«Մենք պետք է այս երկրին հակադարձենք մեր իրական երկիրը». «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը փորձում է «արթնացնել» մտավորականությանը
«Լռելն այլևս աններելի է, հապաղելը՝ կործանարար, համակերպվելը՝ դավաճանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը՝ ներկայացնելով «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը:
Նրա խոսքով՝ համընդհանուր պատերազմական մթնոլորտում աններելի է մեր իշխանությունների՝ «քիթ քչփորելուն» համարժեք գործունեությունը. «Շատ կարևոր է, որ մենք այսօր վերագտնենք մեր ճշմարիտ ինքնությունը, փորձենք համահայկական դաշտում միավորել մեր ուժը ու փորձենք ի վերջո կայացնել այն վերնախավը, որի բացակայությունն այսօր աններելի հուսահատության է մատնել մեր ժողովրդին: «Հոգևոր Հայաստանը»՝ որպես զանգակատուն, անընդհատ պետք է ահազանգի և փորձի այն երկրի հոգևոր նկարագրի թելադրանքով խոսել այսօրվա իրողությունների հետ, որ ուզում ենք վաղը կայացնել: Մենք չենք կարող չնչին խնդիրներով ապրել, մեզ պետք են գերխնդիրներ, ու մենք՝ «Հոգևոր Հայաստանի» անունից, պարտավոր ենք պարբերաբար այդ գերխնդիրների իրականացման դաշտում մեր ձեռքը դնել զարկերակի վրա»:
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանն էլ ասաց, որ իրենք փորձում են կայացնել այն մտավորական շերտը, որը տեր կկանգնի թե՛ ժողովրդին, թե՛ երկրին. «Մենք այլ դերի չենք հավակնում՝ բացի կազմակերպչական և զանգակատունը հնչեցնելու ֆունկցիայից: Մենք հնչեցնում ենք զանգերը, որ մենք պարտավորություն և պատասխանատվություն ունենք մեր ժողովրդի, ազգի, պետության առաջ, որպեսզի ոտքի տակ չգնանք, մանավանդ, որ շուրջբոլորը կաթսան եռում է, ու եթե մենք այսպես անկազմակերպ մնանք, մեր վաղը շատ անկանխատեսելի կլինի»:
Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն էլ էր կոչով հանդես եկել՝ մոբիլիզացնելու ընդդիմադիր դաշտը: Նա անվանական դիմել էր քաղաքական և հասարակական գործիչներին՝ հորդորելով համախմբվել, որոնց մեջ էր նաև Եղիշե Պետրոսյանը:
168.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունեն այդ երկու նախաձեռնություններն իրար հետ, և ի՞նչ փուլում է ընդդիմության մոբիլիզացիայի գործընթացը: Ի պատասխան՝ Ե. Պետրոսյանն ասաց. «Կապ ունի այնքանով, որ երևի կարմիր թելով խնդիրները նույնն են արծարծվում՝ երկրի ինքնիշխանության հարցն է, անտերության մատնվածության հարցն է, անպաշտպանվածության հարցն է: Հարցերը նույնն են, նախաձեռնություններն են տարբեր: «Հոգևոր Հայաստանով», արդեն մեկ տարի է, մեր թիրախը մտավորականությունն է, որոնց փորձում ենք արթնացնել ու պարտադրել, որ իրենք պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Ինչ վերաբերում է Ժիրայրի կոչին, այո, ես այնտեղ եմ, ես նախաձեռնող խմբի մեջ եմ, ու մենք, կարելի է ասել, վերջացրինք հռչակագիրը ու մոտ ժամանակներս կհրապարակենք ու կներկայացնենք նաև ճանապարհային քարտեզը»:
Խ. Չալիկյանն ասաց, որ իրենց խնդիրը միայն հոգևոր դաշտը համախմբելը չէ. «Մենք պետք է այս երկրին հակադարձենք մեր իրական երկիրը: Այդ առումով մենք պետք է մեր ժողովրդին համախմբենք:
Ե. Պետրոսյանի խոսքով էլ՝ այս հուսահատ վիճակում գտնվող ժողովրդին պետք է փոխանցել հույս, որ հնարավոր է ինչ-որ մի բան փոխել այս երկրում, ու կա այդ ներուժը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: