Բաժիններ՝

«Հարկային եկամուտների թերհավաքագրումներ չունենք, կա ստվերի կրճատում». Վախթանգ Միրումյան

Այս տարվա 9 ամիսների տվյալներով հարկային հավաքագրումների գծով գրանցվել է 9.4% աճ, որը կազմում է շուրջ 74 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Ըստ նրա` հավաքագրված եկամուտներն ավելին են, քան տնտեսական աճի հնարավոր պոտենցիալը: Մինչև տարեվերջ, Վ.Միրումյանի խոսքով, ոչ միայն բյուջեով նախատեսված հարկային եկամուտների մեծությունն է ապահովվելու, այլև լրացուցիչ վարչարարական ջանքերի հաշվին ավելի շատ է կանխատեսվում, քան բյուջեով ամրագրված մեծությունը:

168.am-ի հարցին, թե՝ կարո՞ղ ենք խոսել ստվերի կրճատման մասին, Վ.Միրումյանը պատասխանեց. «Իհա՛րկե կարող ենք: Կարծում եմ՝ թվերով ավելի կոնկրետ կարող ենք խոսել տարեվերջին, երբ արդեն ակնհայտ կլինեն տնտեսական այլ ցուցանիշները: Կարծում եմ, որ եկամուտների 3 բաղադրիչներից էական մաս է կազմում այն բաղադրիչը, որն ապահովվել է ստվերի հաշվին»:

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ տարվա արդյունքներով բյուջեում նախատեսված է 1 տրլն 135 մլրդ դրամ հարկային եկամուտներ, սակայն փաստացի այդ ցուցանիշը կգերազանցվի: Ընդ որում, նա ուշադրություն հրավիրեց, որ դա առանց ԱԱՀ վերադարձի է, այսինքն` ԱԱՀ վերադարձի գումարներն արդեն հանված են այդ ցուցանիշից, հակառակ դեպքում` շատ ավելի մեծ ցուցանիշ կլիներ:

Վ.Միրումյանը բացառեց հարկային ճնշումները. «Բոլոր, անգամ ռիսկային տնտեսվարողներին նախապես ծանուցումներ ենք ուղարկում, և միայն վարքագծի փոփոխություն չնկատելու դեպքում՝ իրականացվում են գործողությունները»:

Վ.Միրումյանը չհամաձայնեց տեսակետին, որ կարագի և մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նպատակ է հետապնդում հարկերի հավաքագրման խնդիրը լուծել: Նրա խոսքով` այդ ապրանքների մասնաբաժինը հարկային մուտքերի առումով փոքր է, և բյուջեն հավաքագրելու առումով նման քայլ չէր կարող տեղի ունենալ. «Դա հիմնականում արտաքին շուկաներում փոփոխությունների արդյունք է»: Թե ինչո՞ւ կարագի, բանանի, շաքարավազի շուկաների ազատականացումը չի բերել գների անկման, այլ թանկացում է գրանցվել, Վ.Միրումյանը պատասխանեց, որ գների անկում կլիներ մնացած հավասար պայմանների դեպքում, բայց երբ միջազգային շուկաներում տեղի է ունենում գների բարձրացում, ցանկացած մրցակցային միջավայր չի կարող ետ մղել այդ ազդեցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս