Ումից և ինչից է կախված էլեկտրամոբիլների ներմուծման ազատումը հարկերից և տուրքերից
ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ էլեկտրամեքենաների հետ կապված, լուսաբանեցին գրեթե բոլոր ԶԼՄ-ները։ Նշենք, սակայն, որ լուսաբանել ասվածն այս դեպքում խիստ հարաբերական է, քանի որ գրեթե բոլորը պարզապես վերահրապարակեցին պաշտոնական մամուլի հաղորդագրությունը։
«Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սակայն որոշ լրատվամիջոցներ ժամանակից առաջ ընկան՝ վարչապետի ցանկությունը ներկայացնելով՝ որպես իրականություն, և, ըստ էության, սխալ տեղեկություն փոխանցելով ընթերցողին։ «Էլեկտրամեքենաների ներմուծումը Հայաստանում ազատվում է հարկերից, տուրքերից ու գույքահարկից»: Այս վերնագիրը կարելի էր հաճախ հանդիպել լրահոսում և սոցիալական ցանցերում։
Իրականում դա ճիշտ չէ՝ էլեկտրամեքենաների ներմուծումը հարկերից ու տուրքերից չի ազատվում։ Վարչապետն ընդամենը հանձնարարել է ուսումնասիրել այդ քայլի հնարավորությունը։
Այսինքն, դեռ պետք է հասկանալ՝ այդ նախաձեռնությունը որքանո՞վ է համապատասխանում ոչ միայն մեր, այլև ԵԱՏՄ-ի «խաղի կանոններին», և որքանո՞վ է այն իրագործելի։
Սկսենք ԱԱՀ-ից։ ԱԱՀ-ի հարցում կառավարության «ձեռքերն ազատ» են։ Այո, մեծ հաշվով ներմուծվող էլեկտրամոբիլների ԱԱՀ-ն զրոյացնելը կարող է քննարկվել ԵԱՏՄ-ի գործընկերների հետ, սակայն, եթե կառավարությունն այդ հարցում վճռական է տրամադրված, ապա ոչինչ խանգարել չի կարող։ Միակ խանգարող հանգամանքը ֆինանսական կորուստն է։ Էլեկտրամոբիլները բավականին թանկ արժեն, և դրանց ԱԱՀ-ն (մաքսային արժեքի 20%)-ը բավականին կլորիկ գումար է, որից պետական բյուջեն պետք է զրկվի։ Սակայն մյուս կողմից՝ էլեկտրամոբիլների քանակն է քիչ։ Հստակ տվյալներ չկան, թե Հայաստան քանի էլեկտրամոբիլ է ներմուծվել, սակայն կարելի է ենթադրել, որ տարվա կտրվածքով դրանց քանակը մի քանի հատ է (ամբողջ ԵԱՏՄ-ի տարածք տարվա կտրվածքով ներմուծվում է 500-600 էլեկտրամոբիլ)։
Գույքահարկի դեպքում խնդիրը փոքր-ինչ ավելի բարդ է, որովհետև այդ հարկը մուտքագրվում է ոչ թե՝ պետական բյուջե, այլ՝ համայնքային բյուջեներ։ Այսինքն՝ այստեղ պետք է լեզու գտնել համայնքների հետ, որոնք, բնականաբար, չեն ցանկանա, որ իրենց եկամուտները պակասեն։ Սակայն այս դեպքում նույնպես խնդիրն անլուծելի չէ, թեկուզ նույն վերը նշված՝ էլեկտրամոբիլների քիչ քանակի պատճառով։
Սակայն մաքսատուրքի մասով իրավիճակն այլ է։ Մաքսատուրքերի մասով Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնել չի կարող. կա՛մ պետք է որոշումը կայացվի ամբողջ ԵԱՏՄ տարածքի համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, կա՛մ Հայաստանի համար պետք է բացառություն արվի, ինչը քիչ հավանական է։ Երկու դեպքում էլ, Հայաստանից բացի, ԵԱՏՄ մյուս երկրներն էլ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղըզստան, պետք է իրենց համաձայնությունը տան։ Այսինքն, ՀՀ կառավարությունից շատ քիչ բան է կախված։ Կամ՝ գրեթե ոչինչ կախված չէ։
Ավելին, մաքսատուրքերի մասով մի կարևոր փաստ կա, որի մասին կարծես ոչ բոլորը գիտեն։ Դեռևս 2016 թվականի հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) որոշում էր ընդունել մարդատար էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքը 17%-ից դարձնել 0%, իսկ մինչև 5 տոննա քաշով բեռնատարների համար՝ 15%-ից՝ 5%:
Որոշման ընդունումը պայմանավորված էր ԵԱՏՄ տարածքում էկոլոգիապես մաքուր մեքենաների շուկայի խթանման անհրաժեշտությամբ։ Այն վերաբերում էր միայն ամբողջությամբ էլեկտրական մեքենաներին և չէր տարածվում հիբրիդային շարժիչով մեքենաների վրա։
Զրոյական մաքսատուրքն ուժի մեջ մտավ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին և, բնականաբար, տարածվում էր միության անդամ բոլոր երկրների վրա։ Սակայն այն ժամանակավոր բնույթ ուներ և ուժի մեջ էր մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը։
Սա նշանակում է, որ էլեկտրամոբիլների համար զրոյական մաքսատուրքի արտոնությունը սեպտեմբերի 1-ից այլևս չի գործում։ Սակայն դեռևս անցած տարի ԵՏՀ-ն պարզաբանել էր, որ որոշման երկարաձգումը կախված կլինի էլեկտրամոբիլների շուկայի զարգացումից և այն հանգամանքից, թե ԵԱՏՄ անդամ երկրներում նման մեքենաների սերիական արտադրություն կհիմնվի՞, թե՞ ոչ։
Օրինակ, 2014 թվականի փետրվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ԵԱՏՄ-ում գործում էր զրոյական մաքսատուրք էլեկտրամոբիլների համար։ Արդյունքում, 2015 թվականի ընթացքում ԵԱՏՄ երկրներ ներմուծված էլեկտրամոբիլների քանակն աճեց՝ հասնելով 684-ի։ 2016 թվականի սկզբից մաքսատուրքը կրկին դարձավ 17%՝ հանգեցնելով էլեկտրամոբիլների ներմուծման կտրուկ նվազման։
Սա նշանակում է, որ մաքսատուրքերի մասով հավանական է, որ ԵՏՀ-ն որոշի վերադառնալ զրոյական մաքսատուրքին։ Կախված է նրանից, թե զրոյական մաքսատուրքը վերջին մեկ տարվա ընթացքում ինչ էֆեկտ է ունեցել, և ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլներ արտադրելու լուրջ ծրագրեր առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ։ Ինչպես հասկացաք, մաքսատուրքի հնարավոր զրոյացումն ամենևին պայմանավորված չի լինի ՀՀ կառավարության առաջարկություններով ու գործողություններով։
Մի խոսքով, էլեկտրամոբիլների ներմուծումը հարկերից ու տուրքերից ամբողջությամբ ազատելը մասամբ է կախված Հայաստանից և ՀՀ կառավարությունից։ Սակայն, ինչպես երևում է՝ ԵԱՏՄ-ում նույնպես այս հարցով շահագրգռված են, մանավանդ որ, միության անդամ երկրներից ոչ մեկում դեռևս էլեկտրամոբիլների սերիական արտադրություն չի սկսվել։