««Գրին քարտերի» տրամադրման փոփոխությունը կխթանի ուղեղների արտահոսքը Հայաստանից». Սուրեն Սարգսյան

ԱՄՆ վարչակազմի կողմից իրականացվող միգրացիոն բարեփոխումների շրջանակում «Գրին քարտերի» տրամադրման ներկայիս համակարգի փոփոխությունը կնպաստի ուղեղների արտահոսքին այլ երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նոր կարգի համաձայն՝ գրին քարտ ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ, կսահմանափակվի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը:

«ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը պայմանավորված է եղել նաև նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական աշավի ընթացքում բազմիցս հնչեցված այն թեզերով, որ Միացյալ Նահանգների միգրացիոն քաղաքականությունը պետք է լուրջ փոփոխությունների ենթարկել և վերանայել, քանի որ դա չի բխում ամերիկյան ժողովրդի շահերից։ Այսինքն՝ մշտապես կար այն թեզը, որ ԱՄՆ նոր ժամանող քաղաքացիները կամ կացության կարգավիճակ ունեցող անձինք շատ արագ գալիս են, աշխատանք են գտնում և լուրջ խնդիր են ստեղծում տեղացիների համար, այսինքն՝ ԱՄՆ բնակչության համար աշխատատեղերի խնդիր է ծագում»,- ասաց Ս. Սարգսյանը։

Ըստ նրա՝ «Գրին քարտ» ստանալու մի քանի եղանակ կա, որոնցից մեկը խաղարկությունն է, և յուրաքանչյուր տարի աշխարհի գրեթե բոլոր երկրներում, բացի մեծ միգրացիոն ռիսկ ունեցողներից՝ Չինաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, որտեղ «Գրին քարտի» խաղարկություն չկա, մնացած բոլոր պետություններում «Գրին քարտը խաղարկվում է և 50 հազար այլ պետությունների քաղաքացի շահում է «Գրին քարտ» և մեկնում ԱՄՆ պարզեցված կարգով, այսինքն՝ հարցաշար է լրացվում, որում ընդամենը նշում են անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթության ցենզը՝ բարձրագույն, ոչ բարձրագույն, միջին, կամ այլ.

«Այժմ քաղաքականությունը փոխվել է այն ուղղությամբ, որ կուտակային տեղեկություններ են հավաքվում և դրա հիման վրա որոշվում՝ արդյո՞ք քաղաքացին կարող է դառնալ «Գրին քարտ» ունեցող, թե՞ ոչ։ Դա նշանակում է, որ նա պարտադիր պետք է իմանա անգլերեն, ունենա կրթություն, մասնագիտական լուրջ ունակություններ, տաղանդ, հնարավորություններ արվեստում, արհեստում և այլն։ Այսինքն՝ ֆիլտր է դրվում, և ԱՄՆ չեն կարող գնալ մարդիկ, որոնք անգլերեն չգիտեն և հատուկ ունակություններ չունեն»։

Հայաստանից մինչ այժմ տարեկան մինչև 1000-1500 քաղաքացի շահում էր «Գրին քարտ»։ Թե ինչո՞ւ է այս նոր կարգն ուղեղների արտահոսք առաջացնելու, Ս.Սարգսյանը նշեց, որ սահմանված ֆիլտրի հետևանքով ցածր կրթական ցենզ ունեցող անձինք այլևս չեն կարող ստանալ «Գրին քարտ», նշականում է՝ մրցակցությունը տեղափոխվում է կրթության որակի ոլորտ, այսինքն՝ նպատակն այն է, որ չգնա անգրագետ կամ լեզու չիմացող ինչ-որ մեկը և բեռ չդառնա պետության աջակցության ծրագրերին, որ ԱՄՆ կառավարությունը տրամադրում է աշխատանք չունեցող քաղաքացիներին կամ աշխատելու հնարավորություն չունեցողներին։

Նրա խոսքով՝ պարզ է, որ, եթե անձն ունի լավ կրթություն, լավ մասնագետ է, լավ գիտնական է, համակարգն առաջնահերթություն կտա նրան, ինչն էլ նշանակում է, որ առավել լավ մասնագետների լրացուցիչ ներհոսք է լինելու դեպի ԱՄՆ, ոչ միայն Հայաստանից, բնականաբար, աշխարհի բոլոր պետություններից։

«Դա խթան կհանդիսանա, որպեսզի նաև ՀՀ կրթական բարձր ցենզ ունեցող, որակյալ մասնագետներն ավելի շատ դիմեն «Գրին քարտի» համար։ Հիմա մրցակցությունը պակասում է, և նրանց հնարավորությունները մեծանում են։ Սա անկասկած ազդեցություն կունենա ուղեղների, պրոֆեսիոնալ և լավ մասնագետների արտահոսքի վրա»,- ասաց Ս. Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս