Zangi հավելվածն առաջարկում է հայկական ստիկեր-թոլք

Zangi հավելվածն արդեն թույլ է տալիս ուղարկել հայատառ, հայկական կոնտեքստով ստիկերներ: Digitec-expo 2015 ցուցահանդեսի շրջանակներում մասնակիցներին տրվում էր հայատառ ստիկերներն անվճար ուղարկելու հնարավորություն: 168.am-ի հետ զրույցում «Զանգի Թեքնոլոջիսի» տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրեց հավելվածի ստեղծման պատմությունն ու հավելվածում կատարված փոփոխությունները:

«Ծրագիրը՝ որպես տեխնոլոգիա, սկսել ենք պատրաստել մոտ 6 տարի առաջ, բայց շուկա մտել ենք այս տարվա սկզբին՝ Zangi անունով: Մեր ընկերությունը սկզբից կառուցվել է՝ որպես տեխնոլոգիական ընկերություն՝ կոմունիկացիոն ոլորտում տեխնոլոգիական լուծումներ մատակարարելու համար, հետո որոշեցինք ունենալ մեր սեփական պրոդուկտը և գտանք հայկական «զանգի» բառը, որը շատ լավ հնչում է տարբեր լեզուներով: Դեռ զարգացման փուլում ենք գտնվում, և հավելվածում կան թերություններ, որի համար հայցում ենք մեր օգտատերերի ներողամտությունը: Սկզբից թերություններն ավելի շատ էին, հիմա քիչ-քիչ ուղղում ենք, և հավելվածի պատանեկան թերությունները երիտասարդության հետ վերանում են: Որակական բարձր ցուցանիշներով ծառայություններ ենք առաջարկում. որակյալ վիդեոզանգից՝ մինչև հայկական ստիկեր-թոլք»:

Վ. Մարտիրոսյանը նշեց, որ հավելվածն արդեն մոտ 300 հազար ներբեռնողներ ունի. «Ներբեռնում են ինչպես՝ Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից: Մեր ստատիստիկան ցույց է տալիս, որ եթե Հայաստանում ապրող մեկ հայ ներբեռնում է հավելվածը, անպայման սփյուռքից մեկ ուրիշ հայ ևս ներբեռնում է այն»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Zangi-հավելվածը ծառայություններ է առաջարկում նաև բանկերին ու նմանատիպ այլ կազմակերպություններին. «Առաջարկում ենք կոմունիկացիոն գործիքներ՝ անվտանգության, ավտորիզացիայի տեսակետից, որոնք վճարովի են, իսկ մնացած դեպքերում Zangi հավելվածն անվճար է: Մեր օգտատերերին հավատացնում եմ, որ շատ արագ կտանք աշխարհում լավագույն լուծումն այս ոլորտում»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս