«Ուսանողը շատ իրավացի է, երբ ասում է, որ Google-ում կփնտրի՝ կիմանա դրա մասին. բուհերը պետք է քննական մտածողություն զարգացնեն». Արևիկ Անափիոսյան
«Այսօր բարձրագույն կրթությունը չի տալիս այն գիտելիքը, հմտությունը և կարողությունները, որը ձեռք բերելուց հետո շրջանավարտը կկարողանա իրեն գտնել ոչ միայն ներքին, այլև արտաքին աշխատաշուկայում»,- այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը։
Նա նկատեց, որ Հայաստանը փորձեց տարբեր միջազգային նախաձեռնություններին միանալով՝ ստեղծել մի համակարգ, որով կարողանանք ունենալ համադրելի և թափանցիկ բարձրագույն կրթություն, բայց դա, ըստ նրա՝ մնաց փաստաթղթերի մակարդակում.
«Եվ ասում են, թե դրանով որակ են փորձում ապահովել։ Իրականում որակը բացարձակ փաստաթղթերում չի ապահովվում, այլ դասավանդման և ուսումնառության մակարդակում։ Այստեղ խնդիր ունենք և՛ բովանդակության արդիականացման հետ, և՛ մեթոդաբանության»:
Բարձրագույն կրթության կարևորագույն խնդիրներից մեկը, ըստ Անափիոսյանի՝ քննական մտածողության զարգացումն է.
«Քննական մտածողությունն անհնար է դասավանդել, դա լինում է որևէ դասավանդման գործընթացին զուգահեռ տրվող արդյունք։ Քննական մտածողության զարգացմանը հնարավոր է հասնել դասավանդման ակտիվ մեթոդաբանության շնորհիվ։ Իսկ դա ենթադրում է, որ նախ պետք է բովանդակությունը լինի հետաքրքիր, և ցանկացած տեսություն ներկայացնելիս՝ դասախոսը պետք է այնքան պատրաստված լինի, որ կարողանա իրական կյանքից օրինակներ բերել, և դասախոսությունները չլինեն միակողմանի»։
Փորձագետի խոսքով՝ այսօր ուսանողն ինֆորմացիա ստանալու կարիք չունի.
«Նա ունի ուղղորդման կարիք, թե որ ինֆորմացիան վերցնի, որը թողնի և ինչ անի այդ ինֆորմացիայի հետ։ Ուսանողը շատ իրավացի է, երբ ասում է, որ Google-ում կփնտրի՝ կիմանա դրա մասին։ Նրանք պետք է իմանան, թե ինչպե՞ս աշխատեն այդ թվերի ու փաստերի հետ։ Եվ եթե մեր դասախոսական համայնքը չի տիրապետում այն մեթոդաբանությանը, որով հնարավոր կլինի այս հմտությունները փոխանցել, սովորեցնել ուսանողներին, ընդհանրապես լիահույս չեմ, որ մենք կկարողանանք այդ քննական մտածողությունը զարգացնել»։
Իսկ քննական մտածողության զարգացումը, ըստ նրա՝ բացարձակ ինքնանպատակ չէ.
«Մենք խոսում ենք, որ գնում ենք դեպի ժողովրդավար պետություն, բայց ինչպե՞ս ենք տրանսֆորմացնելու հասարակությանը, եթե ոչ՝ քննական մտածողության շնորհիվ։ Բակալավրում ավելի վատ վիճակ է. տեսնում ենք, թե ուսանողները որքան կարծրատիպային են, ինչը դասախոսական համայնքի մեղքով է։ Մագիստրատուրայում մի փոքր ավելի ինֆորմացված են լինում, բայց միևնույն է՝ դեռևս չունեն այդ քննական մտածողությունը»։
Բուհական կրթության որակի հետ կապված մյուս խնդիրը, Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ հետազոտական հմտությունների և առարկաների բացակայությունն է, որոնցով ուսանողներին կոսովորեցնեն, թե ինչպես անել հետազոտություն.
«Եթե մենք ունենայինք քննական հետազոտության հմտությունները, որով կսովորեինք՝ ինչպես պետք է ցանկացած խնդիր ուսումնասիրել, փորձել ավելի խորությամբ հասկանալ, դա նույնպես կնպաստեր քննական մտածողության և դիսկուրսի զարգացմանը բուհերում»։
Նա ընդգծեց, որ բարձրագույն կրթության ոլորտում առավել մեծ գործ ունեն անելու բուհերը.
«Դասախոսների զարգացման համար բուհերում կան դասախոսների վերապատրաստման ծրագրեր, որոնք իրականում շատ ֆորմալ բնույթ են կրում։ Իմ առաջարկն այն է, որ բուհերը կարողանան շեշտադրել հետազոտական բլոկի զարգացումը։ Եթե հետազոտական բլոկը զարգացնեն՝ իրենք բուհեր կբերեն նաև դրամաշնորհներ և դրանով ինչ-որ չափով կկարողանան դիվերսիֆիկացնել բուհերի ֆինանսավորումը։ Այսօր շատ փոքրիկ տոկոս են կազմում այդ հետազոտությունները»։