Բաժիններ՝

Գլոբալ բրենդ դառնալու ճանապարհին Zangi-ն և gg-ին սկսում են համագործակցել

Հայկական երկու հայտնի ընկերությունները՝ Zangi-ն և gg-ն, սկսում են համագործակցել: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ սպասվում է երկարատև համագործակցություն, որի շրջանակներում Zangi և gg հայկական բրենդները սկսում են լայն տարածում գտնել գլոբալ հարթակում:

Zangi և gg ընկերության ներկայացուցիչները 168.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսել են սպասվելիք համագործակցության մասին:

Համագործակցության արդյունքում արդեն իսկ հասանելի է gg-ի սթիքերների փաթեթը Zangi-ում: Zangi-ի օգտատերերը կարող են օգտագործել gg-ի արդեն հայտնի սթիքերները, որոնք գործածվում էին միայն տպագրված տարբերակով:

Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ընկերությունը քայլ առ քայլ սկսում է համագործակցությունների շարքը. «Որպես լոկալ ընկերություն՝ մենք փորձում ենք օգտագործել մեր լոկալ առավելությունները, քայլ առ քայլ հիմնել նոր համագործակցություններ, որոնք կօգնեն թե՛ մեզ, թե՛ հայկական մյուս ընկերություններին ավելի առաջ գնալ»:

Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ gg-ի հետ համագործակցության շրջանակներում իրենք փորձելու են ստեղծել հաղորդակցման ավելի հարմար պայմաններ gg-ի գործընկերների և օգտատերերի համար: gg-ի օգտատերերը հնարավորություն կունենան կատարել անվճար զանգեր, հաղորդակցվել և մեքենա պատվիրել՝ օգտագործելով Zangi հավելվածի հնարավորությունները:

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ Zangi-ն նպատակ ունի ընդլայնել համագործակցությունների շրջանակը, որի արդյունքում «Տելեկոմ» օպերատորների կողմից առաջարկված վճարովի ծառայությունները կդառնան անվճար՝  Zangi-ի օգտատերերի համար:

Հայկական ընկերությունն արդեն իսկ համագործակցում է «Սփյուռ» տեղեկատվական ընկերության հետ: Մեսենջերի օգատատերերը կարող են հավաքել 113 և անվճար կապ հաստատել «Սփյուռ»  տեղեկատվական ընկերության հետ: Բացի այդ, Zangi-ն համագործակցում է Rostelecom ընկերության հետ: Վերջինիս  Smart tv-ներում  Viber մեսինջերի փոխարեն՝ օգտագործվում է Zangi-ն: Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ Zangi-ն հայկական ընկերություն է, որն արդեն իսկ ունի միջազգային ճանաչում:

«Business to business համագործակցությունների շնորհիվ Zangi-ն արդեն լայն ճանաչում ունի աշխահում՝ լինելով իր տեսակով առաջատարը միջազգային շուկայում: 2-3 տարի հետո Zangi մեսինջերն իր անունով արդեն կդառնա գլոբալ բրենդ: Հայաստանում այժմ շատ են հաջողված ստարտափները, որոնք մեծ ճանաչում են ունենում արտասահմանում, օրինակ՝ Voltrman-ը: Նման տեմպերով աշխատելու դեպքում՝ հայկական շատ ընկերություններ ճանաչելի կդառնան դրսում այնպես, ինչպես արդեն իսկ արտասահմանում գործող հայկական ընկերությունները»,- նշում է Վահրամ Մարտիրոսյանը:

«Աշխատել, հավատալ, գործել թիմային»,- ահա այսպես են նկարագրում gg ընկերությունում հաջողակ բիզնես ունենալու բանաձևը:

Ըստ gg-ի ներկայացուցիչների՝ gg-ն և Zangi-ն Հայաստանում լայն ճանաչում ունեցող բրենդեր են, որոնք ունեն աշխատանքի նույն սկզբունքները, և իրենց համագործակցության շնորհիվ կարող են ավելի մեծ առաջընթաց գրանցել և խնդիրներ լուծել:

gg-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք շատ դրական են համարում համագործակցությունները հայկական ընկերությունների հետ: «Օգտագործելով մեր մեծ ներուժը և միասնական լինելով՝ մենք շատ արագ ճանաչելի կդառնանք համաշխարհային շուկաներում: Ունենալով ուժեղ ընկերությունների օրինակներ, իսկ այդ օրինակներն արդեն իսկ կան, մենք ներկայանալի կլինենք ամբողջ աշխարհում և ապագա նոր ընկերությունների ստեղծումը կլինի էլ ավելի դյուրին աշխատանք:

gg-ն արդեն իսկ աշխատում է հարևան Վրաստանի 3 քաղաքներում, ապագայի պլանները շատ մեծ են՝ թե՛ հայկական շուկայի հետ կապված և թե՛ միջազգային: Մեծ շուկա է նաև հարևան Պարսկաստանը, որն ուսումնասիրությունների փուլում է։ Հայկական շուկայում լինելով առաջատար՝ gg-ն կարող է դառնալ նաև տարածաշրջանի ուժեղագույն խաղացող: gg ընկերության ապագայի լուրջ նպատակներից է էլեկտրամոբիլի ստեղծումը Հայաստանում»,- նշում են gg-ի ներկայացուցիչները:

Խոսելով Zangi-ի հետ համագործակցության մասին՝ gg-ում նշում են, որ ընկերությունները նախատեսում են համագործակցություններ հատկապես օգտատերերի հետ շփման և հաղորդագրությունների փոխանակման հարթակում: Zangi-ն կարող է նաև լինել հարթակ գործընկերների հետ շփման համար: «Կան շատ մտքեր, որոնք հետագա համագործակցության շրջանակներում նախատեսում ենք զարգացնել»,- նշում են ընկերությունում:

Հիշեցնենք, որ Zangi-ն և gg-ին հայկական ստարտափներ են, որոնք ունեցան մեծ հաջողություն և ստեղծեցին իրենց բրենդը Հայաստանում: Zangi ընկերությունը ստեղծվել է դեռ 2009թ., սակայն վերջնական հավելվածը հասանելի դարձավ միայն 2015թ.՝ երկարատև մշակումներից և շտկումներից հետո:

Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: Իր գործառույթներով հայկական հավելվածը չի զիջում հեղինակավոր Skype կամ Viber մեսինջերներին: Բացի այդ, հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն, ունի հարմար և պարզ ինտերֆեյս:

Gglaboratories-ը ներկայացնում է gg մոբայլ հավելվածը: gg-ն հարթակ է, որի միջոցով կարելի է տեղաշարժվել Հայաստանի, ինչպես նաև՝ Վրաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև, ավտոմեքենա ունենալու պարագայում, կարելի է գումար վաստակել: gg-ն պարբերաբար հանդես է գալիս նորություններով: Պարբերաբար ավելանում է ընկերության կողմից սպասարկվող քաղաքների թիվը, ինչպես  նաև ավելանում են նոր ծառայությունները:

Ինչպես 168.am-ը նախորդ հրապարակումներում պատմել է, ընկերության ներկայացրած նոր ծառայության միջոցով  հնարավոր է տեղափոխել կահույք, տեխնիկա և ցանկացած այլ բան, որը չի տեղավորվի սովորական ավտոմեքենաներում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բեռնատար մեքենաները հարմար կլինեն թե՛ անհատների և թե՛ ձեռնարկությունների համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս