Գյումրու պոլիկլինիկաների սարքավորումները՝ անմխիթար վիճակում
Գյումրու որոշ պոլիկլինիկաներում բժշկական սարքավորումների նորացման կամ դրանց նորերը գնելու կարիք կա:
Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը բարձրաձայնում է իրենց պոլիկլինիկայի շենքի վատ վիճակի, բուժաշխատողների ցածր աշխատավարձերի, նաև նոր բժշկական սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ:
– Մարզերում, քաղաքներում կան պոլիկլինիկաներ, որտեղ շենքային պայմանները ոչ թե վատն են, այլ շատ վատը: Նմանատիպ հարցեր արծարծվել են, դիմել ենք տարբեր հաստատությունների, կազմակերպությունների, սակայն ոչ մի կերպ հարցը չի լուծվում: Շատ պոլիկլինիկաներ իրենց շենքերը վարձակալական հիմունքներով են օգտագործում,- բարձրաձայնում է պոլիկլինիկայի տնօրենը:
Նրա խոսքով՝ իր գլխավորած կառույցը տեղակայված է «Կումայրի» արգելոցի շենքերից մեկում, ու, քանի որ շենքը համայնքապատկան է, իրենք վարձավճար են մուծում Գյումրու քաղաքապետարանին։
Տնօրենի խոսքով՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով վարձավճարի պարտքեր են կուտակվել։
Վերջինս ցանկանում է, որպեսզի հնարավորության դեպքում պետական միջոցներով նորմալ շենքային պայմաններ ապահովվեն իրենց համար, ու պոլիկլինիկաները սարքավորումներով զինվեն, քանի որ առկա տեխնիկան բարոյապես ու ֆիզիկապես մաշված է։
«Օրինակ, նորմալ էկագեի սարքը միջինն արժե 400-500 հազար դրամ: Մեր սարքը հաճախ է շարքից դուրս գալիս, մենք պարբերաբար սարքել ենք տալիս: Բնականաբար, քաղաքացին կգնա, էնտեղ կգրանցվի, որտեղ էկագեի կամ ռենտգենի ապարատն ավելի լավն են։ Ինչ վերաբերում է ռենտգենի ապարատին, նույնիսկ վախենում եմ մտածել՝ ինչ արժե»,- նշում է Ա. Սուքիասյանը:
Գյումրու թիվ 2-րդ պոլիկլինիկայում ևս ներքին հարդարման աշխատանքներ կատարելու կարիք կա:
«Անցյալ տարի՝ նախկին մարզպետի օրոք, շենքի որոշ հատված վերանորոգվեց: Բժշկական սարքավորումների պարագայում էլ լավ կլիներ՝ նորերը գնվեին, բայց պետությունը չի կարողանում ֆինանսական խնդիրները լուծել, նոր սարքավորումներ կկարողանա՞ գնել»,- ասաց տնօրենը:
Գյումրու Վ.Աբաջյանի անվան թիվ 3-րդ պոլիկլինիկայի (Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն) կաբինետներում ևս ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է զգացվում:
Կառույցի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց. «Շենքը 2001 թվականին է կառուցվել՝ Համաշխարհային բանկի միջոցներով, նախկինում տնակների մեջ է եղել»:
Ի տարբերություն պոլիկլինիկաների, Գյումրու գործող հիվանդանոցների վիճակը բարվոք է:
«Մեր շենքը երկու հարկանի է, վերանորոգված քարե կառույց է, կտուրը՝ լրիվ վերանորոգված: Դռներն ու պատուհանները՝ եվրո որակի, լոկալ ջեռուցումով ենք ապահովված: Տարիներ առաջ մենք բարեգործներ ունեինք, ովքեր մեզ մոտ բավական մեծ աշխատանքներ կատարեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանը:
Ինչ վերաբերում է բժշկական սարքավորումներին, մեր զրուցակիցն ասաց.
«Մենք ունենք ժամանակակից ֆլյուորոգրաֆիայի ապարատ, որը թվային է, ու այն նախարարությունն է մեզ նվիրել: Նախարարությունը մեզ նաև նվիրել է ժամանակակից սոնոգրաֆիկ ապարատ, բիոքիմիական անալիզատոր, այսինքն՝ սարքավորումներով ապահովված ենք, բայց ինչքան էլ ապահովված լինենք, բնական է՝ բժշկությունը դինամիկ զարգանում է, ու սարքավորումների նորացման կարիք է լինում»:
Վեջինիս խոսքով՝ իրենք ռենտգեն ապարատի նորացման խնդիր ունեն, և ցանկալի կլինի, որ այն փոխարինվի նորով:
Բացի այդ, Կ. Տոնոյանը նշեց, որ ցանկալի կլիներ՝ բժիշկներն ու բուժքույրերն էլ օգտվեին սոցփաթեթից.
«Մենք պետական հիմնարկ չենք: Ճիշտ է՝ բաժնետիրական ընկերություններ ենք, և մեր բաժնետոմսը պետական է, այսինքն՝ 100 տոկոս սեփականության իրավունքով պետությանն է տրված»:
Ինչպես նշեցինք, Գյումրու որոշ պոլիկլինիկաներում արդիականացման կարիք ունեն դրանցում առկա սարքավորումների մեծ մասը: Մինչդեռ 2005 թվականին ընդունված Առողջապահության մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական հաստատությունների պարտականությունների մեջ է մտնում՝ մեր ազգաբնակչությանը բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերել սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան, սակայն դատելով պոլիկլինիկաների մեծ մասում դեռևս ԽՍՀՄ ժամանակներում արտադրված սարքերի գործածումից, որոշ դեպքերում՝ դրանց անսարքությունից, որակյալ մասնագետների պակասից, այլևս դժվար է ասել, թե հիվանդների հետազոտության ու ախտորոշման տվյալները որքանով են ճշգրիտ ստացվում:
Մյուս կողմից, եթե ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցներ հատկացնի պոլիկլինիկաներին նոր սարքավորումներ գնելու համար, ապա արդյո՞ք դա իր հերթին՝ չի հանգեցնի բժշկական ծառայությունների գների բարձրացմանը:
Նշենք, որ Հայաստանում բժշկական սարքավորումների վաճառքով զբաղվում են մի շարք ընկերություններ: Դրանցից երկուսը ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ, ՅՈՒՆԻՄԵԴ ընկերություններն են:
Ի դեպ, բժշկական սարքավորումների գների վաճառքի մասին տեղեկատվություն համացանցում հիմնականում ռուսական մասնագիտացված աղբյուրներում է առկա:
Անահիտ Սիմոնյան