«Երկրորդ գերեզմանի վիճակը շատ ծանր է, առաջինինը՝ ավելի ծանր». Սամվել Բալասանյան

Սեպտեմբերի 12-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ ավագանին հավանության արժանացրեց  «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր տեղը համալրելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Մենք գիտենք, թե ինչ ծանր իրավիճակ է տիրում այս ոլորտում: Ես առաջարկել եմ իմ խորհրդականին՝ Դավթյանին, որպեսզի ինքը ղեկավարի այս կառույցը: Իհարկե, մենք պետք է շատ օգնենք իրար: Ես կառավարություն եմ դիմել քանի անգամ, որպեսզի գերեզմանի տեղ տան, որովհետև իրոք տեղ չկա:

Շիրակ գերեզմանատանը ոնց որ 12.5 հեկտար հող հատկացվել է, երկրորդ գերեզմանի վիճակը շատ ծանր է, առաջինինը՝  ավելի ծանր է: Պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել: Իհարկե, եթե համաձայնության գանք Դավթյանի հետ, որպեսզի ինքը կարողանա լուրջ վերաբերվել այդ հարցին: Էնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ զարմանալի է ինձ համար նույնիսկ, թե ոնց կարող է այսպիսի իրավիճակ լինել: Էսօր գնացել եմ գերեզմանոց, շատ կներեք,  մարդը բերել, բազալտից սալիկներ է թափել, բազալտե սալիկները գողացել են: Չի կարող էդպես լինել, գերեզմանոցից գողություն չի կարող լինել:

Թեկուզ  նոր թիմ հավաքենք, գումար հատկացնենք, վերանորոգենք էդ ամեն ինչը՝ պահակային ծառայություն, լուսավորություն, մյուս-մյուսը: 12.5 հեկտարը տրամադրված է, էնտեղ Շիրակ գյուղը  չէր ուզում հող տալ: Պետք է վերանորոգել ճանապարհները, մյուսը, մյուսը: Շատ բարդ ոլորտ է, հսկելու ենք բոլորովս»,- հայտարարեց Գյումրու քաղաքապետը:

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ խնդիրն իրականում  ոչ թե իրենն է, այլ գտնվում է իրավական հարթությունում.

«Չենք կարող ամբողջ գերեզմանը պահակային ծառայություններ դնել, որպեսզի գողություն չլինի՝ միաժամանակ պնդելով, թե ինչ պետք էր գերեզմանոցների համար՝ ինքն առաջինն է արել: 2013 թվականին որևէ փողոց չկար ասֆալտապատված, մենք առաջին գերեզմանոցի, երկրորդ գերեզմանոցի, «Շիրակ» գերեզմանոցի հետ կապված արեցինք ամեն ինչ, ինչ կարող էինք: Լավ չղեկավարեց, կասեմ՝ գիտե՞ք ինչ կա, Դավթյանն էլ չկարողացավ ղեկավարել»:

Գյումրի համայնքի ղեկավարն ասում է, որ, երբ ձմեռն է գալիս, դեպի գերեզմաններ տանող ճանապարհը խայտառակ վիճակում է հայտնվում:

Նշենք, որ գերեզմանոցներում գերեզմանատեղիների խնամքը ևս լավ չի իրականացվում:

«Շիրակ» գերեզմանոցում, որտեղ հանգչում են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսները, շատ դեպքերում գերեզմանատեղիները պատշաճ ձևով չեն խնամվում:

Նույնը վերաբերում է նաև Գյումրու մյուս գերեզմանների խնամքին.  հարուստների գերեզմանը շատ լավ պահպանվում, մաքրվում է, իսկ ովքեր գումար չունեն տալու, իրենց հարազատների գերեզմանները պարզապես անտերության են մատնված:

Դեռևս 2013 թվականին համացանցում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ անմխիթար վիճակում են գտնվում Գյումրու թիվ առաջին գերեզմանոցի հուշարձանները: Այս գերեզմանոցում են թաղված մեծ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի հայրը` Աշուղ Ադաշը, Գրիգոր Կարանյանը,Պոլոզ Մուկուչը,  այլ նշանավոր մարդիկ:

Գյումրեցիների մեջ տարածված կարծիքների համաձայն, գերեզմանոցներում ավելի մեծ հողատարածք կարողանում են վերցնել  հարուստները, ովքեր ճոխ-ճոխ իրենց գերեզմաններն են կառուցում, իսկ չքավորներին հողատարածքը չի բավարարում, ու այս հարցում ևս առկա է սոցիալական անարդարություն:

Գերեզմանոցների վիճակը բարելավելու նպատակով  առաջարկվում է դրանք մասնավոր դարձնել, քանի որ այս ձևով ծառայություններ մատուցելն այլևս անհնար է:

Իսկ գողության դեպքերը բացառելու համար  առաջարկվում է  միասնական համակարգ ստեղծել, տեսախցիկներով հսկել դրանք:

Նշենք, որ ՏԻՄ օրենքի 6-րդ գլխի համաձայն, համայնքի սեփականություն կարող են դառնալ նաև ընդհանուր օգտագործման տարածքները, գերեզմանատները, ինչպես նաև վարչական շենքերը, կրթական, մշակութային, մարզական և այլ շենքերն ու շինությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, տրանսպորտային միջոցները, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ներհամայնքային ցանցերը, խմելու և ոռոգման ջրատարները,  անշարժ ու շարժական այլ գույք:

«Հուղարկավորությունների կազմակերպման  և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ  օրենքում  փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին  2009 թվականի նախագծի համաձայն, հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանատեղերի տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումը իրականացնում է  համայնքի ղեկավարը:

Ստացվում է, որ համայնքների ղեկավարներն առաջարկելով մասնավորեցնել գերեզմանոցները՝ ցանկանում են ձերբազատվել դրանց պահպանման և շահագործման ծախսերից: Մինչդեռ դրանց մասնավորեցումը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ բնակիչների համար. կարող են թանկանալ դրանցում սահմանվածից մեծ չափով հողատարածքներ ձեռք բերել ցանկացողների, ինչպես նաև՝ դրանց պահպանման ծախսերը:

Ինչ վերաբերում է դիակիզարանների ստեղծմանը, ապա  դեռևս 2006 թվականին ընդունվել էր «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այն ենթադրում էր  գերեզմանատների տարածքների մոնիտորինգի անցկացում, ինչպես նաև գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի և օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանում:

2008 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ էլ, դիակիզարան նախագծելու հետ կապված հարցերը պետք է կարգավորեր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Չնայած օրենքի ընդունմանը, այն այդպես էլ կյանքի չկոչվեց, քանի որ մեր ազգային ավանդույթները և Հայ Առաքելական եկեղեցին դեմ են դրան, բնակչության մեծամասնությունը՝ ևս:

Միաժամանակ, հարկ է  նշել, որ 2006 թվականին ընդունված օրենքը հանգուցյալների հարազատներին այլընտրանքի հնարավորություն ևս  թողնում է. հանգուցյալին կարելի է հողին հանձնել նաև գերեզմանատեղերում:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս