«Այսօր Հայաստանն է ֆինանսավորում ռուսական տնտեսությունը, իսկ Ռուսաստանը զգալի ներդրումներ է անում Ադրբեջանում և Վրաստանում». Արա Պապյան

Այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Զարգացումներ և փոփոխություններ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր-նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն ասաց, որ միությանն անդամակցության ժամանակ մի քանի օր խոսվում էր բացահայտ սպառնալիքի մասին, թե՝ եթե չանդամակցենք ԵՏՄ-ին, ապա Հայաստանն Ուկրաինայի օրը կընկնի.

«Հետո հասկանալով, որ նման մեկնաբանությունները սխալ են, դու բացահայտորեն ասում ես, որ դա արտաքին շանտաժի արդյունքում կայացրած որոշում է, սկսեցին թեման փոխել, որ դա արվում է 178 միլիոնանոց շուկա մտնելու համար։ Իրականում, մենք, այսպես թե այնպես, մտած էինք այդ շուկայի մեջ։ Մեր համախառն ներքին արտադրանքը 2013թ. եղել է 11.61 մլրդ, իսկ 2016թ.՝ 10.55 մլրդ, այսինքն՝ 1 միլիարդից ավելիով կրճատվել է, արտաքին շրջանառությունը 2013թ. կազմել է 5.69 մլրդ, հիմա՝ 5.07 մլրդ, պետական պարտքը 2013թ. կազմել է 4.6 մլրդ, 2016թ.՝ 5.9 մլրդ։ Մենք տեսնում ենք, որ բոլոր ցուցանիշներով տնտեսությունն անկում է ապրում»։

Նրա խոսքով՝ այն ժամանակ հիմնական գայթակղիչ կետերից մեկն այն էր, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում մեծ ներդրումներ պետք է կատարվեն, բայց, ըստ նրա՝ 2013թ. արտաքին ներդրումը կազմել է 597 մլրդ, 2016թ.՝ 170 մլրդ, այսինքն՝ 3 անգամ պակաս. «Իսկ վերջին կես տարվա մեջ ՌԴ-ի կողմից Հայաստանում ներդրումների թիվը կազմել է 0, իսկ մենք 25 մլն դոլար էլ դեռ Ռուսաստանին ենք փող տվել։ Ըստ էության, այսօր Հայաստանն է ֆինանսավորում ռուսական տնտեսությունը։ Այս տարի ամենավատ ցուցանիշներն են.  50 մլն դոլարի կապիտալի արտահոսք է եղել Հայաստանից, որի ուղիղ կեսը Ռուսաստան է գնացել։ Բայց երբ նայում ենք Վրաստանի և Ադրբեջանի տնտեսության մեջ ռուսական ներդրումները, ապա դրանք բավական զգալի են։ Այնպես որ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բոլորովին դեր չխաղաց. կարելի էր չլինել անդամ և ներդրումներ ունենալ։ Հետևաբար՝ տնտեսական առումով մենք ոչինչ չենք շահել, անվտանգության առումով մենք ավելի ու ավելի  ենք կապվում ռուսական քաղաքականությանը, որը շատ վատ է հենց ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների սրման ֆոնի վրա, որովհետև մենք բախվում ենք համաշխարհային այնպիսի ուժի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է։ ՌԴ-ի համար նման հակառակորդ ունենալն ուրիշ հետևանքներ կարող է ունենալ, իսկ Հայաստանի համար կարող է շատ ավելի ճակատագրական լինել»։

Պապյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է կարողանա վերականգնել այն հավասարակշռությունը, որը քիչ թե շատ առկա էր նախորդ տարիներին. «Չենք կարող ասել, որ Արևմուտքի նկատմամբ կկարողանանք այնպիսի քաղաքականություն իրականացնել, ինչ որ ՌԴ-ի նկատմամբ, բայց նաև նման հավասարակշռության խախտումը ևս ընդունելի չէ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս