Շիրակի մարզին «Վալպրոաթթուն» քիչ է տրամադրվել

168.am-ը շարունակում է ուսումնասիրել ՀՀ ԱՆ-ի կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերված և Շիրակի մարզպետարանի Առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությանը տրամադրված դեղերի վերաբերյալ հետաքննությունը:

Մեր հիմնական ուսումնասիրության թեման հետևյալն է. արդյո՞ք դեղերը տրամադրվում են մարզում առկա հիվանդների թվին համապատասխան:

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Շիրակի մարզում 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված են ոչ շաքարային դիաբետով տառապող՝ 18, պարբերական հիվանդությամբ տառապող՝ 612, էպիլեպսիայով տառապող՝ 583 հիվանդ:

Շիրակի մարզում 2017 թվականի երրորդ եռամսյակի համար  ՀՀ առողջապահության նախարարության կողմից պարբերական հիվանդությամբ տառապող անձանց համար ստացվել է 51.840 հաբ «Կոլխիցին», ոչ շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար 145 շշիկ «Դեսմոպրեսին», էպիլեպսիայով տառապող հիվանդների համար տրամադրվել է 14.200 հաբ «Վալպրոաթթու»:

Կարդացեք նաև

«Պոլիկլինիկաներին դեղաբաշխումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակի սկզբում՝ հաշվի առնելով հիվանդների թիվը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հիվանդին հատկացվող դեղորայքի օրական չափաբաժինը որոշվում է բուժող բժշկի կողմից՝ ելնելով հիվանդության բարդությունից և ընթացքից»,- նշված է Շիրակի մարզպետարանի՝ 168.am-ին ուղղված հարցման պատասխանում:

Նշենք, որ ՀՀ ԱՆ-ն կենտրոնացված կարգով ձեռք է բերում և դեղաբաշխումը մարզերին իրականացնում քրոնիկ հիվանդոություններ ունեցող հիվանդների համար:

Այս անգամ որոշեցինք հաշվարկ կատարել՝ համոզվելու համար, թե արդյո՞ք ՀՀ ԱՆ-ն կենտրոնացված կարգով ձեռք բերած դեղերը պարբերական, էպիլեպսիկ և ոչ շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար Շիրակի մարզին  տրամադրել է՝ հաշվի առնելով մարզում առկա վերը նշված հիվանդություններով տառապող հիվանդների թիվը:

Սկզբում անդրադառնանք պարբերական հիվանդությանը, որը ժառանգական ինքնաբորբոքային հիվանդություն է:

Ըստ doctors.am-ի, այս հիվանդության առաջացումը պայմանավորված է 16-րդ քրոմոսոմի կարճ թևում տեղակայված MEFV գենի միսսենս մուտացիաներով և բնորոշվում է դեպքերի մեծամասնությունում որոշակի տարիքից սկսվող պարբերաբար կրկնվող, հիմնականում տենդով ուղեկցվող, սովորաբար մի քանի օր տևողությամբ շճաթաղանթաբորբային նոպաներով, ինչպես նաև, կոլխիցինային բուժման անլիարժեքության պարագում՝ հոդերի ախտահարման, գերազանցապես երիկամային ախտահարումով AA-ամիլոիդոզի և այլ հիվանդությունների զարգացման բարձր հավանականությամբ:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայից, այս հիվանդության բուժման համար նախատեսված  «Կոլխիցինի» մեկ տուփը (պոլիկլինիկաները հայկական արտադրության մեկ միլիգրամանոցն են ստանում)՝ 96 հաբ է պարունակում, մեկ հիվանդն օրական միջինը 2-3 հաբ է խմում, իսկ արտասահմանյան արտադրության «Կոլխիցինի» դեպքում 1 հաբն էլ բավարար է: Ինչպես վերևում էինք  նշել, պարբերական հիվանդությամբ տառապող անձանց՝ օգտագործման նպատակով երրորդ եռամսյակի համար տրամադրվել էր 51.840 հաբ «Կոլխիցին», որը յուրաքանչյուր ամսվա համար կկազմի 17280 հաբ: Շիրակի մարզում առկա է պարբերական հիվանդությամբ տառապող 612 հիվանդ:

Մենք որոշեցինք հաշվարկ կատարել, պայմանականորեն ընդունելով, որ մեկ հիվանդն օրական մեկ  կամ ամսական 30 հաբ «Կոլխիցին» է օգտագործում: Այս դեպքում ստացվում է, որ ամեն ամիս այս դեղից ստանում է 576 հիվանդ՝ 36-ով պակաս Շիրակի մարզում առկա հիվանդների թվից:

Սակայն դեղն արտադրող «Արփիմեդ» ընկերության կայքում:

նշված է, որ պարբերական հիվանդության դեպքում հիվանդները «Կոլխիցին»  երեկոյան ընդունում են 1-4 դեղահատ (0,5-2,0 մգ կոլխիցին):

Ուստի միջինը ամսական յուրաքանչյուր հիվանդի պետք է տրամադրվի ամենաքիչը 60 դեղահաբ «Կոլխիցին»: Այս դեպքում Շիրակի մարզում դեղ ստացող հիվանդների թիվը կկազմի ընդամենը 288-ը՝ հիվանդների թվից 324-ով պակաս: Կամ, դեղ են ստանում  Շիրակի մարզում հաշվառված պարբերական հիվանդությամբ տառապող անձանց 47,05 տոկոսը:

Մեր հաշվարկի երկու դեպքում էլ դեղն ավելի քիչ է ստացվել, քան մարզում առկա հիվանդներն են: Չնայած սրան, Գյումրու պոլիկլինիկաներից մեկի տնօրենի հավաստմամբ՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրենք դեղերի պակաս չեն ունեցել:

«Մեր մոտ դեղերի ուշացում չի լինում: Կոնկրետ իմ ժամանակահատվածի համար եմ ասում, պատասխանատու չեմ ուրիշի համար, նման խնդիր չի եղել: Շատ հազվադեպ՝ մեկ դեպք, երկու դեպք, եթե ուշացավ, ամբողջ մարզում կլինի: Եթե ուշացավ էլ, մենք օպերատիվ կերպով առողջապահության բաժին ենք դիմում: Կարող է պահի տակ հիվանդը չի ստանում մենք էլ չենք ունենում, որպեսզի չուշանա, գնում, տարբեր տեղերից հավաքում, բերում եմ: Ու էդ ամեն ինչը օրինական, օրենքով  արձանագրվում է: Հիվանդ կա, կարող է ամիսներով չգա, դեղ չստանա, իր միջոցներով արտասահմանյան արտադրության դեղը գնի: Մարդ կա, ինքը խնդիր ունի, սակայն կյանքում պոլիկլինիկա չի դիմի, հայկական «Կոլխիցին» չի ստանա: Մենք ներկայացնում ենք հիվանդների քանակը, ըստ այդմ բաշխում է կատարվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի տնօրենը:

Այժմ անդրադառնանք էպիլեպսիկ հիվանդներին:

Էպիլեպսիան կամ ընկնավորությունը նյարդային համակարգի  հիվանդություն է,  բնութագրվում է պարբերաբար կրկնվող նոպաներով, որոնք հանգեցնում են շարժողական, վեգետատիվ ու մտածողության ժամանակավոր խանգարման: Հիվանդությունը կապված է  նեյրոնների չափազանց ակտիվությամբ, ինչի հետևանքով առաջանում են նեյրոնային լիցքաթափումներ, որոնք հանգեցնում են էպիլեպտիկ նոպայի: Հիվանդության տարածվածությունը հասուն բնակչության շրջանում  կազմում է 0,3-1%, ու հաճախ հիվանդությունն առաջանում է մինչև 20 տարեկանը: Նոպաներն անսպասելի են սկսվում, անհամաչափ ընդմիջումներով: Տարածված կարծիք կա, որ էպիլեպսիան չի բուժվում: Սակայն ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են տալիս հիվանդների 65%-ին ազատվել նոպաներից, իսկ 20%-ին` էականորեն նվազեցնել նոպաների քանակը:

Ընդ որում, տարբեր տարիքների համար հիվանդության առաջացման  պատճառները տարբեր են: Փոքր տարիքի երեխաների համար հիմնական պատճառը  մոր հղիության ժամանակ հիպօքսիան է` թթվածնային քաղցը, ներարգանդային փուլում զանազան ինֆեկցիաները (հերպես, կարմրախտ), կամ էլ  գլխուղեղի բնածին արատները: Գոյություն ունի նաև ժառանգականության գործոն:

Էպիլեպսիկ հիվանդների համար նախատեսված  «Վալպրոաթթուն» լավացնում է էպիլեպսիկ հիվանդների հոգեկան վիճակը, բարձրացնում տրամադրությունը:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայից, վերը նշված հիվանդների համար իրենք ստանում են «Վալպրոաթթու», որի (ԴԵՊԱԿԻՆ ԷՆՏԵՐԻԿ, Վալպրոատի Նատրիումական Աղ) մեկ տուփը պարունակում է 100 հատ դեղահաբ: Կախված հիվանդի վիճակից, ամսական յուրաքանչյուր հիվանդի կարող է 60 հաբ տրամադրվել կամ 90, օրական 1-2 կամ 3 հաբ:

Ինչպես նշել էինք, երրորդ եռամսյակի համար էպիլեպսիայով տառապող հիվանդների համար տրամադրվել է 14.200 դեղահաբ, իսկ Շիրակի մարզում  այս հիվանդների թիվը 583-ն է:

Եթե պայմանականորեն ընդունենք, որ յուրաքանչյուր էպիլեպսիայով տառապող հիվանդ օրական երկու հաբ է ընդունում այս դեղամիջոցից, կստացվի, որ  ամեն ամիս ընդամենը 78 հիվանդի է բաժին հասնում այս դեղը, իսկ եթե ընդունենք, որ օրական մեկ հաբ է հիվանդն ընդունում այս դեղամիջոցից, ապա եռամսյակի ընթացքում ամեն ամիս դեղը բաժին կհասնի 157 հիվանդի կամ մարզում առկա հիվանդների 26 տոկոսին:

Հայկական «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցում Депакин энтерик таб. п/о 300мг х 100»-ը, որը պարունակում է 100 դեղահաբ, արժե  10.500 դրամ: (Տե´ս այստեղ.):

Եթե ընդունենք, որ 426 հիվանդ ամսական պետք է մեկ տուփ այս դեղից ստանար, ուրեմն  դեղատնային գներով հաշված՝ իրենք 4.473.000 դրամի դեղ չեն ստանում:

Անդրադառնանք նաև ոչ շաքարային դիաբետով հիվանդներին: Այս հիվանդության առկայությունը կոչվում է նաև հիպոգլիկեմիա կամ թերշաքարայնություն՝ արյան մեջ շաքարների պարունակության իջեցումը նորմայի համեմատ:

Վերևում նշել էինք, որ մեր մարզում ոչ շաքարային դիաբետով տառապող 18 հիվանդ կա: Իրենց համար երրորդ եռամսյակում 145 շշիկ «Դեսմոպրեսին» է բերվել:

Ամսական յուրաքանչյուր հիվանդի միջինը 2 շշիկ «Դեսմոպրեսին» է տրամադրվում: Մեր հաշվարկներով՝ եռամսյակի ընթացքում ամեն ամիս 145 շշիկը կբավարարեր 24-ից ավելի հիվանդի, այնինչ մարզում ընդամենը 18 հիվանդ կա, իսկ ամսական 3 շիշ տրամադրելու դեպքում կբավականացնի 16 հիվանդի:

Առայժմ մեր հետազոտությունը ցույց է տվել, որ  ամենաշատն էպիլեպսիկ և երկրորդ կարգի շաքարային դիաբետով տառապող անձանց համար նախատեսված դեղերի բաշխման հարցում են առկա ամենամեծ թերացումները. մենք բացահայտել ենք, որ դեղերը հիվանդների թվի համեմատ քիչ են ստանում:

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ էպիլեպսիկ հիվանդների համար նախատեսված «Վալպրոաթթուն» դեղատներում բավական բարձր գին ունի՝ 10.500 դրամ, և Շիրակի մարզում առկա էպիլեպսիայով հիվանդների հազիվ 26 տոկոսն է այս դեղը ստանում: Ստացվում է՝ որքան դեղը թանկարժեք է, այնքան քիչ է հասնում հիվանդներին: Շիրակի մարզում առկա երկրորդ կարգի շաքարախտով հիվանդների 40.16 տոկոսը «Դիաբետոն» չի ստանում, 43 տոկոսն էլ՝ «Մետֆորմին»:

Մենք ուսումնասիրելու ենք նաև երրորդ եռամսյակի համար ստացված ինսուլինի՝ Շիրակի մարզում ինսուլին ստացող հիվանդների թվին համապատասխանության, հոգեկան հիվանդների կողմից ամենաշատն օգտագործվող դեղերի քանակի՝ Շիրակի մարզում առկա այս հիվանդությամբ տառապող հիվանդների թվին համապատասխանության հարցը, ինչպես նաև պարզելու ենք, թե մեր մարզում  առկա երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների թիվը քանիսն է, արդյո՞ք այս հիվանդների մեծ մասը կարողանում են ստանալ իրենց համար նախատեսված, շատ կարևոր նշանակություն ունեցող, հեմոգլոբինը բարձրացնող «Ռեկարմոն» դեղը, որը նաև անեմիայով տառապող հիվանդների համար է:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեցին որոշ հիվանդներ, իրենց մոտ հեմոգլոբինի մակարդակը շատ ցածր է լինում, ուստի, առնվազն անբարոյականություն է այս դեղը հիվանդների մեծ մասին հասանելի չդարձնելը: Հեմոդիալիզի ժամանակ էլ կարող է իրենց ճնշումն ընկնել:

Ըստ մեր ուսումնասիրությունների, այս դեղը ռուսական դեղատներում բավական բարձր գին ունի՝ 1049-ից մինչև 29.600 ռուբլի, կամ 8717 դրամից մինչև 245.976 դրամ:

Առհասարակ ՀՀ ԱՆ-ի կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերն ավելի էժան են, քան դեղատներում վաճառվող նույն դեղերը: Օրինակ, մեր հաշվարկով՝ «Դիաբետոն ՄՌ»-ի մեկ տուփը  նախարարությունը կենտրոնացված կարգով ձեռք  է բերում 1017 դրամով, իսկ դեղատներում այն վաճառվում է 3900-4500 դրամի սահմաններում` 3-4 անգամ թանկ: Սա նշանակում է՝ դեղերի մաֆիան Հայաստանում ամուր արմատներ է գցել: Ու գրեթե բոլոր ոլորտներում սպառողների հաշվին գերշահույթներ են ստանում:

Նույն մոնոպոլիան առկա է, օրինակ, գազամատակարարման ոլորտում:

Ինչպես տեղեկացանք տնտեսագետ Հայկ Գևորգյանից, գազի գինը սահմանի վրա 1000 խմ-ն 150 դոլար է, իսկ բնակչին մեկ խմ-ն վաճառվում է 139 դրամով:  Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1000 խմ գազը բնակչին վաճառվում է 139000 դրամով կամ 289 դոլարով, կստացվի, որ գազը բնակիչներին գրեթե 2 անգամ թանկ է վաճառվում:

Սա նշանակում է, որ դեղերի ու այլ ապրանքատեսակների գնագոյացման հարցում խոշոր ընկերություններն առաջնորդվում են սեփական շահերից ելնելով:

Հավելենք, որ բոլոր թվարկված դեղերը բաց են թողնվում դեղատոմսով ու բժշկի ցուցումով:

2005 թվականի Դեղերի մասին օրենքի 29-րդ հոդվածով դեղատոմսով տրվող դեղերի մասին տեղեկատվությունը կարող է ներկայացվել միայն մասնագիտական հրապարակումներում, տեղեկատուներում, մենագրություններում, գիտական հոդվածներում, գիտաժողովների և այլ նման միջոցառումների ժամանակ ներկայացված զեկուցումների ձևով, բացառելով զանգվածային լրատվամիջոցների կիրառումը:

2016-ին ընդունված դեղերի մասին օրենքի 27-րդ հոդվածի համաձայն,  դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է:

Միաժամանակ  օրենքը չի հստակեցնում, թե կոնկրետ ի՞նչ բնույթի տեղեկատվության տարածումն է արգելվում: Չէ՞ որ հանրության համար կարևոր նշանակություն ունեցող խնդրի մասին ենք բարձրաձայնում, ինչպիսին է՝ հիվանդներին անվճար տրամադրվող դեղերի հարցում առաջ եկող խոչընդոտները:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս