Վարչապետն իրավունք չունի որոշ նախարարների ասել՝ աչքիդ վերևը ունք կա. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Խոսրովի արգելոցի և Արտավանի հրդեհների թեժ օրերին կանխատեսել էինք, որ կառավարության առաջիկա նիստում դիտարժան է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Աղետն ու դրա կանխարգելման և հաղթահարման աշխատանքներում ի հայտ եկած բացերը ենթադրում էին, որ խնդիրը կքննարկվի կառավարության նիստում, երկու նախարարները զեկուցումով հանդես կգան, վարչապետը հարցեր կտա և այլն:
Երեկ հրդեհից և վարչապետի արձակուրդից հետո կառավարության առաջին նիստն էր, բայց այդպես էլ որևէ դիտարժան տեսարանի ականատես չեղանք: Կառավարության նիստի ողջ ընթացքում հրդեհների թեման առհասարակ չշոշափվեց: Ոչ հարց, ոչ պատասխան, ոչ զեկույց: Ոչ մի բառ: Սա նորմալ չէ, որովհետև հապա որտե՞ղ, եթե ոչ կառավարության նիստում պետք է քննարկվեին բացերը, թերությունները, հնչեին վերականգնողական աշխատանքների ուղղություններն ու ժամկետները:
Մի քանի օր առաջ «Բազեների» հետ հանդիպումից հետո վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատասխանատու նախարարները պաշտոնա՞նկ կարվեն, ասել էր. «Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպե՞ս են արձագանքել, ո՞նց են արել, պատրա՞ստ են եղել, թե՞ չէ: Անկախ նրանից` մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ»:
Կառավարության նիստում վարչապետն առնվազն պետք է իր նշած վերլուծություններն անելու հանձնարարական տար, ինչը նույնպես չի արել: Ինչպես արդեն նշել ենք, երկու նախարարները վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաներ են, եթե նույնիսկ նա այսօր էլ վերլուծություն ու համոզմունք ունենա, որ նրանք լավ չեն աշխատել, ապա չի կարող նրանց ազատելու որոշում կայացնել: Կյանքը ցույց տվեց, որ նա նույնիսկ չկարողացավ նրանց թույլ և ուժեղ կողմերը վերլուծելու հանձնարարական տալ:
Եվ ընդհանրապես, այդ թեմայով հանձնարարականներ առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանն է տալիս, որի մոտ մի քանի խորհրդակցություններ եղան:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը օրեր առաջ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հստակ ձեւակերպեց իրավիճակը: «Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է և, բնականաբար, որևէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին՝ քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության եւ հանրապետության նախագահի որոշումների հիման վրա և, բնականաբար, որևէ գործողություն պետք է դիտարկվի նաեւ այդ համատեքստում»,- ասաց նաև ավելացրեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Սա նշանակում էր նաև, որ վարչապետն էլ չի կարող իրեն պաշտոնանկ անել, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի որոշմամբ:
Կառավարության նիստի բացը լրացնելու համար նախարարներն անմիջապես հետո համատեղ ասուլիս տվեցին, բացատրություններ ներկայացրին: Ասուլիսում նույնիսկ հուզիչ հայտարարություններ եղան, օրինակ, որ հրդեհից հետո Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը դարձել են մարտական ընկերներ: Այդ օրերին հանրությունը դրանում համոզվելու առիթներ շատ ունեցավ, որովհետեւ լրատվական թողարկումներում երկու նախարարները քափ ու քրտինքի մեջ, ուս ուսի պայքարում էին հրդեհի դեմ:
«Ֆեյսբուքում» նույնիսկ տվյալներ էին հայտնվում, թե օրական քանի կիլոմետր են նրանք ոտքով անցնում: Մինչդեռ այդքան քայլելու կարիք չէին ունենա, եթե, ասենք, արգելոցի տարածք ժամանակին մուտք գործած լինեին բարձր տեխնոլոգիաները կամ հասարակ բջջային կապը:
Երեկ հայտարարեցին, որ բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են վարվում, կայանների տեղադրման համար տեղանքն է ուսումնասիրվում, և առաջիկա 20 օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի: Սա դեռ ամբողջը չէ: Ծրագիր կա նաև արգելոցում Wi-Fi սարքավորումներ տեղադրել, որը կօգնի նաև մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին: Արդեն քանի օր է շուրջօրյա հերթապահություններ են արգելոցի տարածքում ու տարատեսակ այլ կարևոր միջոցառումներ:
Առաջիկայում հավանաբար այս ազգանվեր գործին կամավոր սկզբունքով նպաստելու կոչեր կհնչեն, բուսական և կենդանական միջավայրն արագ վերականգնելու համար ֆոնդեր կստեղծվեն, համայն հայությունը կմիանա գործին, և կարճ ժամանակում ամեն ինչ կկարգավորվի: Շատ լավ կլինի, իհարկե, որքան շուտ՝ այնքան լավ:
Բայց մի հարց է խիստ անհանգստացնում: Անպայման պետք է աղետնե՞ր լինեն տեղից շարժվելու համար: Պետական գերատեսչությունները և դրանցում աշխատող պրոֆեսիոնալները նրա համար չե՞ն, որ կանխատեսեն հարվածների ուղղությունները, դրանք կանխեն կամ նվազագույն կորուստներով դիմակայելու պայմաններ ստեղծեն:
Պետք չէր սպասել ապրիլյան պատերազմին, որպեսզի դրանից հետո մեկ տարվա ընթացքում առաջնագիծն անճանաչելիորեն փոխվեր: Պետք չէր սպասել հրդեհին, որպեսզի դարերի պատմություն ունեցող եզակի արգելոցում Wi-Fi տեղադրեին: Հիմա քաղաքապետարանը չպետք է սպասի, որ գերծանրաբեռնված, անսարք ու հնամաշ երթուղայինների շահագործման հետեւանքով աղետ տեղի ունենա, մարդկային զոհեր լինեն, որպեսզի դրանք շահագործումից հանվեն և նոր տրանսպորտային հակակարգի ներդրման՝ արդեն տարիներ ձգձգվող գործընթացը ամիսների ընթացքում կյանքի կոչվեն: Պետք չէ սպասել երաշտի՝ ոռոգման խնդիրը լուծելու համար: Պետք չէ սպասել ատոմակայանի վթարի և պոստֆակտում լուծել խնդիրները:
Իհարկե, որևէ աղետից հետո պատասխանատու որևէ պաշտոնյա իր շքեղ աշխատասենյակից և ծառայողական մեքենայից չի զրկվի, բայց պետությանը, քաղաքացիները կարող են անդառնալի կորուստներ ունենալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: