«Հակառակորդը մտել է ՀՀ տարածք, զորամասում սպանել որդուս, բայց ՊՆ-ից դա ներկայացրել են՝ որպես ինքնավնասում». զոհված Մհեր Երզնկյանի հայրը 1,5 տարի անց բացահայտումներ է անում

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ծնողներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին իրենց դժգոհություններն ու պահանջները: 2016թ. ապրիլի 4-ին Արցախում զոհված Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, ասաց, որ այս 1,5 տարվա ընթացքում այնքան խնդիրներ են կուտակվել, որ չգիտի՝ որից սկսել.

«Բայց ինձ համար առաջնային խնդիրն այսօր երկրորդ որդուս ծառայությունն է: Վերջերս ՊՆ-ում անընդհատ օրենդրական փոփոխություններ են լինում, ու ես՝ որպես մայր, շատ մեծ մտավախություն ունեմ, որ հանկարծ չսխալվեն պետական մարմիններն ու իմ դուռը թակեն երկրորդ տղայիս համար: Ես միանշանակ երկրորդ որդի չունեմ բանակին տալու: Ես որդուս ընդհանրապես չեմ ուղարկելու ծառայության, նա այս պահին իմ տան միակ ճրագն է, իմ միակ հույսն է: Նրա եղբայրն առավելն է արել այս երկրի համար, տվել է առավելագույնը՝ իր կյանքը, ու իր եղբորն ազատել է բանակից: Դա ես ասում եմ՝ որպես մայր, բացի այդ՝ գոյություն ունի «Զինապարտության մասին» օրենքը, որտեղ հստակ ասվում է, որ այն քաղաքացին, ում եղբայրը, հայրը, մայրը զոհվել են պատերազմի ընթացքում, երկրորդ տղան միանշանակ ազատվում է բանակից: Ես ուզում եմ հստակ իմանալ, որ գործում է այդ օրենքը: Բանակն իմ մեջ այնպիսի հիասթափություն մտցրեց, որ ես չեմ կարող մյուս որդուս ուղարկել ծառայության: Ունենք ծնողներ, որ անցան այս ամենի միջով, երկրորդ որդուն էլ ուղարկեցին ծառայության, երրորդն էլ ունեն, ու երրորդի համար նորից մտավախություն կա»,- ասաց տիկին Լիլիթը՝ մատնացույց անելով 2016թ. ապրիլի 2-ին Արցախում զոհված Ժորա Եասյանի մորը՝ Մարինե Հակոբյանին, որը ևս ներկա էր ասուլիսին:

«Մեզ ասում են՝ հպարտ եղեք, հերոսների մայրեր եք, բայց մեզ համար դա հպարտություն չէ: Հպարտ կլինեի, որ իմ տղան փառքով-պատվով ծառայեր ու գար տուն: Վերջին 1 տարվա ընթացքում ոչ մի պետական մարմին մեր դուռը չի թակել՝ տեսնի՝ ինչ կարգավիճակում ենք ապրում: Միակ մարդը, որ մեր կողքին է, «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հ/կ նախագահ Մանուշակ Ստեփանյանն է, որը մեր ամբողջ հոգսը վերցրել է իր ուսերին»,- հավելեց Լիլիթ Ավագյանը:

Արցախում զոհված Ժորա Եսայանի մայրը՝ Հակոբյան Մարինեն, պատմեց, որ Ժորան զոհվել է ապրիլի 2-ին, բայց ապրիլի 10-ին նոր Կարմիր խաչի միջնորդությամբ դիերի փոխանակություն է եղել. «Որդուս փակ դագաղով տվել են մեզ, դեմքը չենք տեսել: Ժորայի եղբայրն այդ ընթացքում ծառայության մեջ էր, Քարվաճառում էր ծառայում, իրենց տարբերությունը 1 տարի է: Եղբոր հետ կատարված դեպքի ժամանակ 10 օրով տուն եկավ, ու մենք էլ թույլ չտվեցինք, որ ինքը վերադառնա, մինչև իրեն տեղափոխեցին բնակավայրի մոտ ծառայության՝ Էջմիածին: Բայց երրորդ զավակիս համար արտոնությունները դուրս են եկել, ու բոլորի նման՝ պետք է մասնակցի վիճակահանության ու գնա ծառայության: Ես իմ երեխային ընդհանրապես չեմ տալու: Տարիքը դեռ փոքր է, և ես հիմիկվանից ասում եմ, որ բանակին տղա չունեմ տալու»:

Կարդացեք նաև

Ասուլիսին ներկա մյուս ծնողը ՀՀ տարածքում զոհված Մհեր Երզնկյանի հայրն էր՝ Արամայիս Երզնկյանը: Նա ասաց, որ որդին զոհվել է 2016թ. ապրիլի 6-ին՝ Ճամբարակում. «Իմ որդու զոհվելու հանգամանքը քիչ է լուսաբանվել, դրա համար ես 1,5 տարի անընդհատ պայքարել եմ, որ որդուս անունը բարձր պահեմ, մաքրեմ այն ամենից, ինչ իրեն վերագրում էին: Սկզբից դա ներկայացրին՝ որպես ինքնավնասում, հետո տարբեր փորձաքննությունների արդյունքներին ծանոթանալով՝ եկա եզրահանգման, որ դա այդպես չէ, ու իրենց էլ դա ապացուցեցի: Զոհվելուց մոտ մեկ տարի անց՝ մայիսի մեջ, քննիչի աշխատանքով՝ նրան տրվեց զոհվածի կարգավիճակ»:

Նա պատմեց, թե ինչ հանգամանքներում է զոհվել որդին. «Ինքը զոհվել է զորամասում, այսինքն՝ հակառակորդը մինչև զորամաս թափանցել է: Դա այնպիսի բան է, որ չէին բարձրաձայնում, որովհետև ասում էին՝ ՀՀ շահերից չի բխում: Դե՛, եթե ձեր շահերից չի բխում, որ դուք ներկայացնեիք, թե իմ որդին ինչ հանգամանքներում է զոհվել, ես մոտ 1,5 տարի լռել եմ, որևէ քայլի չեմ դիմել, բա դուք համապատասխան քայլ չե՞ք ուզում իմ հանդեպ անել: Ներկա դրությամբ՝ որդիս որևէ շքանշան չունի, բայց ինքը համարվում է հակառակորդի կողմից զոհված: Նա առավոտյան ժամը 4-ին նկատել է շարժ, նկատել է, որ զորամաս են թափանցում, ու այդպես… Նա ժամապահ է կարգված եղել սննդի պահեստում, տեսնելով շարժը՝ զեկուցել է հերթապահին, ասել են՝ դիմացիր, մենք հես ա կհասնենք, ու հերթապահը լսել է, որ Մհերս բարձրաձայն գոռում է՝ կանգնիր-կանգնիր, ու այդ պահին կրակոցներ են  հնչել: Միայն ինքն է զոհվել, որովհետև այդ ընթացքում ինքը միայնակ է եղել: Հետո մյուս պահակակետի զինվորներն են շարժ նկատել, հնչել են կրակոցներ: Այս փաստն ապացուցեց, որ որդիս հակառակորդի կողմից է զոհված»:

Ներկա ծնողներն ասացին, որ պետության կողմից յուրաքանչյուր ընտանիք ստանում է ամսական ընդամենը 30 հազար դրամ: Բացի այդ՝ նրանց վրդովեցնում է այն, որ զոհվածներին դասակարգում են. «Եթե զինվորը հակառակորդի կողմից է զոհվել, ո՞նց կարելի է նրանց դասակարգել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս