ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է իրականացրել
ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է իրականացրել, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սա 1998 թվականից ի վեր արդեն վեցերորդ անգամն է, երբ ԿԺԴՀ-ի կողմից արձակված հրթիռը կամ դրա բաղադրատարրերը թռչում են Ճապոնիայի տարածքի վրայով: Արձակումն առաջինն է դարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նոր բանաձեւի ընդունման պահից, որը խստացնում է Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ճապոնական կողմի կարծիքով՝ ԿԺԴՀ-ն կարող էր արձակել միջմայրցամաքային հրթիռ, սակայն ԱՄՆ-ի զինուժերը կարծում են, որ Փենյանն իրականացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ Փենյանի շրջանից արձակված հրթիռն անցել է 3,7 հազար կիլոմետր եւ հասել 770 կմ առավելագույն բարձրության: Ճապոնիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռն անցել է Հոկայդո կղզու հյուսիսային մասի վրայով եւ Խաղաղ օվկիանոսն ընկել Էրիմո հրվանդանից 2 հազար կմ հեռավորության վրա:
Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Հարավային Կորեան պահանջել են սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ կոնսուլտացիաներ ցանցկացնել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակման կապակցությամբ: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, «ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ կոնսուլտացիաները կկայանան Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին»:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը որակել է խելացնոր գործողություն, նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրազեկված է պատահածի մասին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակումը ուղղակի սպառնալիք է իր երկրի ու ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար եւ բացարձակապես անընդունելի է ու անթույլատրելի:
«Այդօրինակ գործողությունների կրկնվելը բացարձակապես անընդունելի է ու անթույլատրելի,- ընդգծել է Աբեն:- Միջազգային հանրակցությունը պետք է Հյուսիսային Կորեային հասկանալ տա, որ նա ապագա չունի, եթե շարունակի իր ընթացիկ քաղաքականությունը»:
Հարավային Կորեան դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից նոր բալիստիկ հրթիռի արձակումը: Ինչպես ասված է երկրի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ, «Անխոհեմ հյուսիսկորեական սադրանքը հերթական մարտահրավերն է միջազգային հանրակցությանը»: Արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորել է Փենյանին հրաժարվել լարվածության բորբոքումից եւ վերադառնալ բանկցությունների սեղանի շուրջ:
Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ի պատասխան Փենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման: Սահմանափակիչ միջոցառումների նոր փաթեթը թվով իններորդն է 2006 թվականից ի վեր, երբ Հյուսիասային Կորեան կատարեց իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումը:
Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը նախատեսում է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում եւ նավթահումքի ներմուծման սահմանափակում:
ԿԺԴՀ-ն մերժել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները: «Փենյանը մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անօրինական բանաձեւը, որում հրթիռային արձակումը որակված Է որպես սպառնալիք միջազգային հանրակցությանն ու անվտանգությանը: Այդ փաստաթղթով մեզ զրկել են ինքնապաշտպանության իրավունքից: Դա խոսում Է այն մասին, որ մեզ հարկավոր է ավելի արագ զորեղ ազդակ հաղորդել Հյուսիսային Կորեայի հզորության մեծացմանը՝ ինքնիշխանության եւ գոյության իրավունքի ապահովման համար»,- նշել է երկրի ԱԳ նախարարությունը: