Բաժիններ՝

Ունենք դպրոցներ, որտեղ 1 աշակերտի վրա ծախվսում է շուրջ 10 մլն դրամ

 Բայց այդ աշակերտների կրթական մակարդակը շատ ցածր է

Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի աշխատակազմը չի հաշտվում դպրոցն Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի հետ միավորելու որոշման հետ։ Թիվ 7 դպրոցի անտանելի շենքային պայմանների մասին տեսանյութը երկար ժամանակ շրջանառվում էր Youtube-ում։ Ի վերջո, այն հայտնվեց վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում։ 2017թ. կառավարության առաջին նիստերից մեկում վարչապետը հայտարարեց, որ այդ դպրոցը չի վերանորոգվելու, քանի որ քաղաքում կան թերբեռնված դպրոցներ, և ճիշտ կլինի այն միավորել մեկ այլ դպրոցի հետ։

Նույն նիստում վարչապետը հանձնարարեց ԿԳ նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Երևանի քաղաքապետին՝ ուսումնասիրել և ներկայացնել հաշվետվություն դպրոցական շենքերի և դպրոցների օպտիմալացման մասին։ Այնուհետև վարչապետն իր հանձնարարականի հետևից գնաց Կրթության և գիտության նախարարություն, որտեղ նրան զեկուցեցին, որ դիտարկում են մինչև 300 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների միավորման տարբերակը, եթե դրանք թաղամասի միակ դպրոց չեն։ Վարչապետն էլ առաջարկեց դիտարկել մինչև 450 աշակերտ ունեցող դպրոցները միավորելու տարբերակը։ Այս ամենին հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` մինչև 2040 թվականը բնակչության թիվը 4 մլն-ի հասցնելու մասին։

Եթե մենք ունենալու ենք բնակչության նման աճ, ապա որքանո՞վ է նպատակահարմար դպրոցներ փակելը։ Հիշենք, որ 90-ականներին մենք փակեցինք մանկապարտեզները և վաճառեցինք շենքերը, իսկ այսօր մանկապարտեզի շենքերի կարիք ունենք Երևան քաղաքում։

Կարդացեք նաև

Իհարկե, շատ հեշտ է հայտարարել դպրոցների միավորման մասին։ Ավելի դժվար է այն իրականացնելը։ Երբ հերթը հասավ կոնկրետ քայլերին, նախարարությունը զգուշավորություն ցուցաբերեց և օգոստոսի վերջին հայտարարեց շուրջ 15 դպրոցներ այլ դպրոցների հետ միավորելու մասին։ Դրանց մեծ մասը քաղաքային դպրոցներ են, մի քանիսն էլ՝ գյուղական դպրոցներ։ Դպրոցների միավորման գործընթացն իրականացվելու է հոկտեմբերի վերջին՝ աշնանային արձակուրդների օրերին։ Նախարարությունը նախընտրեց հնարավորինս մեղմ տարբերակը, քանի որ հիմնականում փակվում են մինչև 80 աշակերտ ունեցող դպրոցները։ Կարելի է պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե նախարարությունը փորձեր միավորել 300 աշակերտ ունեցող դպրոցները։ Բայց նույնիսկ այս մեղմ տարբերակի դեպքում չհաջողվեց խուսափել խնդիրներից։

Մասնավորապես, կասեցվեց Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազ գյուղերի դպրոցների միավորման հարցը։ Արթիկի թիվ 7 դպրոցը նույնպես ընդդիմանում է։ Չի բացառվում, որ միավորման նախօրեին այլ դժգոհություններ էլ լինեն։

Առաջին հայացքից թվում է, թե ըմբոստանալն իմաստ չունի։ Նախարարությունը փակում է  շատ քիչ աշակերտներ ունեցող դպրոցներ, որոնց մի մասն էլ, ինչպես Արթիկի թիվ 7 դպրոցը, գտնվում են վատ վիճակում։ Ամեն դեպքում, ինչո՞ւ են ըմբոստանում դպրոցները։ Խնդիրն այն է, որ Հայաստանում դպրոցների հետ ուղիղ աշխատանք չի տարվում։ Մենք դպրոցներին հիշում ենք ընտրությունների ժամանակ, պաշտոնական այցերի կամ միջոցառումների օրերին։ Ամենօրյա աշխատանք, երկխոսություն դպրոցների հետ չի իրականացվում։ Մինչդեռ օպտիմալացումից առաջ անհրաժեշտ է մարդկանց հետ աշխատել՝ նրանց առաջարկելով մոտիվացնող կամ փոխհատուցող լուծումներ, եթե ուսուցչի հաստիքը կրճատվում է, կամ դասաժամերն էականորեն նվազում են։

Օրինակ, նախկին օպտիմալացման ժամանակ ուսուցիչներին առաջարկվում էր 6 ամսվա գումար, փոքր բիզնես հիմնելու գումար կամ վերապատրաստվելու հնարավորություն։ Այս անգամ ոչ մի նման բան չի առաջարկվում։ Ակնհայտ է, որ վարչական աշխատողների մեծ մասը կորցնելու է աշխատանքը, ուսուցիչների զգալի մասի ծանրաբեռնվածությունը նվազելու է, կարող են լինել նաև կրճատվող ուսուցիչներ։

Դպրոցներում ցավագին են տանում օպտիմալացումը նաև այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանում այլ ոլորտներում աշխատատեղեր չլինելու պատճառով ծանրությունն ընկել է կրթության վրա։ Պատահական չէ, որ ուսուցիչները պատրաստ են աշխատել թերբեռնված, միայն թե չմնան առանց աշխատանքի։ Այստեղ մի նրբություն էլ կա։ Հատկապես երկար տարիներ ուսուցիչ աշխատած մարդկանց համար շատ դժվար է նոր աշխատանք գտնելը կամ մասնագիտություն փոխելը։

Այսպիսով, ունենք երկվություն։ Մի կողմից՝ փոքր դպրոցներ ունենալն արդյունավետ չէ ֆինանսական տեսանկյունից։ Այսօր Հայաստանում ունենք դպրոցներ, որոնցում սովորում է 2-3 աշակերտ։ Յուրաքանչյուր աշակերտի համար պետությունը հատկացնում է շուրջ 10 մլն դրամ, բայց արդյունքում նրանցից ոչ մեկը նորմալ գիտելիք չունի։  Փոքր դպրոցներում չես կարող հոսքային կրթություն կազմակերպել, չես կարող սոցիալականացման միջավայր ապահովել։ 5-6 աշակերտ ունեցող դասարանում կամ դպրոցում սովորելը ձանձրալի է։

Իրավիճակն առավել սրվում է, երբ աշակերտների փոքր քանակ ունեցող դպրոցը գտնվում է նաև անմխիթար շենքային պայմաններում։ Այդ դպրոցները չեն կարող 21-րդ դարի երեխայի համար գրավիչ լինել։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ դպրոցների միավորումը բերում է ուսուցիչների և վարչական աշխատողների կրճատման, անհարմարություններ է ստեղծում աշակերտների համար, ովքեր ստիպված են հարմարվել նոր դպրոցի և ուսուցիչների։

Ամեն դեպքում ճիշտ չէ, երբ դպրոցներն ընդվզում են միայն փակման նախաշեմին։ Պետք է մշտապես բարձրաձայնել և խոսել խնդիրների մասին։ Իսկ մենք լռում ենք, քանի դեռ «ուխտը չի չոքել մեր դռանը»։ Քանի՞ դպրոց աջակցություն կհայտնի Արթիկի թիվ 7 դպրոցին։ Ոչ մի դպրոց։ Արթիկը Հայաստանի լավագույն կրթական կենտրոններից է։ Քաղաքը փոքր է, տարվա մեծ մասը ցուրտ է, զվարճանքի վայրերը քիչ են, գյուղատնտեսական աշխատանքներ չկան, լավ ուսուցիչներ կան։ Այսինքն՝ քաղաքն ունի սովորելու համար բարենպաստ միջավայր, փոքրիկ հայկական «կրթական Ֆինլանդիա» է։ Եթե լուրջ ներդրումներ արվեն քաղաքի կրթական ենթակառուցվածքները և մարդկային կարողությունները զարգացնելու ուղղությամբ, ապա այս քաղաքի ուսումնական հաստատություններն ավելի լավ արդյունքներ կունենան։

Ամեն դեպքում օպտիմալացման թեման դեռ կմնա Հայաստանի կրթության համակարգի օրակարգում, քանի որ արտագաղթող աշակերտների թվի դինամիկան աճում է։ Եթե նախկինում Հայաստանից արտերկիր տարեկան մեկնում էր 5000-6000 աշակերտ, ապա 2016-ին այդ ցուցանիշը գերազանցեց 7000-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս