«Գումբուրդոյում ստեղծված իրավիճակը կարելի է հարթել միայն մեկ ճանապարհով». Արմեն Ավետիսյան
«Խնդիրն այն է, որ ոչ թե հարցը կապված է եկեղեցուն պատկանելու հետ, այդ գումբուրդոցիներն ասում են՝ մեր նախնյաց մասունքները, որոնք պեղումների ժամանակ հանվել են դուրս, մենք նորից վերահուղարկավորել ենք և ցանկանում ենք դրա վրա խաչքար տեղադրել»,- այսօր Մեդիա-կենտրոնում կազմակերպված «Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Գումբուրդոյում ստեղծված իրավիճակը կարելի է հարթել միայն մեկ ճանապարհով. «Եթե մենք կարողանանք տարանջատել եկեղեցու պատկանելության հարցը և խաչքարի տեղադրումը, այս բախումները տեղի չեն ունենա։ Այսինքն՝ եկեղեցու բակում խաչքար տեղադրելով՝ գումբուրդոցիները չեն ուզում ապացուցել, որ դա հայկական քաղկեդոնիկ եկեղեցի է, ոչ էլ վրացական կողմը պետք է խաչքար տեղադրելն արգելելով ապացուցի, որ դա վրաց քաղկեդոնիկ եկեղեցի է։
Այդ խնդիրը պետք է լուծեն հոգևորականները, իսկ գյուղացիների ասածն ընդամենը մեկն է՝ թույլ տվեք՝ մենք խաչքար տեղադրենք այնտեղ, որտեղ թաղված են մեր նախնյաց մասունքները։ Բացի դրանից՝ գյուղացիներն ասում են՝ մենք մեր աչքը բացել, մեծացել, մեր գիտակից կյանքում այդ եկեղեցում մոմ ենք վառել, դա հայկակա՞ն, թե՞ վրացական եկեղեցի է, դա իրենց չի հետաքրքրում։
Նույնիսկ կան պատմություններ, որ նորածին երեխաների մահացության դեպքում այդ եկեղեցու բակում են հուղարկավորել։ Հիմա ասում են՝ այդ ոսկորները որ հանել եք լույս աշխարհ, լցրել եք պոլիէթիլենային տոպրակների, ստվարաթղթե արկղերի մեջ, մենք վերահուղարկավորել ենք, հիմա թույլ տվեք այդ խաչքարը տեղադրենք»։
Թե ում է ձեռնտու ստեղծված իրավիճակը, Ավետիսյանը դժվարանում է ասել. «Հենց խաչքարի հարցն առաջանում է, առաջանում է նաև եկեղեցու պատկանելության հարցը»
Վրաստանի Ալիք մեդիահարթակի գլխավոր խմբագիր (քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով) Արսեն Խառատյանն ասաց, որ սա Վրաստանի պետության տարածքում գործող կոնֆլիկտ է, ուրեմն՝ պետք է դիտարկել իրավական տարածքում.
«Բայց իրավականությունից դուրս է գալիս, որովհետև խաչքարը սիմվոլիկ նշանակություն ունի, եթե տեղադրվում է, պետք է օծվի, և այլն։ Չենք կարող ամբողջությամբ տարանջատել խնդիրները։ Ստեղծված իրավիճակում խաչքարի խնդիրը նաև բարոյական հարթությունում լուծելու անհրաժեշտություն է առաջացնում։ Հիմա ինքս ինձ ինչ-որ տեղ հակասում եմ, որովհետև մի կողմից՝ ասում եմ, որ պետք է իրավական հարթությունում հարցը լուծվի, բայց մյուս կողմից՝ իրավիճակի լրջությունը պատկերացնելով՝ այստեղ էքստրաօրդինար լուծում է պետք գտնել»։
Խառատյանը հիշեցրեց, որ մինչ այս պահը պաշտոնական հայտարարություններով հանդես են եկել Վրաստանի պետական կառույցները, եկեղեցին այս մասին դեռևս հայտարարություն չի արել, միայն մի քանի հոգևորականներ են խոսել.
«Մենք պետք է հստակեցնենք՝ որ հարթությունում է, ովքեր են այն պատկան մարմինները, անձինք, որոնք խնդրի մեջ պետք է ներգրավված լինեն, որպեսզի գումբուրդոցիներն էլ, գործընթացին հետևողներն էլ հասկանան՝ ով է հարցի հասցեատերը»։
Ինչ վերաբերում է խնդրի վերաբերյալ սոցցանցերում ծավալված քննարկումներին, Խառատյանը նշեց, որ դրանք հիշեցնում են 90-ականների խոսակցությունները, և, որ դրանցից պետք է դասեր քաղել. «Այս հարցի վերաբերյալ խոսակցություններից մենք պետք է դասեր քաղենք, որ այսպիսի իրավիճակից կարող ենք վերադառնալ 90-ականների խոսակցություններին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփվել են 10-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները, սակայն նախ Ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության ներկայացուցիչները չեն թույլատրել բնակիչներին տարածք մուտք գործել, այնուհետև բնակիչների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: