Մեքսիկայի հայերը տարբեր ոլորտներում առաջատար մասնագետների թվում են
Երաժիշտներ, հեռուստամեկնաբաններ, կոշիկի, գորգերի արտադրությամբ զբաղվողներ, գիտնականներ. Մեքսիկայում տարբեր ոլորտներում տեղի հայերը առաջատար մասնագետների թվում են: Մեքսիկայի հայ համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին. սկզբնական փուլում Մեքսիկայում հաստատված հայերի մեծ մասը վերապրածներ էին, որոնք ապաստան էին փնտրում:
Նրանց թվում էին նաև ԱՄՆ մեկնել ցանկացող գաղթականները: Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչ, Մեխիկոյի Հիշողության և հանդուրժողականության թանգարանի աշխատակցուհի Սոնյա Առաքելյանի խոսքով, Մեքսիկայում հայերի թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել, սակայն գրեթե միշտ հայերը փոքրաթիվ համայնք են ունեցել: Տեղի հայերի թիվն այսօր էլ 1500-ից չի անցնում:
«Նրանցից շատերը եկել են Թուրքիայի տարբեր մասերից՝ Ադանա, Վան, Կարս, Բիթլիս և այլ շրջաններ: Այդ տարիներին շատերը զբաղվել են կոշիկի արտադրությամբ կամ առևտրով: Իմ մորական կողմից պապիկը՝ Լևոն Բոդոսյանը ևս ունեցել է կոշիկի խանութ, իսկ իմ հորական կողմից պապիկը՝ Քերոփ Առաքելյանը, սկսել է աշխատել որպես ատաղձագործ, շուտով փոխել է իր գործը և իմ հոր հետ հիմնել երկրում խոշոր խաղալիքների խանութներից մեկը՝ «ARA TOY STORES»-ը:
Մեքսիկայում մնացած հայերից շատերը հիմնել են իրենց սեփական գործը: Մեքսիկան իրենց ընդունեց գրկաբաց և սեփական կյանքը դասավորելու հնարավորություն տվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Սոնյա Առաքելյանը:
Ներկայում Մեքսիկայում հայ համայնքը ցրված է: Հայերի հիմնական մասն ապրում է Մեխիկո քաղաքում: Լինելով ցրված համայնք՝ այն չի ունեցել դպրոց, մշակույթի տուն, ազգային որևէ կառույց: Լեզվի պահպանության հիմնական պատասխանատվությունն ընտանիքներինն է: Նրանք, ովքեր խոսում են հայերեն, դա իրենց տատիկների, պապիկների, ծնողների շնորհիվ է: Ամեն դեպքում լեզվի պահպանությունն այսօր համայնքի օրակարգային հարցերից է: Սոնյա Առաքելյանը նկատում է, որ իր սերնդակիցներից շատերը չեն խոսում հայերեն և նրանց մի մասն ամուսնացած է ազգությամբ ոչ հայերի հետ:
Չնայած փոքրաթիվ լինելուն, ինչպես նաև չկազմակերպվածությանն, ամեն դեպքում տարբեր ժամանակներում, տարբեր ոլորտներում հայերն առաջատար մասնագետների թվում են: Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս.Պալույանը և Շ.Քրդիկյանը, ճարտարագետ Ջ.Նշանյանը, Մեխիկոյի Ազգային համալսարանի դասախոսներ` ֆիզիկոս Շ.Հաճյանը, արվեստաբան, պարուհի Ա.Օհանյանը, աստղագետ դոկտոր Պ.Փիշմիշը (Փիշմիշյան), երաժիշտ Պ.Հյուսյանը և այլք: Մեքսիկայի ճանաչված հայերից է գիտնական Խոսե Սարուխանը, ում որդին ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանն է եղել:
Ինչ վերաբերում է այն հայերին, ովքեր Մեքսիկա են եկել անկախությունից հետո, ապա նրանց թիվը մոտ 500 է: Ոմանք դասական երաժշտության մասնագետներ են, ոմանք գիտնականներ են, պրոֆեսորներ, որոնք աշխատում են տարբեր համալսարաններում: Շատերն ունեն սեփական բիզնեսը տարբեր ոլորտում՝ կոշիկի, գորգերի արտադրություն և այլն:
«Հայ համայնքը ֆորմալ առումով կազմակերպված չէ, այդուհանդերձ այս փոքրաթիվ և ցրված համայնքը հպարտ է իր հայկական ծագմամբ: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում նպաստում է այն գործին, որ Մեքսիկան իմանա, թե ովքեր են հայերը և ինչերի միջով են անցել: Հայերին համախմբելու հարցում մեծ դեր է կատարում Մեքսիկայում Հայաստանի դեսպանատունը, որը հիմնվել է 3 տարի առաջ: Այն իրականացրել է տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են հայկական մշակույթի տարածմանը: Դա շատ կարևոր է: Դեսպանատունը խթանում է նաև ուսանողների փոխանակման ծրագիրը: Դիվանագիտական այս կառույցը կարևոր է ոչ միայն Հայաստան-Մեքսիկա մշակութային, տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, այլև այն կապող օղակ է տեղի հայ համայնքի համար»,-ասաց նա:
Սոնյա Առաքելյանը ներկայում աշխատում է Մեխիկոյի Հիշողության և հանդուրժողականության թանգարանում, որը 7 տարի առաջ է բացվել: Այն շատ մեծ թանգարան է՝ ավելի քան 6000 քմ տարածքով: Այսօր այն ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է: Թանգարանի հիմնման նախագիծը ստեղծվել է հրեական համայնքի երկու ներկայացուցիչների նախաձեռնությամբ:
«11 տարի առաջ, երբ այն դեռ կառուցման փուլում էր, ես նրանցից մեկի՝ տնօրեն Շարոն Զագայի կողմից հրավիրվեցի իրենց հետ համագործակցելու: Այս թանգարանն ունի 7 բաժիններ, որոնք պատմում են տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցեղասպանությունների, այդ թվում հայերի ցեղասպանության մասին: Թանգարանի մեկ այլ հատված նվիրված է հանդուրժողականությանը եւ Մեքսիկայում Մարդու իրավունքների խախտումներին: Հայերին նվիրված սրահը փոքր է, սակայն միեւնույն ժամանակ բավական ազդեցիկ, 7 տարի անց ես հպարտ եմ՝ ասելով, որ ավելի քան 2 մլն 800 հազար այցելու ենք ունեցել, այցելուներից շատերը երբեւէ չէին լսել հայերի մասին, այսօր նրանք գիտեն»,-հավելեց նա:
2015 թվականին որոշվեց թանգարանում կազմակերպել ժամանակավոր ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Սոնյա Առաքելյանի խոսքով՝ այն մեծ հաջողություն ունեցավ, մեծ թվով այցելուներ եղան՝ պատգամավորներ, դերասաններ, ակտիվիստներ, գործարարներ, լրագրողներ: Չորս ամիս տևած ցուցահանդեսին 70 հազարից ավելի այցելու է գրանցվել: Ցուցահանդեսը ներկայացվել է նաև ԱՄՆ-ում:
Աննա Գզիրյան