Բաժիններ՝

«Երևի մի օր այդպես էլ կանեմ. տղայիս կամուսնացնեմ և կգամ Հայաստան». Նարինե Աբգարյան

«Գիշերը թող կախարդի՝ պահպանելով նրա երջանկությունը և թող իր զով ձեռքերի մեջ գլորի երեք խնձորը, որ հետո, ինչպես ընդունված է եղել դարեր շարունակ Մառանի ավանդազրույցներում, ձեռքից ձեռք ցած գցի երկրի վրա: Մեկը նրան, ով տեսել է, մեկը նրան, ով պատմել է, մյուսն էլ նրան, ով լսել է ու հավատացել բարությանը»:

Օգոստոսի 26-ին «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ հայկական ծագումով ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ընթերցողների համար այս հանդիպումը հիանալի հնարավորություն էր՝ գրողի հետ գիրքը քննարկելու և հետաքրքրող հարցերն ուղղելու համար, հատկապես, որ Նարինեն բոլոր հարցերին շատ անկեղծ է պատասխանում: 

Նարինե Աբգարյանը ռուսաստանցի գրող, բլոգեր է: Նա ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, իսկ արդեն 1993 թվականին տեղափոխվել է Մոսկվա: Նա հատկապես հայտնի դարձավ, երբ լույս տեսավ նրա առաջին վիպակը՝ «Մանյունյան»:

Նարինեն բազմաթիվ գրական մրցանակների է արժանացել: 2016 թվականին «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար նա արժանացել է համառուսական ամենամյա «Յասնայա պոլյանա» («Ясная поляна») մրցանակին: Գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի, լեռների, գյուղի տարեց բնակիչների՝ լեռ-մարդկանց մասին: Գյուղի բնակիչներից յուրաքանչյուրը մի քիչ տարօրինակ է, մի քիչ փնթփնթան, և նրանցից ամեն մեկն իր հոգու գաղտնիքներն ունի: Նրա գրքերում փոքրիկ պատկերները ներկայացնում են հայկական գյուղերի կոլորիտը՝ բարբառը, ավանդույթները: Երևի այդ է պատճառը, որ բազմաթիվ օտարազգիներ, կարդալով Նարինեի գրքերը, այցելում են Հայաստան՝ բացահայտելու համար Բերդը, տեսնելու այն ամենը, ինչի մասին կարդացել են նրա գրքերում: Նարինեն պատմում է, որ հաճախ իրեն նամակներ են գրում, լուսանկարներ ուղարկում, պատմում իրենց տպավորությունների մասին, նույնիսկ թթի օղին են գովում: 

«Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի գործողությունները տեղի են ունենում Մառան կոչվող բնակավայրում, որը խորհրդանշում է ամբողջ Հայաստանը. «Մառանը Հայաստանն է: Ես վերցրել եմ ժամանակակից Հայաստանը և պատկերացրել՝ որպես գյուղ: Վայրը կոչվում է Մառան, քանի որ մառանը նկուղ է, որտեղ ամեն ինչ հասունանում է և ինչ-որ իմաստով մահանում, այնպես ինչպես ժամանակակից Հայաստանում, որտեղ միայն ծերերն են մնում: Ես փորձում եմ այն ամենը, ինչի միջով մենք անցել ենք, պահպանել իմ գրվածքներում: Գրքում մի հատված կա, երբ երկրաշարժ է լինում և Մառանի արևմտյան հատվածը փլուզվում է. այն իրականում խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը, որը մենք կորցրել ենք: Առհասարակ շատ փոքրիկ հատվածներ կան, որոնք միայն հայերը կարող են հասկանալ: Ինչ-որ իմաստով կարող եմ ասել, որ փորձում եմ փրկել հիշողություններս»,- ասաց Նարինեն:

Մեկ ամսից լույս կտեսնի նաև Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը հայերեն թարգմանությամբ: Նա խոստացավ, որ նոյեմբեր ամսին կվերադառնա Հայաստան՝ ներկա գտնվելու գրքի շնորհանդեսին: Նարինեն շարունակում է կապ պահել իր հերոսու՝ Մանյայի հետ: 

«Բոլորն ինձ հարցնում են, թե ինչ եղավ Մանյայի հետ, ինչ է փոխվել իմ հերոսուհու կյանքում: Նախ ասեմ, որ Մանյան երկու աղջիկների կերպար է: Մեկն իմ մանկության ընկերուհին է, մյուսը՝ ուսանողական տարիների: Ես փորձել եմ միավորել նրանց երկուսի որակները մեկ կերպարում: Այդ պատճառով, երբ հարցնում են Մանյայի մասին, ես դժվարանում եմ պատասխանել, քանի որ մեկն իրական է, մյուսը՝ հորինված կերպար: Իմ բոլոր հերոսների հետևում կանգնած են իրական մարդիկ, ում ես անսահման սիրում եմ»:

Նարինեն անկեղծ խոստովանում է` եթե չգնար Հայաստանից, երևի չսկսեր ստեղծագործել: 

«Իմ բոլոր գրքերը գրվել են հայրենիքի, սիրելի վայրերի կարոտից: Ես շնորհակալ եմ Մոսկվային. եթե այնտեղ չգնայի, չէի սկսի ստեղծագործել: Բայց մշտապես հարցրել եմ ինքս ինձ, թե որտեղ կցանկանայի ապրել, եթե վերադառնայի Հայաստան և հասկացել եմ, որ միայն Բերդում ինձ հարմարավետ կզգամ: Գիտեք՝ բերդեցիները բավական բարդ, «բե խասյաթ», բայց միևնույն ժամանակ հրաշալի մարդիկ են, և ես չեմ ասում գովելու համար, այլ որովհետև գիտեմ նրանց: Երևի մի օր տղայիս կամուսնացնեմ և կգամ Հայաստան»:

Նարինեն հայրենիքի մասին գրում է շատ համեղ, տաք և, որքան էլ տխուր լինի, այն, ինչ որ գրված է թղթին, ցանկացած նախադասության մեջ, ասես մի թափանցիկ լույսի շող լինի, որը հավատ է տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: 

Զարմանալի է, բայց Ռուսաստանում բնակվող ռուսներից, ղազախներից, բելոռուսներից և այլ ազգերի ընթերցողներից բացի, նրան կարդում են նաև այնտեղ բնակվող ադրբեջանցի ընթերցողները: «Մի անգամ մի 17-ամյա, ազգությամբ ադրբեջանցի աղջիկ գրել էր, որ շնորհակալ է ինձ, քանի որ, կարդալով իմ գրվածքները, հասկացել էր, որ հայերը սովորական մարդիկ են՝ ինչպես իրենք: Նա կարդացել էր և հասկացել, որ թշնամին, որի մասին նրան պատմել են, նույնպես մարդ է»: 

Քննարկումից հետո Նարինեն, դեռ երկար ժամանակ գրքերն էր մակագրում և լուսանկարվում ընթերցողների հետ: Այդպիսին է Նարինեն. նա իր գրվածքների նման պարզ է, բայց, միևնույն ժամանակ բարդ է և խորը:

Շուշան Ստեփանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս