«Մասնավոր կյանքի իրավունքը պարտադրում է՝ այլ անձի վերաբերյալ ինֆորմացիա չտրամադրել». Կարեն Կարապետյան
Այսօր տեղի ունեցավ Գյումրու Ռուսթավելի փողոցի բացումը:
Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են Ռուսթավելի փողոցում ներդրումներ կատարել, «Կումայրի» արգելոցի տարածքում, բացի «Ջրահարս» ռեստորանից, կա՞ն այլ օբյեկտներ, որոնք վարչապետը գնել է կամ կցանկանար գնել:
– Դեռ այդ մեկն է: Մասնավոր կայնքի իրավունքը պարտադրում է, որ որևէ մեկն այլ անձի վերաբերյալ ինֆորմացիա չտրամադրի: Քարտեզն արդեն կա, թե փողոցն ինչ զոնաների պետք է բաժանված լինի: «Կումայրի» ֆոնդը խորհուրդ է տալիս՝ այստեղ այսինչը կազմակերպեք, այստեղ՝ հյուրանոց, և այլն: Ժամկետները մեր կողմից երկարաձգվեցին, բայց ֆունդամենտալ ենք կառուցում,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հարցին՝ շարունակելո՞ւ եք պաշտոնավարել ՀՀ վարչապետի պաշտոնում, Կ. Կարապետյանը պատասխանեց.
«Ինչքա՞ն կարելի է այդ հարցին պատասխանել, արդեն պատասխանել եմ»:
Անդրադարձ կատարվեց նաև Գյումրու անալիտիկ սարքերի գործարանի արդիականացման անհրաժեշտությանը:
Վարչապետի հետ միասին այսօր Գյումրի էին եկել բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, ով Ռուսթավելի փողոցի բացումից հետո փողոցում շրջելու ընթացքում, անդրադառնալով Ռուսթավելի փողոցին՝ ասաց.
– Մարդ հաճույք է ստանում, շնչում է թեթև, խորը: Բերկրանք ենք ապրում, որ Գյումրին այսպիսի վիճակում է գտնվում: Չնայած Հայաստանը շատ հարուստ չէ, բայց կարծում եմ՝ նմանատիպ փողոցներ ունենալու համար ֆինանսական միջոցների հարցը լուծված է: Ծրագրի արդյունքները մոտ 3 տարի հետո կերևան:
Ապա նկատելով Ռուսթավելի փողոցում ցուցադրվող Գյումրու պատմամշակութային, կենցաղային ցուցանմուշները, Դավիթ Լոքյանը նշեց. «Նման ափսեներ տեսել եմ Թաիլանդում: Դրանց բոլորը 100, 200, 500 հոգի էին նստած»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձ կատարեց Շիրազի փողոցի հիմնանորոգմանը:
– Վարչապետն ասում է՝ կարմիր ասֆալտով անենք: Գեղեցիկ բան է լինելու: Մայթն ենք լայնացնելու, որպեսզի կարողանանք կահավորել: Ամենակարևորը՝ մալուխներն ենք իջեցնելու ներքև: Կոմունիկացիաների հետ կապված, եթե խնդիրներ եղան, փորելու ենք: Մի քիչ գյումրեցիներին կանհանգստացնենք, բայց 1-2 տարի հետո կունենանք «Կումայրի» պատմական կենտրոն, որը կլինի տուրիզմի զարգացման կենտրոն: Վարչապետի հետ «Կումայրիի» պատմական միջուկի հարցն ենք քննարկել: Շիրազի փողոցը և դրան կապող փողոցները՝ Վարպետաց, Ռուսթավելի, Ջիվանի, Ղորղանյան: Բոլորն էլ միջանկյալ նրբանցքներ են, վերականգնվելու են: Ես առաջարկել եմ, որ մեկ փողոց դեպի հյուսիս գնա՝ Ձոր թաղ: Զարմանալի է նույնիսկ, թող գործարքը կատարվի, վերջանա, նոր կտեսնեք՝ ամեն տեղ շինարարություն կլինի: Հիմնադրամն էլ շատ ակտիվ աշխատում է: Բացի այդ, ես առաջարկել եմ՝ Մշակույթի և սպորտի նախարարությունը, Ֆիզկուլտ ինստիտուտը տեղափոխել Գյումրի,- ասաց Ս.Բալասանյանը:
Քաղաքապետը հավելեց, որ ուզում են 2019 թվականի հոկտեմբերին լրիվ ավարտել ծրագիրը, քանի որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհն էլ է շահագործվելու:
Անահիտ Սիմոնյան