Կրակե՞լ, թե՞ բանակցել. Ժամանակն է՝ կողմնորոշվել

Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 24-ին հանդես է եկել դասախոսությամբ, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր թեմաների, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Այս համատեքստում կարևոր է առանձնացնել մի քանի էական շեշտադրում՝ կապված թե՛ Արցախի բնակչության անվտանգության, թե՛ բանակցային գործընթացի ու այդ գործընթացում հայկական կողմերի դիրքորոշման հետ:

Խոսելով խնդրի խաղաղ կարգավորման մասին, նախագահը շեշտել է, որ այն պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ՝ հավելելով, որ Արցախի քաղաքացիական բնակչությանն Ադրբեջանի կրակից պաշտպանելու խնդիրը հիմնականում արդեն լուծված է: Ինչ վերաբերում է բանակցություններին զուգակցվող սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում սահմանի երկու կողմում էլ գրանցվում են զոհեր, ապա Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հայկական կողմերի այն համոզմունքը, որ հնարավոր չէ հակամարտությունը լուծել՝ մի ձեռքով՝ կրակելով, իսկ մյուսով էլ՝ բանակցելով: «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- ասել է նախագահը:

Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում կողմերը համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, ինչպես նաև՝ հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Սակայն, ինչպես փորձն է ցույց է տվել, Ալիևն այդքան էլ վստահելի գործընկեր չէ։ Ձեռք բերված պայմանավորվածություններից ընդամենը երկու օր անց ադրբեջանական կողմը խախտեց և մինչ օրս շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ կիրառելով անգամ հրթիռներ: Իսկ սա այն ձեռագիրն է, որին արդեն տարիներ շարունակ ականատես ենք լինում. պայմանավորվածությունների ձեռքբերում, այնուհետև՝ Ադրբեջանի կողմից դրանցից հրաժարում և իրավիճակի սրում:

Ավելին՝ սեփական ապակառուցողական կեցվածքը կոծկելու, ուշադրությունը շեղելու համար ադրբեջանական կողմը Ժնևի հանդիպումից հետո հանդգնեց մեղադրել ՀՀ նախագահին պայմանավորվածություններ խախտելու մեջ: Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ հայտարարեցին, թե ՀՀ նախագահը Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ալիևի հետ ունեցած զրույցից մանրամասներ, որոնք, սակայն, երկու նախագահները պայմանավորվել էին պահել փակ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ունեցած դասախոսության ժամանակ ՀՀ նախագահն այս հարցին ևս անդրադարձավ՝ նշելով, որ Շվեյցարիայում հայ համայնքին ներկայացրել է հայկական կողմերի մոտեցումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, մոտեցում, որն արդեն 25 տարի հնչում է: Ավելին, նախագահ Սարգսյանն ակնարկեց, որ նման խոսակցությունները փաստում են այն մասին, որ Ալիևն է պայմանավորվածություն խախտել:

«Խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և, եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպե՞ս են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել»,- ասել է Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության էությանը, ինչը բավական կարևոր է միջազգային ընկալումների տեսանկյունից: Բոլոր նրանց համար, ովքեր համեմատաբար խորքային գիտելիքներ ունեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, առավել քան ակնհայտ է, որ այս հակամարտությունն էթնիկ և կրոնական բնույթ չի կրում, այլ խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հետ է կապված: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը թշնամի է համարում ողջ աշխարհասփյուռ հայությանը՝ ՀՀ նախագահի կողմից ևս մեկ անգամ հայտարարվեց, որ մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի կամ մահմեդականության հետ:

«Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ, առավել ևս, մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել»,- ասել է նախագահն իր դասախոսության մեջ:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմերի մոտեցմանը, նախագահը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը կխաթարի Արցախի անվտանգությունը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանից դուրս, իսկ այն հայտարարությունները, որտեղ նշվում է, որ պետք է թուլանա լարվածությունը, չի նշանակում, որ Արցախի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ նախագահի շեշտադրումները ևս մեկ անգամ հստակեցրին հայկական կողմի բավական տրամաբանական մոտեցումը՝ հնարավոր չէ որևէ բանակցային առաջընթաց, քանի դեռ լիարժեքորեն չի պահպանվում հրադադարի ռեժիմը: Հնարավոր չէ խոսել երկարաժամկետ խաղաղության և կայունության մասին, ակնկալել զիջումներ դիմացի կողմերից` միևնույն ժամանակ՝ սպառնալ, սպանել, ստել և կեղծել իրականությունը: Իսկ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերանան Ադրբեջանում հայատյացության ու ռասիզմի դրսևորումները, երբ կողմերի միջև ձևավորվի վստահության մթնոլորտ, իսկ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չխախտվի:

ԳՐԵՏԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս