Հանրաքվեն դեռևս անկախություն չէ
Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեն ակնկալված կարգով նկատվում է տարածաշրջանային կարեւորագույն իրադարձություններից, որն ստացել էր արդեն աշխարհաքաղաքական տարողություն: Տարածաշրջանում անկախ ժողովրդագրական պատկերների կտրուկ եւ հարափոփոխ միտումներից, ըստ էության աշխարհագրական առաջին քարտեզավերագծման մեկնարկի նախադրյալներն են, որոնք ուրվագծվում են։
Սա չի նշանակում իհարկե, որ հանրաքվեն իրավական անկախություն է կամ ճանաչված հանրապետության կայացում: Հանրաքվեն այդ ճանապարհին առնված առաջին քայլն է, բայց նաեւ աշխարհաքաղաքական նկրտումների ու ծրագրերի մասին վերլուծումները նկատի ունենալով` շանտաժի կամ խաղաթղթային քաղաքականության կարեւորագույն գործոններից մեկը:
Հայտարարությունները նկատի ունենալով, բացի Իսրայելից (նաեւ որոշակի երանգով Կանադայից) որեւե կողմ չի ողջունում կամ չի ուզում ճանաչել նորովի մի երկրի ստեղծման ուղղությամբ առնված քայլը: Այդ հայտարարությունների ոճերի միջեւ կան տարբերություններ. կտրուկ ընդդիմությունից, հետեւանքների ծանրության զգուշացումներից մինչեւ Իրաքի տարածքային ամբողջականությունը չխախտելու կոչեր` իրենց երանգներով եւ նրբերագներով դեռևս պիտի շարունակվեն:
Բայց անկախ քրդական գործոնից, կան ուժեր, աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց կատարած հայտարարություններն ու գետնի վրա նման իրավակարգային գործընթացների կանաչ լույս տալու մղումները իրար չեն համընկնում: Փաստորեն ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ քաղաքական նման տարածաշրջանային իրադարձությունները ինքնուրույն չեն կայացվում եւ ինչպես պատերազմական գործողությունները այնպես նաեւ քաղաքական նման ցնցումները համաձայնեցվում են տարբեր շահագրգիռ կողմերի հետ:
Բայց կա իրոք ռազմաքաղաքական անհանգստություն: Կան նաեւ այս հարթության վրա շահերի համընկումներ: Եթե Իրանն ու Թուրքիան իրենց սահմանները փակում են անկախացման ճանապարհն ընտրած Քրդստանի հետ, ասել է, թե հեռանկարային առումով թե՜ Իրանում եւ թե՜ Թուրքիայում ապրող քրդերի եւ նրանց բանեցրած քաղաքական գործոնի նկատմամբ գոյություն ունի խորը մտահոգություն: Իրաքյան տարածքներից բացի միայն Սիրիայի հետ այս պահի դրությամբ բաց սահման ունեցող անկախացման կամք արտահայտած իրաքյան Քրդստանը, ըստ էության նաեւ կամրջվել է աշխարհագրականորեն Սիրիայում ապրող քուրդ ազգաբնակչության, հետեւաբար նաեւ քուրդ զինյալ ուժերի հետ:
Պաշտոնական Վաշինգտոնի համար ԻՊ-ին վերացնելու եւ Իրանին հետ կանգնեցնելու համար Իրաքը պետք է միացյալ տեսնել: Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու առաջադրանքի մասին արտահայտվել է նաեւ պաշտոնական Մոսկվան. առայժմ այս չափով եւ նշումով:
Հանրաքվեի նկատմամբ հայտարարվող միջազգային ընդդիմությունը միանշանակ շարժառիթներ չունի իհարկե. պարզ է սակայն, որ ամենից անհանգիստը Անկարան է, որ այս դեպքում ճիգի մեջ է Անգարա- հատկապես Թեհրան-նաեւ Բաքու միացյալ ճակատ կազմելու Քրդստանի անկախացման գործընթացը արգելակելու առումով:
Ադրբեջանական գործոնը այս դեպքում ազդեցիկ չէ: Չմոռանանք, որ կան համառ զրույց-համոզումներ իշխող ընտանիքի քրդական ծագում ունենալու մասին: Ինքնության այս փաստը սակայն անցել է վերափոխման խորհրդային եւ ադրբեջանական հզոր փուլերից եւ դժվար լինի այս դեպքում արմատների վերադարձի միտումներ նկատել:
Խնդիրը հայկական ոսպնյակով, աշխարհաքաղաքական այս դիտակետերից բացի ունի նաեւ գաղափարաքաղաքական մոտեցումների վերաբերող հայեցակետեր: Ոչ անպայման պատմական, հեռանկարային իմաստով պահանջված տարածքների պատկանելիության գալիք վեճերի առումով, այլ զուտ այժմեական հնչեղությամբ:
Ի վերջո, այս դեպքում կա եւս մի կողմից տարածքային ամբողջականության միջազգային իրավունք եւ մյուս կողմից ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունք: Իրավական այս տեսաբանության մոտեցման մեջ հայկական կողմը ինքնահակասությունից խուսափելու պատճառներ ունի տարբեր կողմերից ավելի։ Ինքնավար Քրդստանի հետ առեւտրական հարաբերություններ հաստատած պաշտոնական Երեւանը հայեցակարգային դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտության առջեւ կարող է գտնվել շրջափակվող Քրդստանի ուղղությամբ։
Փոխլրացուցիչ քաղաքականությունը եթե մի կողմից նկատի կունենա ՀՀ-ն ու անկախացման ուղին բռնած Քրդստանը շրջափակած Անկարան, մյուս կողմից անպայման նաեւ ՀՀ-ին կենսական ցամաքային ելք մնայունորեն բաց պահած Թեհրանը, որը այս դեպքում Անկարայի հետ շահերի համընկման դիրքի վրա է:
Առանց պաշտոնական ճանաչման հարաբերությունները շարունակելու Երեւանի վարքագիծը շեղում կամ շրջադարձ կատարելու նախադրյալներ չունի: Մանավանդ, որ հանրաքվեն դեռեվս անկախություն չի նշանակում. եւ թեկուզ խաղաթղթային դերով այնուամենայնիվ Քրդստանը աշխարհաքաղաքական օրակարգ է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր