Տարեդարձ է այսօր
Կառավարության առաջին տարեդարձը մի տեսակ աննկատ անցավ: Պատճառներից ամենակարևորը, թերևս, այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը չափազանց բարձր նոտայից սկսեց իր գործունեությունը:
Անցած աշնանը նորանշանակ կառավարությունը իր ողջ ջանքերն ուղղել էր հասարակությանը ոգևորելու, հասարակական սպասում-հույսեր արթնացնելու գործին: Այդ պահին իշխանության բարձրագույն պաշտոններին հասած կառավարության անդամներին չէր մտահոգում այն, որ մեծ սպասումների չարդարանալու դեպքում հուսահատությունն էլ է նույնքան մեծ լինում: Եթե իր գործունեության PR-ը կառավարությունն այդքան ագրեսիվ չաներ, այսօր տարեկան հաշվետվություն ներկայացնելիս նշելու ահագին բան կունենար: Օրինակ, կկարողանար հանգիստ խղճով խոսել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին, կկարողանար հպարտանալ երկնիշ աճով:
Ավելին, բոլորիս՝ որպես հասարակություն, կամ՝ որպես անհատ քաղաքացի, մանրամասն կբացատրեին, որ այդ «երկնիշ» կոչվածը վերաբերում է արդյունաբերությանը: Այս տարի արդյունաբերությունն աճել է 12,7 տոկոսով: Համաձայնենք, որ հարգանքի արժանի ցուցանիշ է: Այսինքն, եթե կառավարությունն իր նախընտրած բառապաշարով ասած՝ «դրայվը» մսխած-պրծած չլիներ՝ հիմա որոշակի հաջողություններ կարող էր նշել:
Ավելին, կառավարության գործունեության տարեդարձի օրը ԿԲ նախագահը հայտարարեց, որ «մենք կարողացել ենք պատմականորեն ամենացածր մակարդակի հասցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»:
Սա, հարկավ, նույնպես կարելի էր օգտագործել PR նպատակով՝ խոսել գնաճի ցածր տեմպի մասին, որ հնարավոր եղավ կառավարության հմուտ գործունեության արդյունքում: Բայց մեր կառավարությունը ինքն իրեն հենց սկզբից զրկեց «գլուխ գովալու» բոլոր մեթոդներից ու հնարքներից: Նախ վարչապետը, ապա կարծեմ այդ պահին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեցին, որ այս տարի մեր տնտեսությունը կստանա 800 մլն ԱՄՆ դոլար ներդրում:
Այդ հայտարարությունը բոլորը՝ փորձագետներից մինչև պարզ քաղաքացի թերահավատությամբ ընդունեցին: 800 մլն դոլար ներդրումը չափազանց մեծ թվաց բոլորին: Մեր տնտեսական կյանքը նման նախադեպ չէր ունեցել: Միայն նոր կառավարության ջատագով ՀՀԿ-ական պատգամավորների մի մասն էր պնդում, որ կառավարության կազմում նորելուկներ չեն և, եթե վստահ չլինեին, նման խոստում չէին տա:
Ի վերջո, որքան էլ «նեոտնտեսագիտական» մեթոդաբանություն հնարես ու կիրառես, միևնույն է, ներդրումները կոնկրետ չափվող երևույթ են: Ասենք՝ 150 մլն դոլարանոց ներդրումը, ոչ դասական, այլ «կրեատիվ» մեթոդաբանություն կիրառելով՝ կարելի է ներկայացնել մի քիչ ավելի, բայց այն ձգել ու հասցնել 800 մլն-ի, կարծես անհնար է: Բայց հարազատ իշխանությունները մի քանի ամիս թմբկահարում էին հենց 800-անոց ցուցանիշը: Կարծես տնտեսության մեջ ամենակարևորը հենց արտասահմանյան ներդրումներն են: Թմբկահարեցին, թմբկահարեցին, հասարակությանը համոզեցին ու կանգնեցին պուշկինյան կոտրված տաշտակի առջև: Բայց մի պահ, ժամանակակից բառուբանով ասած, հավես էր:
Կառավարությունը մարզերում արտագնա նիստեր էր անում: Անում ու ֆինանսավորման արժանի ծրագրեր էր հավաքում: Այդ պահից արդեն կարելի էր եզրակացնել, որ չնայած իր ԱԺ ներկայացրած ու այնտեղ վավերացված գործունեության ծրագրին՝ մեր կառավարությունը հստակ չի պատկերացնում, թե ինչ է անելու տնտեսության հետ: Հիմա բոլորն են չարախնդում կառավարության վրա, որ սույն հարգարժան մարմինը չկատարեց իր 800 մլն դոլարանոց խոստումը: Մեր կառավարության տարեդարձի օրերին ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ «Հայաստանի տնտեսությունը ներդրումների կարիք չունի»: Շատ փորձագետներ են համաձայն այս պնդման հետ:
Հայաստանն իրեն անհրաժեշտ տնտեսական ծրագրերն իրագործելու համար միշտ էլ ի զորու է ներքին աղբյուրներից ֆինանսական միջոցներ հայթայթել: Հետևեք բանկերի ու ֆինանսավարկային կազմակերպությունների գովազդին ու ինքներդ կհամոզվեք, որ վարկավորման միջոցների պակաս չկա: Ֆինանսական կազմակերպությունները համաձայն են անգամ մեկ ամիս ժամկետով անտոկոս 100 հազար դրամ վարկ տալ: Անտոկոս ու անգրավ: Միայն թե որևէ վարկառու «կպնի»: Բանկերն 800 հազար դրամ են անգրավ վարկ առաջարկում: Եվ այսպես շարունակ: Իհարկե, միանշանակ պնդելը, որ Հայաստանում տնտեսաան ծրագրերի պակաս կա, ճիշտ չէ:
Պարզապես փորձը ցույց տվեց, որ մեր կառավարությունն այդ ծրագրերն այնտեղ չի փնտրում, որտեղ անհրաժեշտ է: Մյուս կողմից՝ կարելի է նաև եզրակացնել, որ մեր կառավարությունը, չնայած իր սուպեր-պուպեր ժամանակակից ու «դրայվոտ» տեսքին՝ չի հանդգնում խիզախ ու հեռանկարային, բայց ռիսկային ծրագրեր ֆինանսավորել:
Պատճառը կարող է շատ ազնիվ լինել՝ գուցե հանրային գումարները չի կարելի ներդնել ռիսկային ծրագրերում: Հետևաբար՝ մեր իշխանությունները լավագույն դեպքում կշարունակեն ֆինանսավորել մուրաբա-կոմպոտի սեփական արտադրությունները: Իսկ բանկերն իրենց գոյությունը քարշ կտան՝ թանկ ու կրակ սպառողական վարկեր տալով: «Արտաքին տեսքը խաբուսիկ է» – մտածեց ոզնին՝ կակտուսի վրայից իջնելով: Համաձայն եմ, հին անեկդոտ է, բայց ընդունեք, որ նաև բնորոշ է: