Թուրքիայի արդյունաբերության նախարարությունում զանգվածային ձերբակալություններ են սպասվում
Թուրքական ոստիկանությունը Անկարայի նահանգի կենտրոնական 20 շրջաններում գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Հետախուզական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել արդյունաբերության նախարարության աշխատակիցների շրջանում: Գործողությունների արդյունքում 59 անձի նկատմամբ, ովքեր կասկածվում են գյուլենականության մեջ, ձերբակալման որոշում է կայացվել:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:
74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են:
Էրդողանը Գյուլենին պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի, մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: