Ռուսները մերոնցից անկեղծ դուրս եկան
Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները վերլուծվում են բացառապես զենքի վաճառքի ու գազի մատակարարման գնի թեմաներով: Ադրբեջանին զենք վաճառելու փաստը հանդգնում են քննադատել անգամ հանրապետականները: Նույնիսկ նրանց համար է «անհասկանալի» մեր ռազմաքաղաքական հիմնական գործընկեր ներկայացող ու ներկայացվող երկրի վարքը:
Այնքան անհասկանալի, որ մեր հանրապետական պատգամավորներից ոչ ոք չկարողացավ տրամաբանական որևէ հիմնավորում գտնել Ադրբեջանին զենք վաճառելու փաստը բացատրելու համար: Փոխարենը՝ նրանք մշտապես դրվատանքով փառաբանում են Ռուսաստանին ու, մասնավորապես, «Գազպրոմին»՝ մատակարարվող գազի գնի համար: Փառաբանում են՝ առանց հաշվի առնելու մյուս երկրներին ռուսական գազի մատակարարման գները:
Ռուսական գազն ու դրա սակագինը յուրօրինակ «երկնային մանանա» ընկալող պատգամավորները խորհրդարանական ամբիոնից խոսում են` կոկորդ պատռելով: Նրանցից ոմանք, խորհրդարանի տեսախցիկներ չունեցող միջանցքներում, նույնիսկ ձեռնամարտի են նետվում ռուսական գազի սակագնի մասին կասկած հայտնողների դեմ: Մինչդեռ հենց «Գազպրոմը» չի թաքցնում, որ անցած տարի իր արտահանած գազի 1 հազար խմ-ի միջին արժեքը կազմել է 157,4 դոլար: Այսինքն՝ Հայաստանին գազ վաճառվում է ընդամենը 7,4 դոլար պակաս գնով: Մեր իշխանություններն ու նրանց մաս կազմող պատգամավորները կամ անտեղյակ են այս փաստից, կամ տարիներ շարունակ մեզանից խնամքով թաքցնում են այս փաստը:
Թաքցնում են` ի տարբերություն ՌԴ իշխանությունների և «Գազպրոմի» ղեկավարության: Այս առումով ռուսական կողմն ավելի ազնիվ է մեր հանդեպ: Տեսեք, Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հավաքից առաջ Պարսկաստանի ներկայացուցիչները կրկին ու որերորդ անգամ հայտարարեցին, որ պատրաստ են մեր երկիր գազ արտահանել ռուսականից ավելի ցածր գնով: Մեր իշխանությունները կրկին ու որերորդ անգամ ձևացրեցին, որ չեն լսում այս հայտարարությունները: Փոխարենը՝ գազի մատակարարման սակագնի մասին բաց տեքստով խոսեցին ՌԴ վարչապետն ու «Գազպրոմի» ղեկավարը:
Երկուսն էլ հայաստանցիներիցս չթաքցրեցին, թե ինչ պայմանավորվածություններ ունեն մեր իշխանավորների հետ: Այս առումով նրանց խոսքը բացահայտում էր: Նախ՝ ՌԴ վարչապետը հայտարարեց, որ եկեղ տարվա համար գազի մատակարարման սակագինը կմնա նույնը (իմա` 150 դոլար հազար խմ-ի դիմաց): Հայտարարեց ու ավելացրեց, «Ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին»: Սրանից կարելի էր ենթադրել, որ նրանք մեր իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեին գազի գինն ավելացնելու մասին:
Հատկապես, որ Մեդվեդևն իր խոսքն ավարտել էր այսպես. «Կարծում եմ՝ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացմանը»: Փաստորեն, մեր ղեկավարությունը թաքցրել էր այն փաստը, որ ռուսական կողմն իր մատակարարած գազի դիմաց ավելի մեծ գումար է պահանջել, և, որ 150 դոլարը ժամանակավոր չափանիշ էր: Բոլորովին այլ հմայք ուներ «Գազպրոմի» ղեկավարի խոսքը: Խորհրդային տարիներից կիսատ մնացած Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտին հասցնելու համար մեր երկիրը տարիներ շարունակ վարկեր է վերցրել ու շարունակել շինարարությունը:
Հետո վարկ է վերցրել ու կոնսերվացրել այդ նույն 5-րդ բլոկը: Հետո նորից վարկ է վերցրել, ավարտել շինարարությունը ու կառավարման հանձնել ռուսական կողմին՝ բոլորիս վստահեցնելով, որ դա արվում է երկրի էներգահամակարգի կայունության համար:
Հիմա պարոն Միլլերն ասում է՝ ««Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հզորությունը հենց նախատեսված է փոխանակման սխեմայով աշխատելու համար` իրանական գազը՝ հայկական էլեկտրաէներգիայի դիմաց»: Ասվածին ավելացնենք նաև այն, որ Երևանի ՋԷԿ-ը նորոգումից առաջ աշխատում էր նույն փոխանակման սկզբունքով ու նորոգումից հետո էլ նույն նպատակով է շահագործվելու: Փաստորեն, տարիներ շարունակ մեր էներգահամակարգն իրականում կառավարվում է ռուսական ընկերության կողմից, ու հիմքում հենց այդ ընկերության շահերն են:
Ռուս գործիչների հայտարարությունից հետո պարզ է դառնում, թե ինչու տարիներ շարունակ չենք կարողանում իրանական գազ ներմուծել մեր պահանջարկի չափով: Միանգամից պարզ է դառնում, թե ինչու մեր քաղաքական գործիչների ու նրանց «համախոհ» փորձագետների կողմից սրերով ընդունվեցին էներգետիկայի ոլորտում ամերիկյան ներդրումների պատրաստակամության մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունները:
Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ էներգետիկայի ոլորտում մեր ղեկավարությունը որոշումներն ընդունում է ոչ թե՝ երկրի տնտեսական շահերից ելնելով, այլ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահերից: Մինչդեռ անգամ ընկերության անունից է պարզ, թե առաջնային ում շահն է դիտարկվում` «Գազպրոմ»-ն Արմենիայից առաջ է դրված: Այս իմաստով ռուսական կողմը մեր հանդեպ մերոնցից ավելի անկեղծ է: