Բաժիններ՝

Ինչո՞վ է աչքի ընկել Zangi-ն. Հայկական առաջին ընկերությունը՝ Mobile World Congress-ում

Այս օրերին Բարսելոնայում ընթանում է ՏՏ ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկը՝ Mobile World Congress-ը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի առաջին անգամ կոնգրեսում մասնակցում է նաև հայկական ընկերություն` Zangi-ին:

Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: Իր գործառույթներով հայկական հավելվածը չի զիջում հեղինակավոր Skype կամ Viber մեսինջերներին: Մեսինջերը միակն է, որ թույլ է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր, ինչով զգալիորեն գերազանցում է վերը նշված հավելվածներին:

Zangi-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ հավելվածն ունի մոտավորապես մեկ միլիոն բաժանորդ, և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ:

Mobile World Congress-ում հայկական հավելվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հիմնական նորությունը, որ ներկայացրել է հավելվածը web տարբերակն է, որի միջոցով օգտատերերը մեկ հաշվից կարող են օգտվել թե՛ սմարթֆոնում, թե՛ այլ գադջետներում, և թե՛ համակարգչում:

Կարդացեք նաև

Բացի այդ, հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն, ունի հարմար և պարզ ինտերֆեյս:

Zangi-ն իր օգտատերերին է առաջարկում նաև յուրահատուկ սթիքերներ, որոնց մեծ մասն անվճար է: Դրանց մեջ հատկապես առանձնանում են հայերեն զվարճալի և հետաքրքիր սթիքերները:

Հավելվածը նաև օգտագործում է տվյալների ամենաքիչ քանակությունը՝ միևնույն ժամանակ չվնասելով ծառայության որակին: Տվյալների օգտագործման իր սովորական ռեժիմում Zangi-ն սպառում է 216ԿԲ տվյալ՝ ամեն րոպե ձայնային զանգի ժամանակ։ Տվյալների սպառման ցածր ռեժիմում Zangi-ն կատարում է մի քանի քայլ առաջ՝ իջեցնելով տվյալների իր սպառումը մինչև 134ԿԲ՝ ձայնային զանգի ամեն րոպեի համար։ Հաղորդակցման այլ հավելվածները նույնիսկ մոտավորապես չեն հասնում այս թվերին։

Այժմ հավելվածում հասանելի են նաև խմբակային չաթերը:

Նշենք նաև, որ Mobile World Congress-ի շրջանակներում Zangi-ի տաղավար է այցելել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս