Բաժիններ՝

Ներառական արվեստը Հայաստանում կայանում է

Երբ չորս տարի առաջ Բրիտանական խորհուրդն սկսեց «Պար՝ առանց սահմանների» ծրագիրը, Հայաստանում ներառական արվեստի մասին խոսելը չափազանց հավակնոտ էր: Ներառական պրոֆեսիոնալ պարային հայկական առաջին խումբը մինչ այժմ երկու առաջնախաղ է ունեցել, որոնք ներկայացվել են ՄԹ-ում, Վրաստանում և Ղազախստանում ու նախատեսում է հանդես գալ ևս մեկ շրջագայությամբ:

Պատմությունն սկիզբ առավ այն ժամանակ, երբ ՄԹ-ի ներառական «Կանդուկո» պարային խումբը շրջագայությամբ հանդես եկավ Հայաստանում:

«Լեփ-լեցուն դահլիճում և գնահատող հանդիսատեսի չափազանց դրական արձագանք ստացած Կանդուկոյի երկու ներկայացումի հաջողությունից հետո մտածեցինք, որ Հայաստանում նման ընկերություն ստեղծելու ժամանակն է», – ասում է Հայաստանում Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փոքր թատրոնը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը ողջունեցին նախագիծը ՝ պատրաստակամություն հայտնելով նոր նախագծի համար տրամադրել թե՛ տարածք, թե՛ մասնակցել վերապատրաստումներին: Այնուհետև «Կանդուկոյի» հետ համագործակցությամբ Հայաստանում Բրիտանական խորհուրդն սկսեց ծրագրի մասնակիցների և արտիստների ներգրավումն ու վերապատրաստումը:

Շուրջ մեկ տարվա ընթացքում վերապատրաստվեցին Հայաստանից պրոֆեսիոնալ և սիրողական պարողներ՝ ներառական պարերի հմտություններին տիրապետելու համար: Վերապատրաստման դասընթացից հետո ընտրվեց 19 մասնակից՝ Հայաստանի առաջին ներառական պարային խմբին միանալու համար:

«Հաղթական պահ էր, երբ դիտում էի նույն բեմում ներկայացող հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներին, և ներկայացման առաջին մի քանի րոպեների ընթացքում հանդիսատեսը մոռանում էր նրանց հաշմանդամության մասին»,- ասաց Հայաստանում Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

2014 թ. հոկտեմբերին «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի հիմնական ծրագրում դերասանները հանդես եկան առաջին ՝ «Մի՛ լքիր ինձ» ներկայացմամբ: Ներկայացումը բեմադրվել էր «Կանդուկո» պարային խմբի հետ համագործակցությամբ: Ներկայացումն ընդունվել է ունկնդրի և քննադատների հոտնկայս ծափահարություններով և բացականչություններով՝ այդպիսով վկայելով հայ հասարակության համար նախագծի կարևորության մասին: Մի քանի ամիս անց ներկայացումն արժանացավ «Արտավազդ» ազգային մրցանակին որպես լավագույն ներկայացում:

Ընկերության կատարող Անուշ Սմբատյանն ասում է, որ ծրագիրն արմատապես փոխել է իր կյանքը: Նա հաշմանդամություն ունի և ապրում է գյուղում: «Սկսեցի ավելի հաճախ քաղաք ուղևորվել և ներգրավվեցի որոշ աշխատանքներում: Ինձ ծափահարում են: Նույնիսկ չէի էլ երազի»,- ասում է նա:

Առաջին ներկայացման հաջողությունից հետո թվում էր՝ դժվար կլինի նորի բեմականացումը: Այնուամենայնիվ Վահան Բադալյանը և «Կանդուկոյի» կատարող Ջեմիմա Հոդլին սկսեցին աշխատել նոր ներկայացման ուղղությամբ, որի առաջնախաղը տեղի ունեցավ Գլազգոյի «Tramway Unlimited» փառատոնի ժամանակ:

«Կարոտահարը» քննում է հայրենիքի կարոտի և պատկանելիության թեմաները: Բեմադրությունը ներկայացնում է հայ ժողովրդի՝ իրենց ազգի պատմության ընթացքում անցած ուշագրավ ուղին, նրանց թախիծը կորուսյալ հայրենիքի համար և իրենց ինքնությունը նոր երկրում վերագտնելուն ուղղված ջանքերը,» – ասում է Ջեմիմա Հոադլին:

«Խումբն արժանապատվություն և հոգևոր իմաստ է հաղորդում իրենց երկրի պատմության կերպարներին, որոնք այնուամենայնիվ խոսում են բոլորիս հետ»,- ներկայացումից հետո գրեց «Հերալդ Սքոթլանդը»:

Թատերախմբի ապագա ծրագրերը նույնքան հավակնոտ են, որքան ծրագրի մեկնարկի ժամանակ: Նրանք պատրաստվում են շրջագայության Հայաստանում և իր երրորդ ներկայացումն են բեմադրում:

Վահան Բադալյանը վստահ է, որ ընկերությունը կշարունակի իր աշխատանքը:

Նա կարծում է, որ Հայաստանում առաջին ներառական պարի խումբն այս բնագավառում լուրջ փոփոխություններ անելու և նոր խնդիրները բարձրաձայնելու տեսանելի լավագույն օրինակն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս