Օրենքի նոր նախագծով՝ ընտանեկան բռնություն իրականացնող անձը կենթարկվի քրեական կամ վարչական պատասխանատվության

Այսօր Մեդիա-կենտրոնում կազմակերպված «Մեկնարկել է Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քվեարկությունը. գնահատականներ նախագծին» թեմայով քննարկման ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանն ասաց, որ նախագիծն իր առջև հիմնականում 3 նպատակ է դնում. ընտանեկան բռնության կանխարգելում, ընտանեկան բռնության ենթարկված անձնանց պաշտպանություն, ընտանեկան բռնության ենթարկված անձնանց աջակցություն։

«Այս նպատակներին հասնելու համար նախագծի փաթեթը որոշակի իրավական հայեցակարգեր է նախատեսում, որոնց որոշ մասը նորություն է մեր իրավական համակարգի համար, օրինակ՝ անհետաձգելի միջամտության որոշումը, պաշտպանական որոշումը, որոնց պարագայում առաջին դեպքում՝ ոստիկանության ծառայողը, երկրորդ դեպքում՝ անձի դիմումի համաձայն՝ դատարանը, կարող են որոշակի սահմանափակումներ կիրառել ընտանեկան բռնություն գործադրող անձի նկատմամբ, որպեսզի կանխարգելվեն այնպիսի դեպքերը, որոնք մեր պրակտիկայում մինչև հիմա հանդիպել են, և որոնք հնարավոր կլիներ կանխել, եթե այս պաշտպանական մեխանիզմներն ունենայինք այդ դեպքերի ժամանակ»,-պարզաբանեց նա։

Մանրամասնելով, թե ինչ սահմանափակումներ են նախատեսվում, Գոհար Հակոբյանն ասաց, որ կարող է բռնություն գործադրող անձին հրահանգ տրվել անմիջապես լքել ընտանեկան բռնության ենթարկված անձնի բնակության վայրը՝ անգամ եթե դա սեփականության իրավունքով իրեն է պատկանում, իհարկե, ժամանակավորապես․

«Անմիջապես հանձնել իր տիրապետության տակ եղած զենքը, չկապվել ընտանեկան բռնության ենթարկված անձի հետ հեռախոսակապի կամ որևէ այլ հաղորդակցության միջոցներով, չայցելել նրան կամ նրա խնամքի տակ գտնվող անձնանց, չմոտենալ նրան 100 մետրից ավելի շառավղով և այլն։ Իսկ եթե ինքը դա չանի, նախագծի փաթեթով սահմանվում է պատասխանատվություն. առավել վտանգավոր դրսևորումների համար քրեական պատասխանատվություն, նվազ վտանգավոր դրսևորումների համար վարչական պատասխանատվություն։ Ընդ որում՝ քրեականացնելու առաջարկն ի սկզբանե եղել է քաղաքացիական հասարակության կողմից մեզ ուղղված, որը ընդունվել է»։

Կարդացեք նաև

Գ․Հակոբյանը նշեց, որ նախագիծը նաև սահմանում է ապաստարանների հիմնադրման պարտականություն, կամ գործող ապաստարաններին պետության կողմից ֆինանսական օժանդակություն տրամադրելու պարտականություն։

«E-draft-ում տեղադրված կարծիքներից հասկացա, որ մեր հանրության մեջ բավականին խորը մտահոգություն կա, որ այս նախագծերի փաթեթով կարող են երեխաներին ընտանիքներից վերցնել և տալ որդեգրման, երեխաների հետ դաժանաբար վարվել, կազմալուծել հայ ավանդական ընտանիքները և այլն, բայց իրականում նախագծի փաթեթը ոչ մի այդպիսի կարգավորում չի պարունակում։ Նախագիծը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողական իրավունքները սահմանափակելու որևէ նոր հիմք կամ կարգ, այսինքն՝ այս ոլորտում շարունակելու են գործել Ընտանեկան օրենսգրքի գործող դրույթները»,- եզրափակեց նա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս