
«Պատերազմները սկսվում են զորավարժություններից»․ Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ նպատակ են հետապնդում Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները։
«Զորավարժություններն անցկացվում են ընդհանուր ՀԱՊԿ կազմակերպության ծրագրի համաձայն, որը կազմված է 2017թ. համար։ Զորավարժությունները կանցկացվեն 4 պետությունների տարածքում՝ ՌԴ, ՀՀ, Ղազախստան, Տաջիկստան, և մասնակցելու են բոլոր ՀԱՊԿ անդամ պետությունները։ Մասնակիցների քանակը՝ 12 հազար անձնակազմ, 1200-ից ավելի զրահատեխնիկա և այլ տեխնիկա, և 50-ից ավելի թռչող սարքեր։ Այս զորավարժությունների նպատակն է՝ բարելավել ՀԱՊԿ-ի ղեկավարման համակարգը, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետի համաձայն՝ կազմակերպության նպատակն է՝ կանխել ագրեսիան անդամ-պետությունների հանդեպ»։
Հարությունյանը նշեց, որ Համատեղ զորավարժությունը, որի անվանումն է «Մարտական եղբայրություն 2017», անցկացվելու է մի քանի փուլերով․«Լինելու է 3 փուլ։ Հայաստանում անցկացվելու է առաջին փուլը, որի նպատակն է՝ անցկացնել հատուկ նշանակության զորավարժություններ՝ հետախուզական ստորաբաժանումների, և այստեղ առաջին անգամ այդ զորավարժություններին կմասնակցի նոր ձևավորված միավորված խմբավորումը։ Մասնակցելու են նաև օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը։ Այս զորավարժություններին մասնակցելու է ՀԱՊԿ ղեկավարությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է հրավիրված, ՄԱԿ-ի քարտուղարությունն է հրավիրված և այլ կառույցներ»։
Հարցին՝ Ադրբեջանի մոտ անհանգստություն չի՞ առաջացնի այս զորավարժությունը, նա այսպես պատասխանեց․ «Մենք պետք է գիտակցենք, որ զորավարժությունը նաև կարելի է օգտագործել հարձակման համար, որովհետև զորավարժության ժամանակ կուտակում ես տեխնիկա, բարձրացնում ես բանակի մարտունակությունը և դրանից հետո կարող ես հարձակվել։ Սա ընդհանուր ռազմական մոտեցումն է։ Դրա համար, եթե Ադրբեջանն է զորավարժություններ անցկացնում, մենք արձագանքում ենք։ Ամեն անգամ պատերազմները սկսվում են զորավարժություններից»։