«Պետք է Հայաստանը պատրաստ լինի, որպեսզի դիմագրավի Ռուսաստանի ցանկացած կամակորության». Ռուբեն Մեհրաբյան

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է, որ որոշ, հատկապես՝ օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013 թվականի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և ծիծաղելի: «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է Ս. Սարգսյանը։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը 168.am-ի հետ զրույցում առանձնացրեց մի քանի «փաստ».

«2012 թվականին դեռ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական մամուլում հանդես եկավ հոդվածով, որտեղ նա բաց տեքստով նշեց, որ մեր  և Ռուսաստանի հարաբերությունները մենք միշտ ձգտում ենք պահպանել հենց այն մակարդակով, որը կա, զարգացնենք, խորացնենք, բայց մյուս կողմից՝ այն, ինչ առաջարկում է Մաքսային միությունը, Հայաստանին որևէ ձևով չի կարող հետաքրքրել շատ պարզ պատճառով, որովհետև Հայաստանը դրա հետ չունի որևէ ցամաքային սահման: Դա պաշտոնական Երևանի կարծիքն էր այն ժամանակ, հարց է առաջանում՝ ո՞նց կարելի էր բանակցել մի բանի շուրջ, որի վերջնական արդյունքին դու ինքդ համաձայն չես: Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, երեկոյան ժամը 7-ին Գալուստ Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պնդում էր, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կնքելու է Ասոցացման համաձայնագիրը Եվրոմիության հետ: Այսինքն՝ դա էլ պաշտոնական Երևանի կարծիքն էր, այն ժամանակ գիտենք՝ ով էր Գալուստ Սահակյանը, նաև Սերժ Սարգսյանի տեղակալն էր ՀՀԿ-ում»:

Ռ. Մեհրաբյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, տեղի ունեցավ երևի աննախադեպ ճնշման արդյունքում, Հայաստանին արվեց առաջարկություն, որից հրաժարվելը հնարավոր չէր. «Կոպիտ ասած, Հայաստանի քունքին պահեցին ատրճանակ ու ասացին՝ կա՛մ պետք է ստորագրես, կա՛մ հետևանքների համար պատասխանատուն դու ես: Բնականաբար, հիմա Սերժ Սարգսյանը, լինելով այդ ամենի մասնակիցն ու ականատեսը, ասելու էր այն, ինչ ասաց, այլ ոչ թե այն, ինչ իրականում տեղի էր ունեցել: Մենք տեսանք, որ այդ Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրեց Վրաստանը, որևէ ձևով չի խոչընդոտում, որ նա ազատ առևտրի ռեժիմ հաստատի Չինաստանի հետ»:

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը «Բազեում» նաև ասել է, որ աշնանը կնքվելու է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի մասին նաև խոսել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ասելով,  որ որևէ խոչընդոտ չկա դրա ստորագրման համար: Հարցին, թե՝ որքանո՞վ եք իրատեսական համարում այդ համաձայնագրի ստորագրումը՝ հաշվի առնելով ՌԴ-Արևմուտք, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրվելը, Ռ. Մեհրաբյանն այսպես պատասխանեց.

«Այս պահին նման խոչընդոտ չկա, գոնե պաշտոնական լրատվության մակարդակով: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը շատ լավ իմանալով, որ սա որևէ ձևով չի հատվում իրենց կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահերի հետ, այնուամենայնիվ, շատ դժվարությամբ է թաքցնում իր դժգոհությունը թեկուզ և փաստից, որ Հայաստանը կարող է Եվրամիության հետ ինչ-որ շրջանակային կարևոր փաստաթուղթ ստորագրել: Ցանկացած քայլ, որը դուրս կբերի Հայաստանին այս ռեժիմից, կենսակերպից, դա դիտարկվում է՝ որպես թշնամական քայլ իրենց նկատմամբ: Երկու ամիս դեռ կա, հիմա թե երկու ամսվա մեջ ի՞նչ կծագի իրենց ուղեղում, ես դժվարանում եմ ասել: Պետք է Հայաստանը պատրաստ լինի, որպեսզի դիմագրավի ցանկացած նման կամակորության, որը Ռուսաստանը կարող է հրամցնել Հայաստանին»:

Հարցին՝ եթե Հայաստանը, ի վերջո, չստորագրի այդ փաստաթուղթը, դա ի՞նչ կարող է նշանակել, Ռ. Մեհրաբյանն այսպես պատասխանեց. «Եթե չստորագրի, մի տարի հետո կստորագրի այլ փաստաթուղթ, որովհետև բոլորին հայտնի է՝ Հայաստանն ուզում է ստորագրել, Ռուսաստանը խոչընդոտում է: Սա ևս մեկ անգամ կգա դա ապացուցելու»:

Տեսանյութեր

Լրահոս