«Այն բժիշկը, որը 15 տարի չի վերապատրաստվել, աշխատանքից պետք է ազատվի»
«Որևէ բուժօգնության անընդհատության խախտում չի լինելու։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը չլինի՝ գործող ծրագրերն այս կամ այն կերպ գործելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ բժշկական ապահովագրությունից օգտվում է բնակչության մոտ 1%-ը. «Կամավոր ապահովագրություն է, բայց հիմնարկությունն է ապահովագրում, ոչ թե մարդն է գիտակցում և ապահովագրում իր առողջությունը։ Շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունն էլ ունեն առողջության ապահովագրություն։ Քաղաքացին եթե ցանկանում է ապահովագրել իր առողջությունը, պետք է դիմի, ընտրի իրեն հարմար ապահովագրական փաթեթը և ապահովագրվի։ Գումարի չափը չեմ կարող ասել, բայց միջին աշխատավարձ ստացող քաղաքացու համար դա ընդունելի գումար է։ Այստեղ մի կարևոր նրբություն կա՝ կամավորի դեպքում նախապես առկա վիճակները չեն ընդգրկվում հետագա ծածկույթի մեջ, իսկ համընդհանուրի դեպքում, այդ թվում՝ արդեն ապահովագրված 100 հազար պետական ծառայողների և նախատեսվող 612 հազար մարդու դեպքում՝ այս պայմանը չի գործելու»։
Ասուլիսի մյուս բանախոսի՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ ցանկացած հանրային քաղաքականություն չի ենթադրում, որ բոլորին լավ է լինելու, ըստ նրա՝ ինչ-որ տուժողներ էլ են լինելու հանուն բոլորի. «Ապահովագրության ներդրման դեպքում տուժելու է այն առողջապահական ծառայությունը, որն այսօր որակ չի կարողանում ապահովել։ Օրինակ՝ այն բժիշկը, որը 15 տարի չի վերապատրաստվել, աշխատանքից պետք է ազատվի։ Մենք հաճախ պահում ենք հիմնարկներ, որ մարդիկ աշխատավարձ ստանան։ Ապահովագրության ներդրման դեպքում ստանդարտները պետք է բոլորի համար նույնը լինեն։ Եթե ստանդարտներով նայենք, կարող է պարզվել, որ շատ հայտնի կառույցներ պետք է փակվեն. մենք դրան պատրաստ չենք։ Այսինքն՝ որակի գիծը պետք է որոշենք ու գնանք, ով տուժեց՝ առաջին աղմուկն ինքն է բարձրացնելու»։
Փորձագետը հավելեց՝ եթե բնակչությունն իր կենսակերպը չփոխի, ապա իրոք համակարգը բացասական է ազդելու. «Բայց մյուս կողմից էլ՝ համակարգը պետք է մի քիչ բացասական ազդի մարդկանց վրա, որ փոխեն կենսակերպը։