«Մեդիան այն դաշտն է, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները բավական ադեկվատ են արտացոլվում»

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն չկա։

«Հայաստանում մեզ կասկածում են, որ մենք շատ ռուսամետ ենք, իսկ Ռուսաստանում կասկածում են, թե մենք արևմտամետ ենք։ Դա նորմալ է։ Հասարակական տրամադրությունները Հայաստանի ներսում Ռուսաստանի նկատմամբ կապ չունեն հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայի հետ։ Եղել է սերնդափոխություն, մարդիկ այլ կերպ են նայում աշխարհին, բայց նման մարդիկ տարբեր տեղեր կան, նրանք եղել են անգլիական, ֆրանսիական գաղութներում։ Դա արտահայտվում է տարբեր ձևերով, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի վաճառքին, ինչ-որ ռուս չինովնիկների հայտարարություններին արձագանքելով։ Այս «մեդիա-պղպջակը» նոր թրենդ  է, և Ռուսաստանի ռեալ քաղաքականության հետ քիչ կապ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց նա։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համաձայն չէր. «Սերնդափոխության խնդիր չէ. ցանկացած տարիքի մարդիկ կարող են բացասական վերաբերվել ՌԴ-ի քաղաքականոսւթյանը։ Երկրորդ՝ ասում եք՝ «մեդիա-պղպջակները» կապ չունեն իրական հարաբերությունների հետ, բայց կարծում եմ, որ ցանկացած դաշտ կարող է ներգրավված լինել, և մեդիան այն դաշտն է, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները բավական ադեկվատ են արտացոլվում»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, Հայաստանը փողոց է վերանվանում, ինչը, ըստ Նավասարդյանի՝ ասիմետրիկ պատասխան է, որն արդյունավետ չի կարող լինել.

Կարդացեք նաև

«Դա արդյունավետ կլիներ, եթե երկու պետությունները նույն մակարդակի վրա լինեին, ու համարժեք վնաս հասցնեինք»։

Ասուլիսի մյուս բանախոս Աղասի Թադևոսյանն էլ նշեց, որ հայաստանյան իրականությունը բավականաչափ փոխվել է.

«Ես կարծում եմ, որ իրոք սերնդափոխության խնդիրն էական դերակատարում ունի հանրային ընկալման ոլորտում։ Մենք ժամանակին գործ ունեինք սոցիալիստական աշխարհի հետ, և այդ աշխարհը քաղաքակրթվում էր Ռուսաստանի կողմից։ Երբ սոցիալիստական այդ ժամանակաշրջանն ավարտվեց, սոցիալիստական մոդեռն երևույթը դուրս եկավ, Ռուսաստանը չկարողացավ պահպանել իր՝ քաղաքակրթական կենտրոնի դերը։ Այդ կենտրոնը դարձավ Արևմուտքը։ Հայաստանում նույնպես հայտնվեցին շատ հասարակական խավեր, ում համար կենտրոնը դարձավ Արևմուտքը»։

Այս փոփոխությունն, ըստ նրա՝ բերեց նրան, որ հայ հասարակության մեջ առաջացան կասկածներ՝ արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ իր քաղաքակրթական կենտրոնը. «Հիմա փոխվել են այդ պատկերացումները հասարակության մեջ, և փոխվել են Ռուսաստանի քաղաքական ազդեցությունները։ Քաղաքական, տնտեսական առումով Հայաստանն ունի Ռուսաստանից որոշ կախվածություն, բայց քաղաքակրթական առումով իրավիճակն այլ է։ Երիտասարդ սերնդի այն խավերը, որ ցանկանում են դառնալ էլիտար խավի մի մասը, Ռուսաստանի դերակատարումը դիտում են ոչ թե՝ քաղաքական գործընկեր, այլ՝ գաղութարար»։

Տեսանյութեր

Լրահոս