«Փորձում ենք հնարավորինս բավարարել քաղաքացու՝ բարձրագույն կրթություն ստանալու պահանջը». Ռոբերտ Սուքիասյան
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով քննարկման ընթացքում նշեց, որ, եթե այս տարի Հայաստանում կար ընդամենը 20 հազար շրջանավարտ, ապա հաջորդ տարի այն ուղիղ կիսվում է՝ դառնալով 10-11 հազար. «Այսինքն՝ հաջորդ տարի ևս ունենալու ենք պակաս թվով ընդունելություն»։
Նա նկատեց՝ եթե մենք ուղիղ աշխատելու ենք աշխատաշուկայի հետ և միայն բավարարելու ենք տվյալ ոլորտի ուղղությունը մասնագետներով, ապա ունենալու ենք շատ սահմանափակ մասնագիտություններ.
«Մեր որդեգրած քաղաքականությունը բարձրագույն ուսումնական համակարգում ընդգրկվածության մեծացումն է։ Այսինքն՝ մենք արդեն իսկ կարիք ենք ունենում ոչ միայն միջին մասնագիտական կամ հանրակրթական ուսումնական հաստատություն ավարտած շրջանավարտներով համալրել, այլ այսօր շուկայի պահանջներն այնքան են բարձրացել, որ բարձրագույն կրթության վրա է շեշտադրում արվում»։
Հետևաբար, նա նշեց, որ նախարարության նպատակը տնտեսության գերակա ուղղությունները համալրելն է, և դրան զուգահեռ՝ հնարավորինս բավարարելը քաղաքացու՝ բարձրագույն կրթություն ստանալու պահանջը.
«Եթե մենք զուտ շուկային նայենք, թե այսօրվա շուկան ինչ է առաջարկում, ապա կունենանք ընդամենը մի քանի ուղղություն, որոնց պահանջարկը բավականին մեծ է։ Դրան զուգահեռ՝ մենք ունենք ոլորտներ, որոնք պարտավոր ենք պահել, որովհետև սրանք լինելու են այն հիմքը, որով արդեն զարգանալու է շուկայի այդ ճյուղը։ Օրինակ՝ չենք կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղը զարգացնել, եթե այնտեղ չունենք մաթեմատիկա։ Դրա համար այսօր առաջ են գալիս ոչ միայն նեղ ուղղություններ, այլ նաև միջառարկայական մասնագիտությունների պահանջարկն է գալիս»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում, որ այդ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը նույնպես մեծանա, նա պատասխանեց, որ ինչ քաղաքականություն էլ իրականացվի՝ որոշում կայացնողը դիմորդն է.
«Այսօր մոտ 30-32 %-ը հումանիտար ուղղությունն է, այնուհետև գալիս է տնտեսագիտություն, կառավարում՝ մոտ 20-22%, երրորդ տեղում՝ մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հետո՝ բժշկություն, ագրարային։ Եթե համեմատում ենք, ապա գրեթե նույն պատկերն է եվրոպական տարածքում։ Մեզ համար բնագիտությունը շատ կարևոր է, և այս տարվա մեր գերակա ուղղություններում նախատեսված է, որ այս ուղղությամբ հայեցակարգն ավարտենք, որն ուղղված կլինի այս ոլորտի պահպանմանն ու զարգացմանը՝ անկախ այս հատվածում ուսանողների թվաքանակի ավելացումից։ Միգուցե այստեղ պետության միջամտությունն ավելին լինի, քան մյուս ուղղություններում»։