«Մեծ տարբերություն չկա 2013թ. և 2017թ. ՀՀ-ԵՄ համաձայնագրերի սկզբունքների մեջ». Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ որևէ համաձայնագիր չի կարող ՀՀ տնտեսության վրա ազդեցություն ունենալ, եթե չկա իշխանությունների ցանկությունը։ Այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչը․ նոր հնարավորություններ ու խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ նա հույս հայտնեց, որ այս փաստաթուղթը գոնե իրականություն կդառնա։
«Եվրոպացիները հենց այնպես չեն գալու, ասեն՝ սա 90-ականների սկիզբն է, եկեք՝ հետսովետական երկրներին աջակցենք, տնտեսական վիճակը վատ է։ Իրենք շատ լավ գիտեն՝ մեզ մոտ ինչ կոռուպցիոն ռիսկեր կան, թե իշխանություններն ինչ ձևով են կարողանում խոստումներ տալ ու հետո չիրականացնել, այսինքն՝ փորձ կա, և այդ փորձը հիմա իրականություն կդառնա։ Ես հույս ունեմ, որ եվրոպացի պաշտոնյաները հետևողական կլինեն այս փաստաթղթի իրականացման գործում»,- ասաց տնտեսագետը։
Խաչատրյանն ընդգծեց՝ դրսի մասնագետների գնահատականներով՝ մեծ տարբերություն չկա 2013թ. և 2017թ. ՀՀ-ԵՄ համաձայնագրերի սկզբունքների մեջ. «Չէր էլ կարող լինել, որովհետև, ի վերջո, նպատակը մեկն է, ուղղակի մեկ հարց կա, և պետք է տեսնենք, թե ինչպես է այդ հարցը լուծվելու․ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵՏՄ համատեղելիության հարցը։ Ինչպես էլ անենք՝ իրական կյանքում հակասություն է լինելու, և ինձ համար դեռևս պարզ չէ, թե դա ինչպես է իրականացվելու։ Հարցի լուծումը ՀՀ-ն իր վրայից «գցեց», քանի որ պայմանավորվածության համաձայն՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) հետ բանակցությունները պետք է ԵՏՄ-ն վարի։ Հիմա թե ինչպես է այդ գործընթացը գնում, այդ բանակցությունները վարվո՞ւմ են, թե՞ ոչ, այդ բանակցությունների ժամանակ ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, մենք տեղյակ չենք։ Կարծում եմ՝ ԵՄ-ն էլ հաշվի է առել այս հանգամանքը, որ բոլոր դեպքերում չլուծված հարցեր կան ԱՀԿ-ի հետ, և, եթե այդ հարցերը լուծում ստանան, դա կբավարարի նաև ԵՄ-ին»։
Տնտեսագետը կարծում է, որ համաձայնագրի ֆինանսատնտեսական բաղադրիչը հետաքրքիր ձևով է ներկայացված. «Ասվում է, որ ընդհանուր քննարկումների արդյունքում դա պետք է լուծվի, նույն ֆինանսական հարցում ինչ-որ միջամտություն կլինի, ԿԲ-ի անկախության մասին է խոսվում, թեպետ մեզ մոտ մինչև օրս ԿԲ-ի անկախության հետ կապված խնդիր չկա։ Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները բարեխղճություն ցուցաբերեն այն իրականացնելու համար, այս փաստաթուղթը մեզ համար օգտակար է։ Սա այն տարբերակն է, որ հնարավորություն է տալիս «և-և» տարբերակն օգտագործել»։
Նրա խոսքով՝ տեխնիկական հարցերը ԵՄ-ում մի փոքր բարդ են լուծվում, և կարևոր է, թե ինչքանով ամեն ԵՄ երկիր խնդիրներ կունենա՝ ՀՀ-ի հետ կապված. «Հնարավոր է, որ, օրինակ՝ Էստոնիան յուրահատուկ հարցադրում անի՝ մեր ատոմակայանի հետ կապված։ Կամ ուրիշ մի երկիր հայտնվի ու նման հարցադրում անի։ Մինչև հիմա ներկայացված փաստաթղթից պարզ է, որ երկկողմանի համաձայնություն ստացել են, հատկապես՝ ՀՀ-ի կողմից»։
Տնտեսագետը հավելեց. «Այն փաստը, որ մենք ԵՄ-ի հետ նման փաստաթուղթ ենք ստորագրելու, երևացող լույսն է, մնացածն ինձ քիչ է հետաքրքրում»։