«Արդյո՞ք ձեզանից որևէ մեկը պատկերացնում է՝ ինչ է նշանակում՝ տարիներ շարունակ ապրել՝ չունենալով ապահովության զգացողություն». Անահիտ Սիմոնյան
«Բավական լուրջ առաջընթաց է, որ պետությունը, այնուամենայնիվ, քաղաքական կամք դրսևորեց, և օրենսդրությունն այժմ հանրային քննարկման փուլում է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Մեկնարկել է Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քվեարկությունը. գնահատականներ նախագծին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բավականին երկար աշխատանք է տարվել նախագծի վրա, հանդիպումներ եղել են քաղաքացիական հասարակության հետ. «Իհարկե, մենք ի սկզբանե ձգտում էինք ներառվել այն խմբի մեջ, որը նախագծի հեղինակն է, սակայն, քանի որ այն միջգերատեսչական է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ չեղան այդտեղ։ Բայց ներկայացված առաջարկները որոշ մասով ներառվեցին նախագծում։ Այժմ մենք ունենք մի նախագիծ, որը կարելի է հետագայում զարգացնել և խորացնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը»։
Զ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախագծի նկատմամբ մշակութային դիմադրություն կա. «Չեմ ասում, թե այդ մարդիկ գերակշռում են, բայց ագրեսիվ են, և միևնույն ժամանակ՝ մշակութային շատ խորն ընկալումներ ունեն, որ ընտանիքն անձի սեփականությունն է, և այնտեղ կարելի է անել ամեն ինչ։ Արդյունքում՝ մենք ունենք բավականին դաժան խոշտանգման դեպքեր, այդ դեպքերի մասին բարձրաձայնել է քաղաքացիական հասարակությունը։ Միևնույն ժամանակ, մենք ունենք քրեական բավականին լուրջ դատավարություններ, որտեղ ևս դիտարկումներ ունենք, որ անգամ դատարանները հավուր պատշաճի չեն դիտարկում այս գործերը։ Այժմ դեռևս քրեականացված չեն ընտանեկան բռնությունները, այս նախագծում ևս նմանատիպ դրույթ չկա, որպեսզի Քրեական օրենսգրքում փոփոխություն իրականացվի և քրեականացվի ընտանեկան բռնությունը, բայց կարծում եմ՝ այս նախագծից հետո կհասնենք նաև այդ փոփոխությանը»։
Նրա դիտարկմամբ՝ այս օրենքը մշակութային փոփոխություն կարող է բերել հասարակության գիտակցության մեջ. «Հասարակության մեջ մտնում են նաև այն բոլոր պետական կառույցները, որոնք մասն են կազմում և ազդեցության տակ են այն բոլոր կարծրատիպերի, որոնք կրում է հասարակությունը։ Դրանք բոլորն արտացոլվում են այն համակարգերում, որոնք կամ իրականացնում են իրավունքի գերակայությունը, կամ այդ վճիռների կայացման ինստիտուտը։ Սա ազդեցություն կունենա բոլոր մարմինների վրա»։
Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հռետորական հարց ուղղեց այն մարդկանց, որոնք դեմ են այս նախագծին. «Արդյո՞ք ձեզանից որևէ մեկը պատկերացնում է՝ ինչ է նշանակում՝ ամիսներ և տարիներ շարունակ ապրել՝ չունենալով ապահովության զգացողություն, վստահ չլինելով, թե քո կյանքին ու առողջությանն ինչ վնաս կհասցվի։ Սա շատ լուրջ հարց է»։