«Դե ֆակտո անկախությունը մի օր բերում է դե յուրե անկախացման». Ալեքսանդր Սկակով

Հարցազրույց ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ

Պարոն Սկակով, Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տվեց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։

– Չեմ կարծում, որ դա զուտ ընթացիկ աշխատանքային հանդիպում էր։ Այդ հանդիպումից որևէ արդյունք սպասել չէր կարելի։ Հասկանալի է, որ, եթե անգամ խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր է որևէ առաջընթաց, ինչն այս պահին միանգամայն անհավանական է թվում, ապա դա կարող է լինել միայն ամենաբարձր մակարդակով, այսինքն՝ 2 պետությունների նախագահների հանդիպման ընթացքում։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ոչ մի հարց չի լուծում, առավել ևս, որ այստեղ որևէ ակնկալիքներ չկային, որ կարող է որևէ առաջընթաց լինել բանակցային գործընթացում։

Իսկ Սարգսյան-Ալիև հանդիպումից ի՞նչ կարելի է սպասել, եթե մինչ այս Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս չեն կատարվում։

– Այո, չեն կատարվում։ Կարծես՝ դրանք թաղվել են և այլևս չկան։ Այդ պայմանավորվածությունները ներկայիս օրակարգում չեն, դրանց մասին ոչ ոք այժմ չի էլ խոսում։

Ինչո՞ւ։

– Որովհետև Ադրբեջանը չի ցանկանում դրանք կյանքի կոչել, չի ցանկանում կատարել, իսկ միջնորդները չունեն հնարավորություն կամ հատուկ ցանկություն, որպեսզի Ադրբեջանին պարտադրեն և հասնեն նրան, որ Բաքուն կատարի պայմանավորվածությունները։ Այսօր Ղարաբաղյան հակամարտությունը գերտերությունների օրակարգի առաջնահերթությունում չէ, հասկանալի է, որ կան ավելի խոշոր խնդիրներ՝ Սիրիան, Հյուսիսային Կորեան։ Եվ այդ ֆոնի վրա Ղարաբաղյան հակամարտությունը հետին պլան է մղվում։

Այս պայմաններում էլ ի՞նչ են քննարկելու Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը։

– Ըստ էության՝ այն նույն հարցերը, որ մինչև հիմա քննարկել են։ Սակայն հեշտ առաջընթաց չի կարող լինել, քանի որ այդ հանդիպումն ինքնին տեղի է ունենալու միջնորդների կողմից որոշակի ճնշումների ներքո, որպեսզի երկխոսությունը շարունակվի։ Եվ այլևս ոչինչ։

Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթում կրկին սպառնալիքներ հնչեցրեց։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանն ընդհանրապես ինչի՞ է ձգտում, ինչպե՞ս կարելի է նման հռետորաբանության հետ միաժամանակ՝ խոսել բովանդակային բանակցությունների մասին։

– Ոչ, իհարկե, բանակցություններն այս պահին բոլորովին ձեռնտու չեն Ադրբեջանին, քանի որ բանակցությունների ժամանակ նա ստիպված է լինելու գնալ զիջումների, իսկ Բաքուն բոլորովին չի պատրաստվում որևէ փոխզիջման։ Ընդհանուր առմամբ՝ այս պահին փոխզիջումների պատրաստ չէ այս հակամարտության և ոչ մի կողմը։ Եվ բանակցությունները շարունակվում են՝ միայն հանուն բանակցությունների։

Նախքան Նյու Յորքում Սերժ Սարգսյանի ելույթը, Էդվարդ Նալբանդյանը Երևանում հնչեցրել էր գնահատականներ, որոնք սկզբունքորեն տարբերվում էին այն շեշտադրումներից, որ արեց ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից։ Որոշ վերլուծաբաններ կապ են տեսնում տարածքային զիջումների, հայ-թուրքական արձանագրությունների և ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկության միջև։ Դուք ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։

– Թուրքիայի համար Հարավային Կովկասն այժմ առաջնահերթություն չէ, ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը։ Իսկ Ադրբեջանն այնքանով է հետաքրքիր, որ էներգակիրների մատակարար է, այսինքն՝ այդ հարաբերություններում ոչ մի հոգևոր կապ կամ միասնություն չկա, այդ մասին ոչ ոք լուրջ չի խոսում, և ամեն ինչ ունի իրական նպատակներ ու խնդիրներ։

Այսինքն՝ միայն այդ առումով է Ադրբեջանը հետաքրքրում Թուրքիային։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա պետք է խոսել Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության մասին, ինչն արդեն տեղի է ունենում։

Հասկանալի է, որ ռուսական շուկան, տարբեր տեսակի պայմանագրերը և զբոսաշրջիկների հոսքը զգալի նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Այսինքն՝ այստեղ ավելի կարևոր է տնտեսական շահը։ Մնացած բոլոր հարցերը գտնվում են երկրորդ պլանում։ Հայ-թուրքական արձանագրությունների առումով պետք է նշել, որ դրանց իրագործման փորձն ապարդյուն անցավ, առաջին հերթին՝ Ադրբեջանի տեսակետից։ Ըստ էության՝ Թուրքիայի վրա ազդելու Ադրբեջանի լծակները նույնը մնացին, այսինքն՝ մնացին միայն էներգակիրները։ Հնարավոր է՝ ինչ-որ պահի Թուրքիան առավել անկախ դառնա Ադրբեջանից, քանի որ այդ կախվածությունը ճնշում է նրան, բայց առայժմ դա տեսանելի չէ։

Բայց ի՞նչ եք կարծում, Թուրքիան ինչպե՞ս կարող է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ առանց Հայաստանի համաձայնության և հայ-թուրքական սահմանների փակ լինելու պարագայում։

– Իսկ ինչո՞ւ ոչ։ Թուրքիան ինչպես համագործակցել է Ռուսաստանի հետ, այդպես էլ կշարունակի։ Կա Սև ծովը, և պետք չէ մոռանալ, որ բացի հայ-թուրքական սահմանից, խնդիր կա նաև Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված, քանի որ աբխազական ճանապարհը շրջափակված է, և մոտ ապագայում դրա վերագործարկման հեռանկարներ չկան։ Այսինքն՝ սա էլ իր հերթին՝ լուրջ խնդիր է։

Երեկ տեղի ունեցավ Քուրդիստանի անկախության հանրաքվեն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կլինեն դրա հետ կապված, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում։

– Դե ֆակտո անկախությունը մի օր բերում է դե յուրե անկախացման։ Նրանք հանրաքվեն անցկացրին, բայց միջազգային հանրության, ՄԱԿ անդամ պետությունների կողմից ճանաչման գործընթացը լուրջ և երկարատև է։ Այդ պատճառով հանրաքվեն միայն 1 քայլ է անկախացման ուղղությամբ։

Իսկ այդ ամբողջ գործընթացը կարո՞ղ է ազդել Ղարաբաղի խնդրի վրա, մասնավորապես՝ ԼՂ միջազգային ճանաչման։

– Սկզբունքորեն տարածաշրջանում բոլոր իրադարձությունները կարող են ազդել ԼՂ հակամարտության վրա։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Բայց ուղիղ ազդեցություն դժվար թե լինի։ Ընդհանուր առմամբ՝ դա հավելյալ հոգս կստեղծի Թուրքիայի համար, որովհետև Իրաքի քրդերի օրինակը կազդի և՛ Թուրքիայի, և՛ Սիրիայի քրդերի վրա։ Ըստ էության՝ Քուրդիստանի անկախությունն օրինաչափ է, սակայն մյուս կողմից՝ դա չի նպաստի տարածաշրջանում կայունության ավելացմանը։

Եվրամիությունը մտադիր է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ընդունել, եթե ազատ չարձակեն քաղբանտարկյալ Իլգար Մամադովին: Հնարավոր համարո՞ւմ եք այդ պատժամիջոցները, և ի՞նչ կփոխեն դրանք։

– Կարծում եմ՝ առանձնապես ոչինչ չի փոխվի, որովհետև մի շարք հարցեր կան՝ պատժամիջոցներ իսկապես կսահմանվե՞ն, ի՞նչ ծավալի կլինեն։ Իմ կարծիքով՝ դրանք կշրջանցեն էներգետիկ ոլորտը, այսինքն՝ էներգակիրների մատակարարումը Եվրոպա ինչպես իրականացվել է, այնպես էլ կշարունակվի։ Իսկ մնացած հարցերն Ադրբեջանի համար այնքան էլ մահացու չեն։

Տեսանյութեր

Լրահոս