Բժշկական ապահովագրությունը կդառնա պարտադիր. ինչպե՞ս դա կազդի քաղաքացիների վրա

«Մեր հասարակության զգալի զանգվածը, գիտակցելով բուժօգնության անհրաժեշտությունը, չի դիմում բժշկի։ Դրա մասին են վկայում նաև պաշտոնական վիճակագրության տվյալները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Նա նշեց, որ խնդիրը կարգավորելու համար ԱՆ-ն փորձում է անցում կատարել համընդհանուր բժշկական ապահովագրական համակարգի, որի գաղափարը, ըստ նրա՝ այն է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պետք է ապահովագրված լինի։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ, երբ բժշկական ապահովագրությունը ներդրվի, ու մարդիկ պատրաստ չլինեն դրան, ապա շատ բողոքողներ են լինելու։ Հետևաբար՝ նա առաջարկում է այդ խոսակցությունը հիմիկվանից սկսել. «Պետք է թվերով, հաշվարկներով տեսնենք, թե դա ինչ է նշանակում բուժհաստատությունների, գործատուների, աշխատողների, պետության, բժիշկների համար։ Ամբողջ ազգը ներգրավվելու է այս պրոցեսում»։

Նրա խոսքով՝ բժշկին դիմելն էլ դեռ չի նշանակում, որ մեր առողջական խնդիրը կլուծվի. «Մենք հետազոտություն էինք արել՝ մարդկանց զարկերակային ճնշումն էինք չափում, ում ճնշումը բարձր էր, և տեսնում էինք, որ պետք է դեղ ընդունի, չէր ընդունում դեղ։ Այսինքն՝ բժիշկը երբ նշանակում է, մարդը պետք է հետևի դրան։ Գործոնները շատ են՝ համապատասխան մշակույթ, վստահության խնդիր, դեղերի մատչելիություն և այլն։ Ցավոք, ապացուցվող բժշկության հանդեպ հավատն էլ խնդիր ունի, որը որոշ տեղերում ողբերգական է։ Մարդիկ ինքնաբուժությամբ են զբաղվում։ Մարդիկ պետք է փոխեն իրենց վարքագիծը, և բժշկական ապահովագրությունը հենց դա էլ ենթադրում է, որովհետև, երբ այն ներդրվում է, այլ խողովակները փակվում են կամ թանկանում։ Եթե դու ես ընտրություն կատարում, թե որ բժշկի մոտ գնաս, ապա, խնդրեմ, վճարիր քո գրպանից։ Այսինքն՝ համակարգի հանդեպ պետք է վստահություն լինի»։

Խուրշուդյանը նկատեց՝միշտ խոսվում է դպրոցների օպտիմալացումից, բայց առողջապահական համակարգի օպտիմալացման մասին էլ պետք է մտածել. «Այնտեղ էլ պետք է կրճատումներ լինեն, որ այդ գումարներն ուղղվեն բժշկությանը։ Խնդիրները շատ են»։

Բժշկական ապահովագրության ներդրման համար տնտեսագետը երկու տարբերակ է տեսնում. «Կամ պլանավորենք, հետո ներդնենք, կամ ներդնենք, հետո տեսնենք՝ ինչ է լինում։ Երևի ճիշտն այդ երկուսի մեջտեղում է։ Առաջինը տասնամյակներ կարող է տևել, երկրորդն էլ շոկային հարված կլինի բոլորի համար։ Շատ մասնակիցների տարբեր շահեր պետք է ինչ-որ մի կետում համադրվեն»։

Իսկ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ խնդիրներից խուսափելու լավագույն տարբերակն աստիճանական անցումն է բժշկական ապահովագրությանը. «Դրա համար մենք արդեն իսկ ապահովագրել ենք 100 հազար պետական ծառայողների և նախատեսում ենք հաջորդ տարի 612 հազար սոցիալապես անապահով խավի ապահովագրել։ Պետական ծառայողների համար ապահովագրության գումարը կազմում է տարեկան 40 հազար դրամ, որը պետությունն է տալիս։ 612 հազար մարդու համար դա կլինի ավելի փոքր գումար՝ որոշակի ծածկույթի վերանայմամբ»։

Նա նշեց, որ օրենքի նախագիծը դեռ չեն մշակել, քանի որ ուզում են հասկանալ, թե ինչպես են մարդիկ արձագանքում դրան, և ըստ այդմ՝ կմշակվի համընդհանուր ապահովագրության հայեցակարգը։

Տեսանյութեր

Լրահոս