Բաժիններ՝

«Եթե լավագույնը չես, ուրեմն միջակ ես, իսկ միջակներն ամբողջ կյանքում փողի մասին են մտածում և երբևէ իրական հաջողության չեն հասնում». Բրայան Թրեյսի

Աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին ժամանել է Հայաստան՝ skill.am հարթակի հատուկ հրավերով World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները՝ Հայաստանում) բացառիկ նախագծի շրջանակում՝ որպես առաջին խոսնակ: «Առաջխաղացման ռազմավարություն» հեղինակային սեմինարի առաջին հատվածում Բրայան Թրեյսին խոսեց կյանքը փոխելու ձևերի, ճիշտ նպատակադրումների, հաջողության հասնելու մի քանի կարևոր քայլերի մասին։

Ընդունիր քո պատասխանատվությունը

Սեմինարի երկրորդ հատվածում Թրեյսին պատմեց իր կյանքի շրջադարձային փուլերի մասին, պարզաբանեց, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ աշխատել, ճիշտ տնօրինել ժամանակը, հարստանալ և ճիշտ ներկայանալ։ Թրեյսին պատմեց, որ 20 տարեկան էր, երբ եղավ իր կյանքի առաջին շրջադարձային պահը. «Ես հասկացա, որ 100 տոկոս պատասխանատու եմ սեփական կյանքիս համար։ Ոչ ոք ինձ չէր օգնելու, փող չունեի, կրթություն չունեի, ապրում էի քնձռոտ մեկ սենյականոց բնակարանում, որտեղ մեկ թախտ էր դրված, որը գիշերը բացում էի, որ քնեի։ Ես հասկացա, որ սա է իմ կյանքը, ոչինչ չի փոխվելու, և, որ տասը տարի հետո էլ աշխատելու եմ շինարարությունում և ապրելու եմ փոքր բնակարանում։ Բայց որոշեցի, որ փոփոխություն է պետք, և, որ ինքս եմ պատասխանատու իմ կյանքի համար»,- ասաց Թրեյսին՝ ընդգծելով, որ հաջողության մասին բոլոր գրքերի առաջին մասը նույնն է՝ ընդունիր քո պատասխանատվությունը։

Պատասխանատվությունն ընդունելը, ըստ Բրայան Թրեյսիի՝ կամընտիր չէ, պարտադիր է.  «Առանց պատասխանատվության՝ ո՛չ հնարավորություններ ունես, ո՛չ ապագա։ Հենց գիտակցում ես պատասխանատվությունը, անսահման ապագա ու անսահման հնարավորություններ են բացվում։ Այդ շրջադարձային պահը 24 տարեկանում էր։ Ես ինձ հարց տվեցի՝ եթե ես եմ պատասխանատու իմ կյանքի համար, ինչի՞ համար եմ պատասխանատու։ Ուստի ես հայտնաբերեցի իմ նպատակները։ Իմ նպատակն արշալույսի պես բան էր ինձ համար, իմ երբևէ հայտնաբերած ամենալավ բանը։ Երրորդ շրջադարձային պահն այն էր, երբ հասկացա շարունակական ուսումնառության կարևորությունը։ Միշտ պետք է կարդալ, նոր բաներ սովորել։ Այս երեքը համադրելով՝ պատասխանատվություն, նպատակներ և շարունակական ուսումնառություն, սրանք աղքատին կդարձնեն հարուստ, ներգաղթողին նոր երկրում կդարձնեն հարուստ, թույլ կտան հաղթահարել ցանկացած խնդիր, որին երբևէ բախվում ես կյանքում»։

Շարունակաբար սովորիր և կատարելագործվիր

Նա ընդգծեց՝ ստանձնելով պատասխանատվություն՝ մի սպասիր, որ քեզ որևէ մեկը կօգնի։ «Նպատակներ դիր քո առաջ, շարունակաբար սովորիր և կատարելագործվիր։ Սովորիր այն, ինչ քեզ հետաքրքրում է, այնքան սովորիր, մինչև մարդիկ կասեն, որ դրա մասին ահագին բան գիտես։ Բայց մինչև ինչ-որ մեկը քեզ չասի, որ դու իսկապես տիրապետում ես այդ թեմային, շարունակիր սովորել։ Երբեմն ամիսներ ու տարիներ կարող են պահանջվել՝ մշակելու համար քո իրական գիտելիքը։ Դա նորմալ է, մի բան որ սովորում ես, ամբողջ կյանքում մնում է քեզ։ Նոր գիտելիք յուրացնելը նման է տան հիմքը գցելուն. ինչքան ավելի խորը գցես հիմքը, այնքան ավելի բարձր հաջողության կարող ես հասնել»։

