Բաժիններ՝

«Մեր ազգն ունի յուրահատուկ ներուժ, բայց դա աշխարհին ապացուցել է պետք ոչ թե դատարկ խոսքերով, այլ` գործով». Տարոն Սարիբեկյան

168.am-ի զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, ԵՊԲՀ դասախոս Տարոն Սարիբեկյանը, ում մասին գրել էինք նաև «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում, երբ դեռ սովորում էր Գերմանիայում: Գերմանիայից հետո նա վերադարձավ Հայաստան, որոշ ժամանակ աշխատեց, ապա որոշեց հերթական անգամ կրթությունը Եվրոպայում շարունակել։ Երիտասարդ բժիշկն այս անգամ ընտրեց Պորտուգալիան։

– Տարոն, մեր վերջին զրույցում նշել էիք, որ գնալով ավելի ու ավելի եք խճճվում բժշկության մեջ, հասկանում, թե ինչքան շատ բան կա սովորելու։ «Ինձ թվում է, որ  ամբողջ կյանքս սովորելով եմ անցկացնելու»,- ասել էիք Դուք։ Սա՞ էր պատճառը, որ որոշեցիք նորից մեկնել Եվրոպա՝ ուսումը շարունակելու, և ինչո՞ւ հենց Պորտուգալիան ընտրեցիք։

– Ինձ թվում է՝ իրեն հարգող ցանկացած մասնագետ մշտապես պետք է կարևորություն տա շարունակական կրթությանն ու ինքնազարգացմանը, հատկապես, եթե խոսքը բժշկության մասին է. գիտություն, որը ահռելի արագությամբ է զարգանում, և նույնիսկ այսօրվա սովորածը արդեն իսկ վաղը կարող է հնանալ։ Ոչինչ չի փոխվել, էլի կարծում եմ, որ պետք է կարդալ ու թարմացնել գիտելիքները, քանի դեռ շնչում ես։

Ինչ վերաբերում է Պորտուգալիան ընտրելուն, անկեղծորեն պետք է նշեմ, որ կլինիկայի ճանաչվածությունից ու բարձր  ռեյտինգից բացի՝ ինձ համար էական նշանակություն ունեն խարիզմատիկ մարդիկ, գեղեցկությունը, ատլանտիկն ու անկրկնելի ֆադոն։ Աշխարհի երեսին միայն մեկ վայր կա, որտեղ առկա են բացառապես բոլորը՝ չքնաղ Պորտուգալիան։

Կարդացեք նաև

– Մե՞ծ էր տարբերությունը Պորտուգալիայի և Գերմանիայի բժշկական համակարգերի միջև։

– 2017թ.  փետրվարից մինչև օգոստոսի 1-ը գտնվում էի Պորտուգալիայի Պորտու քաղաքում, «Սան Ժուան» համալսարանական կլինիկայի հեմատոօնկոլոգիական, ինչպես նաև  ցողունային բջիջների և ոսկրածուծի  տրանսպլանտացիայի բաժնում, որտեղ ծանոթանում էի ժամանակակից ախտորոշիչ և բուժիչ մեթոդների, ցողունային բջիջների ստացման և պահպանման եղանակների և շատ այլ նեղ մասնագիտական մանիպուլյացիաների հետ։ Ի զարմանս ինձ՝ Պորտուգալիան, կարելի է ասել, ոչնչով չի զիջում Գերմանիային, և բժշկության ոլորտում, համենայնդեպս, հավասար քայլում է Եվրոպայի լավագույն երկրների կողքով։

– Պաշտոնական վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ հայ հասարակության զգալի զանգվածը, չնայած՝ գիտակցում է բուժօգնության անհրաժեշտությունը, սակայն չի դիմում բժշկի։ Ի՞նչ եք կարծում՝ որո՞նք են սրա հիմնական պատճառները։ Մարդիկ չե՞ն վստահում բժիշկներին, թե՞ ֆինանսապես ի վիճակի չեն օգտվել բժշկական ծառայություններից։ 

– Շատ լավ հարց է, սակայն ծավալուն պատասխան է ակնկալում։ Հայաստանում անվճար է շտապoգնությունը, և այդ պատճառով ամբողջ ծանրաբեռնվածությունը բաժին է հասնում հենց վերջինիս։ Կատարում են պոլիկլինիկայի ֆունկցիա. անգամ ջերմության բարձրացման դեպքում կանչեր են գրանցվում, և շատ հաճախ դրա հաշվին տուժում են աշխատանքի որակն ու էֆեկտիվությունը, և կորչում է ծառայության բուն էությունը։ Իհարկե, ստվար մի զանգված գիտակցում է առողջական խնդրի լրջությունը, սակայն ֆինանսական վիճակի սղության պատճառով պարզապես խուսափում է բժշկի այցելելուց՝ գիտակցելով, որ դա կապված է եթե ոչ՝ լուրջ, ապա՝ զգալի ֆինանսական ծախսերի հետ։ Նման պարագայում մնում է անել ոչ այլ ինչ, քան դիմել շտապօգնությանը։

Մյուս կողմից՝ աճել է անվստահությունը բժիշկների նկատմամբ՝ որոշակի կիսագրագետ կամ թերուս բժշկանմաններին համակարգում ներառելու և աշխատանքի մեջ ընդգրկելու պատճառով։ Ըստ իս՝ դա լրջագույն խնդիր է և պետք է անհապաղ շտկման ենթարկվի, իսկ դրան պետք է հասնել պատկան մարմինների ուշադրությունը նմանատիպ երևույթների վրա սևեռելով։

– Ըստ Ձեզ՝ այս հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի։ Կարծիքներ կան, որ պետք է ներդրվի պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, որպեսզի մարդիկ դիմեն բժշկի։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, և ի՞նչ խնդիրներ դա կարող է առաջացնել։

– Առողջապահության ոլորտում մեծ բարեփոխումներ կարելի է կատարել, սակայն, դա անքակտելիորեն կապված է շոշափելի ծախսերի հետ։ Բայց մենք դրա հետ ստիպված ենք առճակատվել։ Կա անապահով խավ, որն առհասարակ չունի գումար՝ իր առողջության հետ կապված ամենաէժան պրոցեդուրան ֆինանսավորելու համար։ Ապահովագրական համակարգի ներդրման պարագայում նրանց կտրվի հնարավորություն՝ մինիմալ բժշկական միջամտություններից օգտվելու։

Մյուս կողմից՝ ամեն ամիս պետությունը կգանձի աշխատավարձի մի որոշակի տոկոս՝ պահպանելու բալանսը, որը ժողովրդի շրջանում միանշանակ բողոքի ալիք կբարձրացնի։

Ապահովագրական համակարգի համընդհանրացումը հղի է մի շարք վտանգներով, ուստի վերջինիս ներդրման ընթացքը պետք է ուղեկցվի հետևողականությամբ, նրբանկատությամբ, խոհեմությամբ և համբերատարությամբ։ Հայ պացիենտների հետ աշխատելն ավելի դժվար է։ Լուսավորչական աշխատանքների անբավարարության պատճառով հասարակության ստվար մի զանգված անտեղյակ է տարրական, առաջին անհրաժեշտության գիտելիքներից, հաճախ բախվում ենք այնպիսի խնդիրների, որը զարգացող երկրում չպետք է լինի։

– ԵՊԲՀ-ում եք դասավանդում. ինչպիսի՞ն են նոր սերնդի բժիշկները, գիտակցո՞ւմ են, թե ինչ մասնագիտություն են ընտրել, թե՞ հիմնականում ծնողների ցանկությամբ են հայտնվել համալսարանում։

– Երևի բոլորը գիտեն, որ հատկապես այս տարի նկատվեց ճեղք, ուսանողների դեֆիցիտ, և հազարավոր թափուր տեղեր մնացին, այդ թվում՝պետպատվեր։ Դրա հետևանքով, համալսարանների ֆինանսավորումն ապահովելու նպատակով, բազմաթիվ ուսանողներ, ովքեր ստացել էին անբավարար գնահատականներ ընդունելության քննություններից, հետ կանչվեցին ու ընդունվեցին համալսարաններ։ Բժշկական համալսարանի պարագայում ընդունվում են նաև ուսանողներ, ովքեր ստանում են մինիմալ գնահատականներ։ Իմ կարծիքով՝ այդ փաստը վերանայման կարիք ունի. բժիշկ  դառնալու ու այդ պարտավորեցնող կոչումը ստանձնելու իրավունք պետք է ունենան ոչ բոլորը։ Այս ոլորտում պետք է լինեն միայն ընտրյալները։ Այդ սկզբունքով է առաջնորդվում, օրինակ, Գերմանիան։ Մանրամասնել, կարծում եմ՝ իմաստ չունի։

Ունենք հրաշալի ուսանողներ, ովքեր պարզապես փայլում են։ Նմանատիպ ուսանողներին պետք է առավելագույնս խրախուսել, օգնել, որ ինքնադրսևորվեն ու էական հաջողությունների հասնեն։ Ինքս փորձում եմ ամեն կերպ աջակցել, խորհուրդներով օգնել նման ուսանողներին, հուշել, թե ինչպես և որտեղից պետք է ամեն ինչ սկսել։

– Ի՞նչ պլաններ ունեք. աշխատելու եք Հայաստանո՞ւմ, թե՞ հնարավոր է, որ առաջիկայում նորից արտերկիր գնաք՝ ուսումը շարունակելու նպատակով։

– Նախատեսում եմ Հայաստանում լրջորեն նպաստել մանկական տրանսպլանտոլոգիայի զարգացմանը, խթանել մանկական հեմատոօնկոլոգիական հիվանդությունների նորագույն մեթոդներով ախտորոշումն ու բուժումը։ Յուրաքանչյուր մասնագետ, որը երկար տարիներ է ծախսում ինքնակատարելագործման ու զարգացման վրա, ունի բնական ցանկություն՝ լինել գնահատված։ Եթե քեզ ընձեռում են հնարավորություն՝ սեփական կարողություններդ ու հմտություններդ դրսևորելու, ինքդ անում ես լավագույնը՝ քեզ ըստ արժանվույն ներկայացնելու։ Հակառակ դեպքում մնում է անել ոչ այլ ինչ, քան այդ ամենը փնտրել մեկ այլ վայրում։ Հուսով եմ՝ կգնահատվեմ իմ երկրում ու կծառայեմ հայ ժողովրդին։

Մեր երկիրը դեռ 26-ամյա երիտասարդ է, որին պետք է օգնել ու ոտքի կանգնեցնել։ Շատ բացթողումներ կան․ պետք է լրացնել։ Եվրոպայում ապրելն ինձ նաև հնարավորություն ընձեռեց հասկանալ, թե ինչպես կարելի է արդյունավետ աշխատել, մեկ գործով լուծել մի քանի խնդիր։ Մենք էլ կարող ենք աշխարհին պատվով ներկայանալ, ներկայացնել մեր գեղեցիկ ավանդույթները, մեր մտքի թռիչքն ու դեռ չբացահայտված գանձերը։ Մեր ազգն ունի յուրահատուկ ներուժ, բայց դա աշխարհին ապացուցել է պետք ոչ թե՝ դատարկ խոսքերով, այլ՝ գործով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս