ տարբերությունը. «Վարկային ծրագրերի մասով միջազգային պայմանագրերի շարունակություն է լինելու, նախագահի աշխատակազմից որոշակի ծրագրեր են տեղափոխվել կառավարության աշխատակազմ: Զուտ կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի մասով կհատկացվի 1 միլիարդ 234 մլն դրամ»:
Ի դեպ, հաջորդ տարի կառավարությունում աշխատավարձերի բնականոն աճ է լինելու, այսինքն՝ դասային աստիճանների շնորհման, ստաժի հետ կապված, որի համար հատկացվելու է 21 մլն դրամ:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այն բարեփոխումները, որ պատրաստվում են անել բյուջեի հաշվին, մասնավորապես՝ պրոբացիոն ծառայողների թիվն ավելանում է 35-ով, քրեակատարողական համակարգում կարևոր փոփոխություն է տեղի ունեցել. «Էապես փոխվում է դեղերի համար հատկացվող գումարը: Նախորդ տարիներին հատկացվել է 40 մլն դրամ, այս տարի կհատկացվի 150 մլն դրամ»։
«168 Ժամ» թերթ