Բաժիններ՝

«Եթե անձը համակարգչի դիմաց անցկացնում է մոտ 5-7 ժամ անընդմեջ, ապա այդ դեպքում կարող ենք խոսել կախվածության մասին». հոգեբան

«Քանի որ մենք ապրում ենք տեխնիկայի դարաշրջանում և յուրաքանչյուրս օգտվում ենք սոցցանցերից, ինտերնետային խաղերից, դեռևս չի նշանակում, որ մենք գտնվում ենք կախվածության մեջ։ Կախվածության մեջ գտնվելը պայմանավորված է  մի քանի հիմնական նախանշաններով՝ հոգեբանական և ֆիզիոլոգիական։ Եթե անձը համակարգչի դիմաց անցկացնում է մոտ 5-7 ժամ անընդմեջ, ինչ-որ չափով այդ դեպքում կարող ենք խոսել կախվածության մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով համակարգչային կախվածության մասին՝ ասաց հոգեբան Քրիստինա Հարությունյանը։

Ըստ նրա՝ համակարգչային կախվածությունը կանխարգելելու համար նախ պետք է հասկանալ պատճառները, որոնք կարող են լինել բազմաթիվ, սկսած  մանկական տարիքում երեխայի ստացած հոգեբանական տրավմաներից՝ մինչև ընտանեկան  կոնֆլիկտներ, ամուսնության մեջ խնդիրներ, և այլն, այսինքն՝ պատճառները բավականին շատ են։

«Եթե մենք հասկանում ենք, թե խնդիրը որտեղից է առաջացել, բնականաբար, մենք կարող ենք նաև կանխել համակարգչային կախվածությունը։ Երբեմն մեզ թվում է, որ դա ավելի թեթև հաղթահարման խնդիր է, և անձը կարող է այդ միջոցով փախուստի դիմել իր խնդիրներից։ Հիմնականում համակարգչային կախվածության մեջ ընկնում են այնպիսի անձինք, որոնք ունեն թերարժեքության  բարդույթներ, տրավմաներ, խնդիրներ, որոնք իրենց համար կարող են հանդիսանալ փախուստի միջոց»,- նկատեց հոգեբանը։

Վերջինիս խոսքով՝ շատ ենք ականատես լինում այնպիսի իրավիճակների, երբ 2 տարեկան երեխան կարողանում է օգտվել համակարգչից, ծնողներն ուրախանում են, ասում են՝ երեխան կարողանում է օգտվել, այնինչ հենց այս տարիքից պետք է կանխարգելվի։

Ըստ հոգեբանի՝ կախվածությունը լինում է հիմնականում դեռահասության շրջանում և  ամենաշատը տարածվում է խաղերից, որոնք երեխայի մոտ ագրեսիա են առաջացնում։

«Սա կանխարգելելու համար անհրաժեշտ է, որ ծնողները երեխայի կյանքում ինչ-որ հետաքրքրություններ մտցնեն. հեքիաթներ ընթերցեն նրանց համար, ավելի շատ ժամանակ անցկացնեն նրանց հետ, զբոսնեն, խաղան: Այսինքն՝ երեխայի կյանքում ինչ-որ չափով պակաասում է գունավոր, մանկական շրջանը, այդ իսկ պատճառով երեխաները տարվում եմ համակարգչային խաղերով։ Հիմա մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ բավականին հեշտ է երեխայի ժամանակը լցնել ոչ միայն համակարգչային խաղերով, կան խնամակալներ, զարգացման, խաղային կենտրոններ։ Եթե ծնողն աշխատող է և չի կարողանում ժամանակ անցկացնել երեխայի հետ, ապա կարող է պլանավորել երեխայի ռեժիմը, օրվա ծրագիրը»,- ասաց հոգեբանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում, համեմատած ամերիկյան և եվրոպական երկրների հետ, իրավիճակն այդքան լուրջ չէ, բայց խնդիրը զարգանում է։

Քրիստինա Հարությունյանը նկատեց, որ կախվածության հետևանքով երեխաները դառնում են ավելի դյուրագրգիռ, ունենում են կատաղության նոպաներ, սա առաջացնում է նաև ինքնագնահատականի ցածրացում, նրանք իզոլյացվում են սոցիումից, ներփակված են դառնում և ապրում են վիրտուալ կյանքում։

Ըստ նրա՝ ծնողները պետք է շատ զգույշ լինեն, որ չհասնի այն վիճակին, որ երեխան ամբողջությամբ տրվի վիրտուալ կյանքին։ Կախվածության դեպքում ծնողին խորհուրդ է տրվում երեխայի հետ զրուցել, իր հետ ժամանակը ճիշտ բաշխել, առաջարկել այլ հետաքրքրություններ իր հասակակիցների հետ, երեխային կարելի է ներգրավել նաև տնային աշխատանքի մեջ, եթե ինչ-որ բան է կոտրվել, կարելի է երեխային շեղել, ասել՝ արի՛ միասին սարքենք։

«4-5 տարեկան երեխաներին 15-20 րոպե է կարելի օգտվել համակարգչից, իսկ ընդհանրապես մաքսիմալ ժամանակը 1,5-2 ժամն է։ Յուրաքանչյուր անձի համար դրանից ավելի համակարգչի առջև նստելը վտանգավոր է, եթե, իհարկե, անձը աշխատանք չի կատարում համակարգչի միջոցով»,- հավելեց Քրիստինա Հարությունյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս