ԼՂՀ-ում գործո՞ւմ են Խորհրդային Միության դատարանի որոշումները
2017 թ. ապրիլին Մ. Ս.-ի բնակարան են այցելել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի 2 աշխատակից և հայտնել, որ իրենց «Ստեփանակերտի քրեականի պետ Ջալավյանն է ուղարկել»: Ոստիկանների միջոցով վերջինս հեռախոսազրույց է ունեցել Մ. Ս.-ի հետ և ասել, որ նա կամ պետք է ներկայանա ԼՂՀ Ոստիկանություն, կամ ուղարկի իր նկատմամբ դեռևս 1989 թ. հունիսի 29-ին կայացված դատավճիռը:
Մ. Ս.-ի փոխանցմամբ՝ 1989 թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղում դեռևս խորհրդային կարգեր էին տիրում, ազատազրկման է դատապարտվել զենքի ապօրինի ձեռքբերման պատճառով և սկզբնական շրջանում պատիժը կրել Շուշիում:
Ապա նրան տեղափոխել են Աստրախան քաղաքի քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ փախուստի է դիմել ու վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու նպատակով: Այս տեղեկությունները Մ. Ս.-ն հայտնել է 2017 թ. մայիսին, երբ իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Կազմակերպությունը 2017 թ. մայիսի 5-ին դիմել է Ստեփանակերտի ոստիկանության վարչություն՝ Մ. Ս.-ին ԼՂՀ ոստիկանություն հրավիրելու պատճառների և նրա ունեցած դատավարական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
2017 թ. մայիսի 20-ին ԼՂՀ Ոստիկանության պետ Ա. Հակոբջանյանը պատասխան գրությամբ տեղի ունեցածը մեկնաբանել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարանից ստացված գրությամբ: Ըստ ԼՂՀ ոստիկանապետի՝ դրանով Ստեփանակերտի դատարանի դատավոր Մ. Ավանեսյանը հայտնել է, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանի 1990 թ. ապրիլի 10-ի որոշմամբ՝ Մ. Ս.-ի նկատմամբ «հարուցված քրեական գործը կասեցվել է մինչև նրա հայտնաբերվելը և որ վերջինիս նկատմամբ անհրաժեշտ է հայտարարվել հետախուզում»:
Նկատենք, որ Ստեփանակերտի ոստիկանության պետի հետ զրույցում Մ. Ս.-ը տեղեկացրել է, որ դրա համար ինքն արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել:
Չնայած դրան՝ ոստիկանապետը պնդել է, որ անհրաժեշտ է անձամբ ներկայանալ կամ ներկայացնել դատարանի վճիռը, այլապես հետախուզում կհայտարարեն: ԼՂՀ ոստիկանապետի մեկնաբանմամբ «նրան առաջարկվել է ներկայանալ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարան՝ պարզաբանելու իր հետ կապված հարցերը»:
Առանց որևէ օրինական հիմնավորում ներկայացնելու Մ. Ս.-ին Ստեփանակերտ կանչելու վերաբերյալ՝ ԼՂՀ ոստիկանապետը վերջում առաջարկել է մանրամասներն իմանալ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Ավանեսյանից: Թե ինչու է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը մտահոգել Խորհրդային Միության դատարանի՝ դեռևս 1990 թ.-ի որոշումների կատարման ճակատագիրը, գրությամբ չի պարզաբանվում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