Բաժիններ՝

«Գործարարներն ուզում են, ի վերջո, արդյունքներ տեսնել». Քննարկվում է Ազգային գործարար օրակարգը

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և Գործարար շահերի պաշտպանության ցանցն այսօր կազմակերպել են վերջինիս կողմից մշակված Ազգային գործարար օրակարգի (ԱԳՕ) ներկայացումն ու քննարկումը։ Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ շուրջ 10 տարի է, սկիզբ է դրվել մասնավոր-պետական հատված համագործակցությանը, որի շնորհիվ վեր են հանվում խնդիրներն ու լուծումներ են տրվում:

«Գնդակը մեր դաշտում է, փորձենք խնդիրներին լուծումներ գտնել և ներկայացնել»,- ասաց նա:

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (ՄՄՁԿ) ծրագրերի տնօրենի տեղակալ Աբդու Ալքեբսին, որ առաջին անգամ է Հայաստանում, հայտնեց իր հիացմունքը. «Ես իսկապես սիրահարվել եմ Հայաստանին` հրաշալի, ջերմ ժողովուրդ, զարմանալի խոհանոց և շատ գեղատեսիր վայրեր»:

Նա նշեց, Օրակարգի նպատակն է՝ միացնելու բիզնես համայնքի զանազան ներկայացուցիչների ձայնը, նրանց բերել մի դաշտ, բիզնես համայնքի համար առաջնահերթություններ առաջ քաշել. «Այս ամենն ի մի է բերվում մի փաստաթղթով, որ կոչվում է Ազգային գործարար օրակարգ: Մշակելու ենք հայկական ճանապարհային քարտեզը, ապա պետության հետ ձեռք ձեռքի աշխատելու ենք այն իրականացնելու համար»:

ԳՇՊՑ քարտուղարության անդամ Գագիկ Պողոսյանի դիտարկմամբ` գործարար միջավայրի բարեփոխումները սկսվել են երկար տարիներ առաջ, բայց դրա վերջը չի երևում: Նա օրինակ բերեց ձեռնարկությունների ստուգման ոլորտում փոոփոխությունները. «Գործարարներն ուզում են, ի վերջո, արդյունքներ տեսնել»:

Ազգային գործարար օրակարգի առաջնահերթություններն են՝ ՓՄՁ քաղաքականության բարելավում, հարկային բարեփոխումներ, տեսչական բարեփոխումներ։

ՓՄՁ քաղաքականության բարելավման նպատակով, որպես լուծում՝ առաջարկվում է արդիականացնել ՓՄՁ դասակարգման չափանիշերը, ներդնել ՓՄՁ ֆինանսավորման նոր չափանիշեր, պարզեցնել ՓՄՁ հանդիսացող իրավաբանական անձանց լուծարման գործընթացը։ Հարկային բարեփոխումների շարունակական իրականացման ուղղությամբ առաջարկվում է բարելավել եկամտային հարկի համակարգը, կիրառել հարկային եկամուտների բաշխման բարելավված մեխանիզմ, սահմանել արտոնություններ սկսնակ ՓՄՁ-ների համար։

Տեսչական բարեփոխումների համատեքստում Ազգային գործարար օրակարգը նախատեսում է ավարտին հասցնել տեսչական ստուգումների մասին նոր օրենսդրության մշակման աշխատանքները, ինչպես նաև տեսչական ստուգումների բողոքարկման գործընթացի կատարելագործում։ Բացի այդ, կներկայացվի Ազգային գործարար օրակարգի գործընթացի լավագույն միջազգային փորձը, ինչպես նաև կատարվելիք աշխատանքները՝ դիրքորոշման վերաբերյալ փաստաթղթերի մշակման և պետություն-մասնավոր հատված փոխշահավետ երկխոսության զարգացման ուղղությամբ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս