Ո՞ր երկրի խաղաղապահները կլինեն Ղարաբաղում՝ Հոգլանդ
Ամերիկայի Ձայնը գրում է. «Հատված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքից Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում.
ՀԱՐՑ.
Հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեն, «ջենտլմենական պայմանագիր» կնքեն, որ խաղաղապահ ուժերը չեն լինելու համանախագահ որևէ երկրից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա): Ո՞վ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, հաշվի առնելով տարբեր երկրների բախվող շահերը:
ՀՈԳԼԱՆԴ.
«Տեղյակ եմ, որ անցյալում որոշ քննարկումներ այս հարցի շուրջ տեղի են ունեցել: Դուք օգտագործեցիք «ջենտլմենական պայմանագիր» եզրը, այդ սահմանումն օգտագործվել է նախկինում: Հենց այս պահին համանախագահներով մենք ակտիվորեն չենք քննարկում խաղաղապահ ուժերի կազմը: Այդ հարցը իրականում դեռևս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի և դեսպան Վիսքոնթիի հետ:
ԵԱՀԿ-ում կա բաժին, որը կոչվում է Բարձրաստիճան պլանավորման խումբ, դա փոքր գրասենյակ է, սակայն այն պատրաստվում է այն օրվան, երբ կլինի համաձայնագիր, կլինի կարգավորում և խաղաղապահների կարիք կլինի: Որտեղի՞ց են գալու խաղաղապահները, այս հարցի շուրջ վերջին ժամանակներում քննարկում անշուշտ չի եղել և անշուշտ որևէ որոշում այս հարցի շուրջ այս պահին չկա:
ՄԱԿ-ում իմ ընկերներից ես նաև տեղեկացել եմ, խոսքը քաղաքական բաժնի մասին է, որը ուշադիր հետևում է այս հարցին, որ խաղաղապահների հարցում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե լինի համապատասխան դիմում: Այնպես որ, կարծում եմ, գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն անշուշտ, որոշումներ կայացված չեն»: