«Իմ կյանքը փոխեց մի գաղափար». աշխարհահռչակ Բրայան Թրեյսիի հաջողության բանաձևը
Աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին ժամանել է Հայաստան՝ skill.am հարթակի հատուկ հրավերով World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները՝ Հայաստանում) բացառիկ նախագծի շրջանակում՝ որպես առաջին խոսնակ: Բրայան Թրեյսին հիացած էր Երևանով։ Նա ասաց, որ ամբողջ կյանքում տարբեր գրքեր է կարդացել Հայաստանի մասին, և երջանիկ է, որ վերջապես կարողացավ լինել այստեղ։
Բրայան Թրեյսիի մասին
Բրայան Թրեյսին ծնվել է 1944 թվականին: Կանադական ծագումով ամերիկացին հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ է: Բրայան Թրեյսին ընդգրկված է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի լավագույն 10 ամենապահանջված բիզնես թրեյներների ցանկում: Բ. Թրեյսին խորհրդատվություն է տրամադրել 1000 ընկերությունների ԱՄՆ-ում, Կանադայում ու աշխարհի ավելի քան 70 երկրներում, աշխատում է բազմամիլիարդանոց շրջանառություն ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Coca Cola, Johnson & Johnson, HSBC, Pepsi Co International, IBM, Toyota, Bank of America, Nissan, Zales Corp., Ford, Suzuki, American Express, Ernst & Young։
Բրայան Թրեյսիի սեմինարներին յուրաքանչյուր տարի մասնակցում են ավելի քան 250,000 մարդ աշխարհի տարբեր երկրներից: 30 տարուց ավելի ուսումնասիրություններ է իրականացրել, աշխատություններ է գրել և ելույթներ է ունեցել տնտեսագիտության, բիզնեսի, պատմության, փիլիսոփայության և հոգեբանության ոլորտներում: Նրա 70-ից ավելի գրքերը դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են տասնյակ լեզուներով։ Նա ձայնագրել է ավելի քան 300 աուդիո-վիդեո ուսուցանող ծրագրեր։
«Առաջխաղացման ռազմավարություն»
«Առաջխաղացման ռազմավարություն» հեղինակային սեմինարի ընթացքում Բրայան Թրեյսին սկսեց իր պատմությունից՝ նշելով, որ իր առաջին աշխատանքն աման լվանալն էր, հետո աշխատել է՝ որպես մեքենա լվացող, ապա՝ հատակ լվացող. «Մտածեցի՝ լվանալն իմ ապագան է, ու իմ կինը մեր ամուսնության ամբողջ ընթացքում ինձ լվանալու բաներ է տալիս՝ հատակ, կաթսա, երեխայի տուտուզիկ։ Նա չի ուզում, որ հմտություններս կորցնեմ (ժպտում է.- Ռ.Մ.)։ Վերջապես ես մտա իրացումների գործի մեջ, սովորեցի՝ ինչպես վաճառել, մոտ 6 ամիս դա տևեց։ Ի դեպ, գործդ սովորելը պահանջում է որոշակի ժամանակ։ Հետո դարձա իրացումների մենեջեր, հետո սկսեցի ինքս ինձ հարց տալ, թե ինչու որոշ վաճառականներ, մենեջերներ ավելի հաջողակ են, քան մյուսները։ Հետո ինձ բարձր պաշտոն տվեցին, ու սկսեցի ինձ հարց տալ՝ ինչո՞ւ որոշ բիզնեսմեններ ավելի հաջողակ են, քան մյուսները»։
«Կյանքը փոխելու 4 ձև կա»
Այդ ժամանակ Բրայան Թրեյսին պարզում է՝ եթե ուզում ես կյանքդ փոխվի, ինքդ պետք է փոխես այն. «Հետո պարզեցի, որ կյանքը փոխելու ընդամենը 4 ձև կա։ Առաջին ձևը, որով կարող ես կյանքդ փոխել՝ կարող ես որոշ բաներ ավելի շատ անել, բայց հարց է ծագում՝ ի՞նչը ավելի շատ անես, եթե ուզում ես կյանքդ փոխվի և բարելավվի։ Պատասխանն այն է, որ պետք է ավելի շատ անես այն բաները, որոնք լավագույն արդյունքն են տալիս քեզ համար, որոնք քեզ համար լավ են աշխատում։ Շատերը դրա մասին նույնիսկ չեն էլ մտածում, նրանք մտածում են՝ ժամանակի կեսը կանցկացնեն այն բաներն անելով, որից օգուտ չկա, մյուս կեսը կանեն պիտանի բաներ։ Ամեն մեկն իրեն հասանելիք ժամանակի տերն է։
Երկրորդ ձևը, որով կարող ես կյանքդ փոխել, մնացած բաներից ավելի քիչ ես անում։
Պետք է ավելի քիչ անել այն բաներից, որոնք քեզ համար լավ արդյունք չեն տալիս։ Երրորդ ձևը՝ կարող ես սկսել մի բան, որը լրիվ նոր է ու տարբեր։ Սա հենց առաջընթացի տեղն է. սկսում ես անել մի բան, որը մինչ այդ չէիր անում, բայցևայնպես, սա շատ բարդ է, որովհետև երկու թշնամի կա՝ առաջինը քո հարմարավետության գոտին է։ Մարդիկ հայտնվում են հարմարավետության գոտում ու չեն ցանկանում նոր բան սկսել, անընդհատ հետ են գլորվում այդ գոտում։ Բիզնեսների 80 տոկոսը գտնվում է իր համարավետության գոտում, պարզապես անում են այն, ինչ միշտ արել են։ Չորրորդ ձևը՝ կարող ես առհասարակ ոչինչ չանել»։
Թրեյսիի խոսքով՝ եթե ուզում ես լավ ապրել, պետք է ինքդ քեզ հարց տաս՝ ինչի՞ց ավելի շատ անեմ, ինչի՞ց ավելի քիչ, ի՞նչը սկսեմ անել և ի՞նչը դադարեմ անել։
«25 տարեկան էի, երբ ինչ-որ մեկն ինձ ասաց՝ գիտե՞ս, որ մարդկանց 20 տոկոսն է վաստակում ամբողջ փողերը։ Ասացի, որ չէի լսել։ Ասաց՝ այո, դա ապացուցված վիճակագրություն է։ Ասացի՝ դե որ այդպես է, ես էլ եմ ուզում այդ 20 տոկոսում հայտնվել։ Դա փոխեց իմ կյանքը։ Այդ օրից ի վեր ես ինձ միշտ հարցնում եմ՝ իսկ այդ 20 տոկոսն ի՞նչն է տարբեր անում միջակ մարդկանցից։ Ես նույնն արեցի, ինչ այդ 20 տոկոսն է անում։ Եթե դուք էլ նույնն անեք, կստանաք այն նույն արդյունքները, ինչ նրանք են ստացել։ Դա այդքան էլ դժվար չէ, դրա համար պետք է որոշում ընդունել՝ հայտնվել 20 տոկոսում։ Ես մոտ 30 տարեկան էի, երբ հասկացա, որ շրջադարձային պահը քո կյանքում այն է, երբ դու որոշում ես ընդունում՝ մի բան անել, կամ մի բան դադարել անել։ Մարդիկ կասեն՝ պարզ գաղափար է, պարզ չէ՞, որ մենք կուզենք այդ 20 տոկոսում հայտնվել, բայց շատերն այդ որոշումը չեն ընդունել։ Ասում է՝ հա, ես էլ եմ ուզում ավելի շատ փող վաստակել, լավ ապրել, բայց չի որոշում դա անել։ Հիմա, եթե դու որոշում չընդունես հայտնվել այդ 20 տոկոսում, ավտոմատ ընկնում ես ներքևի 80 տոկոսի մեջ։ Միջինից բարձր լինելու համար պետք է տքնաջան և շատ երկար աշխատել։
Ինչպե՞ս նպատակներ դնել և հասնել դրանց
Աշխարհահռչակ փորձագետը հիշեց, թե ինչպես է մի իմաստուն իրեն ասել, որ հաջողությունը նպատակ է, մնացած ամեն ինչն ածանցյալ է. «Եթե դու նպատակներ չունես, հաջողություն էլ չես ունենա։ Եթե ունես հստակ ձևակերպված նպատակներ, հաջողությունը դրան կհետևի։ Ես մի բան տարիներ առաջ սովորեցի՝ ցանկացած մարդ ունի ենթագիտակցություն, որն ավտոմատ մշակում է ձեր ուղեղում ինֆորմացիան, և ունեք գերգիտակից միտք։ Գերգիտակից միտքը ներգրավում է այն ամենը, ինչ ձեզ պետք է ձեր նպատակներին հասնելու համար, երբ դրանք հստակ են ձևակերպված։ Այնքան, որքան ձեր նպատակները հստակ են, դուք տիեզերքից էներգիա եք գրավում դեպի ձեր կյանք։ Հստակությունն ու կենտրոնացումն անձնական հաջողության համար կարևոր են»։
Նա ընդգծեց՝ կենտրոնացումը հաջողության ամենակարևոր որակն է, առանց դրա՝ չկա հաջողություն. «Կենտրոնանալով՝ կարող եք շատ բաների հասնել։ Դուք միայն մեկ բան պետք է անեք և ավարտին հասցնեք՝ մինչև մյուս բանին անցնելը։ Դա ի հայտ եկավ՝ որպես հաջողության հասնելու ամենամեծ գաղտնիք։ Մարդկանց 80 տոկոսը չի կարողանում դա անել։ Բնակչության կեսն իր ժամանակն անիմաստ է վատնում։ Օրինակ՝ աշխատավայրում խոսում են ընկերների հետ, ժամանակը վատնում են դրա վրա և արդյունքի չեն հասնում, առաջընթաց չի արձանագրվում։ Առավոտյան մարդիկ գնում են աշխատանքի ու չեն աշխատում, ինչ-որ մեկին գտնում՝ խոսում են նրա հետ, հետո՝ մեկ ուրիշի հետ։ Հետո աշխատաժամն ավարտվում է, ու քիչ բան են արած լինում։ Որպեսզի կրկնապատկեք այն ծավալը, որը ստանում եք, պետք է ավելի շատ ջանք ներդնեք։ Պարզ մոտեցում է, բայց բնակչության 80 տոկոսը չի հասկանում, որ չի կարող ավելի շատ վաստակել, եթե չներդնի ավելի մեծ արժեք, չի կարող ավելի շատ գումար ստանալ, մինչև ավելի մեծ արդյունքի չհասնի։ Բարձրացրեք ձեր արտադրողականությունը, ավելի շատ աշխատեք, ոչ թե ընկերների հետ անընդհատ խոսեք»։
«Դուք ամեն օր պետք է արդյունք տաք»
Հետևաբար՝ եկամուտը կրկնապատկելու եղանակներից մեկը, ըստ Թրեյսիի՝ շատ պարզ է՝ աշխատեք ամբողջ ընթացքում, երբ գնում եք աշխատանքի. «Եթե ուզում եք խոսել ընկերների հետ, ապա խոսեք ընդմիջմանը կամ աշխատանքից հետո։ Բայց աշխատանքի ժամին աշխատեք և ժամանակ չեք ունենա ձեր ընկերների հետ խոսելու։ Դուք ամեն օր պետք է արդյունք տաք։ Բոլոր մարդիկ, ովքեր մեծ գումարներ են վաստակում, աշխատում են, իսկ ստորին հատվածում գտնվող մարդիկ մտածում են գումարի մասին, բայց խոսում են իրենց ընկերների հետ։ Նրանք աշխատում են, բայց շատ ցածր որակի բաներ են անում»։
Թրեյսիի դիտարկմամբ՝ մարդ պետք է հստակեցնի, թե ինչ է ցանկանում, ինչի է ուզում հասնել, և կենտրոնանա իր նպատակների վրա. «Ես լավագույն վաճառվող հեղինակն եմ, որ գրում է ժամանակի կառավարման մասին։ 5 գիրք եմ գրել, որոնցից մեկը 10 մլն տպաքանակով է և շարունակում է վաճառվել։ Պարզ ուղերձ ունի գիրքը՝ ընտրեք ամենակարևորը, աշխատեք դրա վրա և մի դադարեք՝ մինչև չավարտեք։ Ամբողջ աշխարհում մարդիկ ասում են՝ դուք փոխեցիք իմ կյանքը, ես ավելի հարստացա՝ հենց այդ մի պարզ գաղափարով»։
Թրեյսիի խոսքով՝ ծուլությունը բացասական հատկանիշ չէ, ուղղակի պետք է կարողանալ ճիշտ օգտագործել այն. «Մարդիկ ծույլ են, նրանք նախընտրում են հեշտ բաներ անել, և օգտագործում են նոր տեխնոլոգիաներ, տարբեր միջոցներ։ Եթե կարող եք գտնել ուղիներ՝ ձեր նպատակներին ավելի էժան գնով հասնելու համար, դուք կարող եք ավելի հարստանալ։ Այսինքն՝ առաջընթացի առումով ծուլությունն առաջին գրավականն է, պետք է այն ճիշտ օգտագործել։ Իսկ դուք պարզապես խուսափում եք աշխատանքում, փորձում եք ուղիներ գտնել, որոնք ավելի հեշտ են, ավելի հաճելի են»։
«Նախագծեք ձեր ապագան ու միշտ ձգտեք դրան»
Նա ընդգծեց՝ մեծ պայքար է ընթանում յուրաքանչյուր մարդու մեջ. «Մարդկանց 80 տոկոսը մտածում է փողի մասին։ Ես երբևէ շատ գումարներ չեմ ունեցել։ Շատ ժամանակ միայն օրական մեկ անգամ էի ուտում, իսկ երբեմն նույնիսկ այդ մեկ անգամը չէի կարողանում որակյալ սնվել։ Ես չեմ սիրում կոտրվել, չունենալ գումար։ Սա ելակետն է՝ ձեր նպատակներին հասնելու համար։ Տեսլականը կատարյալ ապագա կյանքի հստակ պատկերն է։ Պահանջվում է ժամանակ՝ ամիսներ, տարիներ, որպեսզի հստակ տեսլական կազմվի ապագայի վերաբերյալ։ Դուք՝ որպես առաջնորդներ, ունեք տեսլականներ»։
Ապագայի հստակ տեսլական ունենալու կարևորությունը նա փորձեց ապացուցել խոշոր ընկերությունների հետ իր ունեցած աշխատանքի օրինակով. «Ես ունեմ ռազմավարական պլանավորում ընկերությունների համար, և տարիներ առաջ որոշեցի խորհրդատու դառնալ, թե ինչու որոշ ընկերություններ ավելի հաջողակ են, քան մյուսները։ Ես սկսեցի ռազմավարություններ կազմել փոքր ընկերությունների համար, ես ռազմավարություններ եմ կազմել նաև աշխարհի խոշորագույն ընկերությունների համար։ Յուրաքանչյուր ռազմավարություն սկսվում է տեսլականից, ասում ենք՝ պատկերացրեք, որ դուք ունեք մի կախարդական փայտիկ և կարող եք կյանքը կատարյալ դարձնել, ի՞նչ տեսք կունենա այն, եթե կատարյալ լինի։ Մեծ մասը մարդկանց գաղափար չունի։ Հարցնում ես՝ արդյո՞ք կցանկանաք ապրել կատարյալ կյանքով, ասում են՝ այո, խնդրում ես նկարագրել, ասում են՝ մեծ տուն, ճամփորդել, բայց սրանք նպատակներ չեն, ցանկություններ են։ Ես դրանք կոչում եմ «սիգարետային նպատակներ», որովհետև հստակ չեն, ծխի նման անորոշ են։ Նախագծեք ձեր ապագան ու միշտ ձգտեք դրան։ Սա է առաջնորդի որակը, որն ապագային է նայում, ունի տեսլական»։
«Գրի առեք ձեր անելիքները»
Բրայան Թրեյսին մեջբերում արեց Ալբերտ Էյնշտեյնից. «Էյնշտեյնն ասել է, որ ձեր նպատակը պետք է այնքան պարզ և հստակ լինի, որ դուք կարողանաք այն նկարագրել 6 տարեկան աղջկա, ու այդ 6 տարեկան աղջիկը կարողանա դա հասկանալ և բացատրել մեկ այլ 6 տարեկան աղջկա, և հետո նրանք կարողանան ասել՝ դուք հասա՞ք ձեր նպատակին, թե՞ ոչ։ Մարդիկ ասում են՝ ես նպատակներ ունեմ, ասում ես՝ ո՞րն է քո նպատակը, պատասխանում են՝ ես ուզում եմ երջանիկ լինել։ Սա նպատակ չէ։ 6 տարեկան աղջիկը չի կարող չափել, թե որքան երջանիկ եք դուք։ Ի՞նչ է նշանակում՝ հարուստ, դա հստակ չէ։ Որևէ մեկը, բացի ձեզնից, գաղափար չունի, թե ինչ եք ուզում դուք։ Դուք փոփոխում եք ձեր կարծիքը, երբեմն՝ ամեն օր։ Կանխատեսեք ապագան, թե ինչպես այն կտարբերվի այսօրվանից»։
Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ իր կյանքը փոխեց մի գաղափար. «Գրի առեք ձեր անելիքները, եթե գրի եք առնում, դուք խթանում եք ձեր գերգիտակից մտքին, և այն աշխատում է ամբողջ օրվա ընթացքում։ Այդ գիտակցությունը դառնում է գաղափար, և մարդիկ, ռեսուրսներն օգնում են, որ հասնեք ձեր նպատակին»։