Ըստ Թրեյսիի՝ կյանքի ցանկացած ասպարեզում հմտությունը հիմնական լծակներից մեկն է.  «Եթե դու լավ ես անում այն, ինչ անում ես, մարդիկ հասկանում են, գնահատում են քեզ, պատրաստ են քեզ լավ վճարել՝ անելու համար այն, ինչ անում ես։ ԱՄՆ-ում փաստաբանը ժամում 150 դոլար է վաստակում, բայց բարձրակարգ փաստաբանը, որը հայտնի է իր հմտություններով, կարող է ժամում 5 հազար դոլար վաստակել։ Անգամ հերթ են կանգնում ու կանխավճար տալիս, որ նա իրենց համար աշխատի։ Ես Հոլիվուդում աշխատել եմ փաստաբանների հետ, որոնք 1 բիզնես գործարք կազմելու համար 1 միլիոն դոլար են ստանում։ Դա կարող է 400-500 ժամ աշխատանք պահանջել, բայց 1 միլիոն դոլար ստանալ դրա համար, անհավատալի է։ Ոչ ոք լավ չաշխատողին ավել գումար չի տալիս»։

Ո՞րն է բիզնեսի հաջողության բանալին

Բիզնեսի հաջողության 90 տոկոսը, նրա խոսքով՝ պայմանավորված է քո ծառայության կամ ապրանքի որակով. «Եթե դու բարձրորակ ապրանքի կամ ծառայության վարկանիշ ունես, կարող ես ավելի գանձել, և մարդիկ ավելի կվճարեն, և դու կկարողանաս ավելի հեշտ ու ավելի շատ իրացնել, նույնիսկ գովազդելու կարիք չես ունենա։ Որակյալ ապրանքի կատարյալ օրինակներից մեկը iPhone X-ն է. հայտարարությունում ասվում է, որ 4-6 ամիս պետք է սպասես, որ 1000 եվրոյից ավելի վճարես՝ դրանից ունենալու համար։ Մարդիկ փողոցներում հերթ են կանգնում, նախօրորք պատվերներ են տալիս։ Երբ մարդիկ այն հորինեցին՝ 500 դոլար արժեր, հետո սկսեց բարձրանալ գինը, հիմա 1000 դոլար կամ ավելին արժե։ Մարդիկ պատրաստ են ցանկացած գումար դրա համար վճարել։ Հետևաբար՝ ձեր եկամուտը, ձեր բիզնեսի հաջողությունը 90%-ով պայմանավորվելու է ձեր արած աշխատանքի որակով»։

Պետք է լավագույնը դառնալ

Փորձագետն ընդգծեց՝ պետք է ասել՝ իմ նպատակն է՝ դառնալ լավագույնը. «Հաջորդ հարցը, որ քեզ տալիս ես՝ իսկ ինչո՞ւ դու արդեն լավագույնը չես քո գործում, ինչո՞ւ արդեն չես ստանում այն արդյունքները, որոնք լավագույններն են նվաճում։ Հիշեք՝ սա շատ կարևոր է.  եղիր լավագույնը, լավագույն գործն արա, լավագույն արտադրանքն ու ծառայությունները մատուցիր, և դա քեզ կդարձնի ամենաբարձր վարձատրվողներից մեկն աշխարհում։ Եթե մարդ ուզում է գնալ բժշկի, բոլորին հարցուփորձ է անում, թե տվյալ վայրում ով է լավագույն բժիշկը, չի հարցնում, թե քանի ժամ է նա աշխատում։ Բոլորն ուզում են վարձել լավագույնին և պատրաստ են վճարել ցանկացած գին դրա համար»։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե որ ասպարեզը քեզ լավագույնս կօգնի՝ կրկնապատկել եկամուտդ և սևեռվել դրա վրա. «Կատարողական փոքր կատարելագործումները կարող են բերել մեծ արդյունքների։ Հիշիր, եթե լավագույնը չես, ուրեմն՝ միջակ ես, եթե ավելի շատ չես աշխատում, որ լավը դառնաս, ուրեմն՝ ավտոմատ դառնում ես միջակություն։ Իսկ միջակներն ամբողջ կյանքում փողի մասին են մտածում և երբևէ իրական հաջողության չեն հասնում, որովհետև սովորաբար վերջինն են, ում որևէ մեկն աշխատանքի կընդունի»։

Փողն ազատություն է տալիս

Թրեյսին նկատեց՝ փողն էլ է խոշոր լծակ, խնայողություններդ երբեմն կարող են լծակի դեր խաղալ. «Նպատակդ պետք է լինի՝ եկամտի 10-20 տոկոսը խնայել. սա մեծ կարգապահություն է պահանջում։ Մարդկային թուլություն կա՝ ավելի շատ ծախսել, երբ ավելի շատ ես վաստակում։ Միջին մարդն իր վաստակած ամեն կոպեկը ծախսում է, բայց եթե դուք սկսեք ավելի շատ վաստակել՝ կեսը խնայեք։ Մի քանի տարի հետո ավելի հարուստ կդառնաք, ֆինանսապես կանկախանաք։ Փողը քեզ ազատություն է տալիս՝ որոշումներ ընդունել։ Եթե դու բանկում փող ունես, չունես պարտքեր, քեզ հզոր ես զգում։ Իսկ եթե փող չունես, մենք՝ մարդ արարածներս, սկսում ենք մտահոգվել։ Ցանկացած երկրում ապահարզանի թիվ 1 պատճառը փողի շուրջ վեճերն են։ Ուստի, եթե մի կողմ դրած փող ունես, միտքդ պայծառ է ու ջինջ, և բազում հնարավորություններ են երևում»։

Թրեյսիի համար ամենակարևոր արժեքն ազատությունն է. «Ես երկար տարիներ ուսումնասիրել եմ փիլիսոփայություն, և հասկացել, որ ինձ համար ամենաբարձր արժեքն ազատությունն է։ Ես սիրում եմ ազատություն, ուստի՝ ուսումնասիրել եմ տնտեսական, անձնական, քաղաքական ազատությունները, ամեն ինչ արել եմ, որպեսզի իմ կինը և երեխաներից յուրաքանչյուրն ունենան անձնական և ֆինանսական ազատություն։ Երբ ունես ազատություն, դու երջանիկ ես քեզ զգում։ Իսկ եթե չունես ազատություն, քեզ ծուղակում ես զգում։ Մարդիկ կարծում են, որ փող խնայելը նրա համար է, որ մեքենա, հագուստ, տուն գնեն կամ մեկնեն հանգստանալու։ Ո՛չ։ 20% խնայելու պատճառը ցույց  է տալիս, որ դու կարգապահություն ունես։ Եթե դու չես կարող խնայել, քեզ չեն վստահի. բանկերը վարկ չեն տա, մարդիկ քեզնով չեն հետաքրքրվի։ Ուստի՝ պետք է մտածես քո ֆինանսական և անձնական ազատությունը նվաճելու մասին»։

Հրատապության զգացում մշակիր

Բարձր արտադրողականությունը, ըստ Թրեյսիի՝ ևս կարևոր է. «Մի սկսիր ցածրարժեք բաներից, արա ամենակարևորը։ Եթե դու միշտ աշխատում ես նրա վրա, ինչ քո ղեկավարը համարում է ամենակարևորը, նա միշտ քո առաջ դռներ է բացում, հնարավորություններ է ստեղծում ու ավելի է վճարում։ Ուղեղդ սևեռիր՝ քո ժամանակն ամենից արժեքավոր բաների համար գործածելու վրա։ Սա արտադրողականության ամենալավ գործիքն է։ Այսինքն՝ դու իրականացնում ես այն, որն ավելի արժեքավոր է, քան մնացած ամեն ինչը։ Հրատապության զգացում մշակիր. անընդհատ ասում եմ՝ եթե գործ ունես անելու, ապա անմիջապես արա, ոչ թե՝ հետ գցիր»։

Ավելի արտադրողական լինելու համար Թրեյսին առաջարկում է 3 գործիք. «Հարուստներն առավոտյան շատ շուտ են արթնանում, իրենց գործը նախապես պլանավորում են։ Պետք է վաղ արթնանալ, նոն-ստոպ աշխատել, դա նաև ինքնաբավականություն է պարգևում. դու քեզ ավելի լավ ես զգում, բոլորը քեզնով հիանում են, արտադրողականությունդ էլ բարձր է։ Արտադրողականությունը բարձրացնելու 3 գործիք կա՝ անմիջապես գործի անցեք, տքնաջան աշխատեք և գործը հասցրեք ավարտին։ Ավելի արդյունավետ ու արժեքավոր դառնալը բարդ չէ.  սկսեք ամենակարևորից, մի դադարեք դրա վրա աշխատել, մինչև չվերջացնեք, և աշխատանքային ժամերին միայն աշխատեք, մի շեղվեք։ Դրական մոտեցումն ավելի շատ դուռ կբացի ձեզ համար։ Եղեք խանդավառ, դրական, քաղաքավարի ու հաճելի անձ։ Իմ բախտը բերել է՝ մայրս ինձ սովորեցրել էր քաղաքավարի լինել։ Չգիտեմ՝ ես մի՞շտ եմ հաջողակ եղել, թե՞ ոչ, բայց նա ինձ միշտ սովորեցրել է, թե ինչ կարևոր է՝ լինել քաղաքավարի։ Քաղաքավարի լինել, նշանակում է՝ անընդհատ ասել՝ «խնդրեմ», «շնորհակալություն», և ուրիշներին օգտակար լինելու հնարավորություններ փնտրել։ Երբ փնտրում ես ուրիշներին օգտակար լինելու ձևեր, իրենք էլ փորձում են քեզ օգտարակ լինել, դռներ են բացում քեզ համար, օգնում են քեզ՝ ավելի հաջողակ լինել»։

Թրեյսին կարևորում է նաև «դրական ինքնակատարելագործումը». «Ինքդ քեզ հետ դրական ոճով զրուցիր, օրինակ՝ երբ ինչ-որ խնդիրներ ես ունենում, դրական ոճով զրուցելը կլինի այն, երբ ասես՝ ո՞րն է սրա լուծումը, կամ՝ ի՞նչ անել հիմա։ Կարճ ասած՝ անընդհատ ինքդ քեզ հետ դրական կտրվածքով զրուցիր։ Ուրիշների հետ շփվելիս՝ ավելի հաճելի դրսևորիր քեզ, բարի եղիր մյուսների հանդեպ. սա քեզ համար դռներ կբացի։ Երբ բարի գործ եք անում, օգնում եք ինչ-որ մեկին, երբևէ չգիտեք՝ ինչ կլինի դրա արդյունքը»։

Արտաքինը կարևոր է

Նա պատմեց, որ աղքատ ընտանիքից է եղել, վատ է հագնվել, իսկ 25 տարեկանում, երբ ինքն է գնել իր հագուստը, ղեկավարը մի խորհուրդ է տվել. «Նա ասաց, որ մարդիկ քո մասին դատում են՝ նայելով քո արտաքինին։ Եթե դու լավ տեսք ունես, կարծում են, որ ավելի խելացի ու ավելի լավն ես։ Նա ինձ ճիշտ հագնվելու վերաբերյալ դաս տվեց, այնուհետև ինձ տարավ խանութ, որպեսզի կոստյում առնի։ Դա ամենալավ կոստյումն էր, որը ես ունեցել եմ։ Հաճախորդս ևս տպավորվեց, երբ նրան ընդունեցի, քանի որ լավ տեսք ունեի։ Ես դրանից հետո հասկացա, որ մարդիկ տեսական են մտածում, և, երբ առաջին անգամ մեկին տեսնում են, այդ պատկերը տպավորվում է «ենթագիտակցական համակարգչում», այնտեղ դատողություն են կազմում նրա մասին և այդպես էլ մինչև կյանքի վերջ մնում է այդ տպավորությունը։ Կարևոր է լավ արտաքին տեսք ունենալ, որովհետև երբևէ հնարավորություն չեք ունենա փոխել առաջին տպավորությունը։ Մոտ 100 պատճառ կա, որ հաջողակ լինեք, չանեք ծանր աշխատանք և լավ տեսք ունենաք։ Եթե լավ տեսք ունեք աշխատավայրում, ապա ավելի շատ հնարավորություններ են բացվում ձեզ համար, քան այն ժամանակ, երբ վատ եք հագնվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս