«Տնտեսական աճ գրանցելու միակ ուղին կրթված հասարակություն ունենալն է». Աշոտ Խուրշուդյան
«Հոդված 3» ակումբում այսօր կազմակերպված «Հանրակրթության ֆինանսավորումը» թեմայով քննարկման ժամանակ միջազգային զարգացման, հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի անկախ հետազոտող, խորհրդատու Արտակ Քյուրումյանը, մեջբերելով Կրթության մասին օրենքի 46-րդ հոդվածը՝ ասաց, որ կրթության ծախսերի տեսակարար կշիռը նվազել է. «2016թ. այն 9 տոկոսից ցածր է այն դեպքում, երբ դրանից առաջ 15 տոկոս էր։ Այն կարող է իջնել մինչև 6 տոկոսի, հետևաբար՝ օրենքի պահանջը չի կատարվում։ Ամռանը ԿԳՆ-ն հանդես եկավ նոր առաջարկությամբ, որտեղ ավելացվել էր մի նոր տարր՝ հաշվի էր առնվելու դասարան-կոմպլեկտավորումները, ինչից, չեմ կարծում, որ ֆինանսավորումը կավելանա»։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ ողբերգական սխալն այն է, որ բյուջեի ծախսերը կրճատվում են՝ հաշվի առնելով դեմոգրաֆիական նվազումը. «Տնտեսական աճ գրանցելու միակ ուղին կրթված հասարակություն ունենալն է։ Ինչքան քիչ ենք ֆինանսավորում կրթությունը, այնքան ձգտում ենք դեպի բանվորական հասարակություն։ Եթե մեր քանակը քչանում է, բայց մենք ուզում ենք շատ արտադրել, պետք է դառնանք ավելի խելացի, այսինքն՝ ավելի շատ ծախսենք մեկ միավոր մարդու վրա, քան մինչ այդ էինք ծախսում»։
Նա հավելեց, որ Երևանի բոլոր դպրոցների բանկային մնացորդը կազմում է 1.5 միլիարդ դրամ։
Խուրշուդյանի խոսքով՝ ըստ աշակերտի ֆինանսավորումը կրթությունը դիտարկում է՝ որպես ապրանք. «Ասում են` դա լիբերալ մոդել է, իսկ այդ մոդելը մի կարևոր հիմնասյուն ունի՝ սեփականության իրավունք, իսկ կրթության ոլորտը չպետք է շահ հետապնդի։ Եթե դու որպես բիզնես ես մոտենում կրթությանը, ապա այն պետք է ինքնակարգավորվող լինի։ Հայաստանում այդպես չէ, դպրոցին ոչ մի ինքնուրույնություն չի տրվել»։
Նրա խոսքով՝ չի արվել նաև կրթական ծրագրերի մասով ինքնակարգավորումը. «Ըստ ծրագրի՝ ուսուցիչը ինքնուրույն պետք է պլան կազմի՝ ելնելով ուղեցույցից։ Բայց դասագիրքն ավտոմատ դարձավ դասավանդման պլան։ Ուսուցիչներ կան, որ հաճույքով զրկվեցին պլանավորման իրավունքից։ Ռեֆորմի իրականացումը շատ թերացավ։ Հայաստանում խայտառակ բարձր է արտադասարանական կրթությունը, իսկ իդեալականն այն է, որ դպրոցից դուրս աշակերտը բան չունենա անելու։
Եթե կրթական պրոցեսը դպրոցից դուրս է բերվում, ապա դպրոցը կապ չունի այդ կրթության հետ, այլ գործոններ են ազդում։ Դասաժամի 30 տոկոսը գնում է տնային հանձնարարությունը բացատրելու վրա։ Մյուս խնդիրը կրկնուսույցի խնդիրն է։ Ընդունելության քննությունները նպաստում են կրկնուսույցի ինստիտուտին, որը փորձեցին տեղափոխել ավագ դպրոց։ Այսինքն՝ որակական փոփոխությունների կարիք կա, շատ բաներ պետք է արվեր, որ աշակերտի ֆինանսավորումն աշխատեր»։