Բաժիններ՝

Վայոց ձորում հայտնաբերվել են որմնանկարներ, որոնք ոչնչացման եզրին են

«Գլաձորի համալսարանի տեղադրության  նոր վարկած» գրքի հեղինակ, անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը Վայոց ձորի Գնդեվազ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում որմնանկարներ է հայտնաբերել, որոնք ոչնչացման եզրին են։

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունների ժամանակ Ղևոնդ Ալիշանի մոտ Գնդեվազի մասին հոդվածում հանդիպել է մի հետաքրքիր նախադասության, որտեղ ասվում է, որ Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին, որի  տանիքը փլված է եղել դեռևս այն ժամանակ, կան նկարներ։ Պարզվել է, որ Ղևոնդ Ալիշանն օգտվել է Քաջբերունուց, որն այդ մասին գրել է դեռևս 1877-78 թթ. «Փորձ» ամսագրի 4-րդ համարում։

«Անհայտ պատճառներով այս հաղորդագրությունը մնացել է ուշադրությունից դուրս, հետագայում՝ մոռացվել։ Երբ ես սա կարդացի, որոշեցի այցելել և տեղում տեսնել ՝ ի՞նչ կա։ Իմ զարմանքին չափ ու սահման չկար, երբ ես հանդիպեցի այնտեղ այնպիսի որմնանկարներ, որոնք հիացնում են իրենց կատարելության աստիճանով։ Դրանք բարձրարվեստ, մեծարժեք գործեր են։ Ամենացավալին այն է, որ այս եկեղեցու արևմտյան մասի տանիքն ամբողջապես փլված է։ Անձրևաջրերը ողողում են այդ հրաշալի որմնապատկերները, որոնք մենք շատ շուտով կկորցնենք, եթե որևիցե քայլ չձեռնարկվի այս ուղղությամբ»,- ասաց բանախոսը։

Կարդացեք նաև

Ըստ պարոն Մկրտչյանի՝ դրանք 18,19-րդ դարի որմնանկարներ են, իսկ եկեղեցին ինքը  կառուցված է 17-րդ դարի վերջում։ Կարող են լինել նաև 17-րդ դարի վերջի, 18-րդ դարի որմնանկարներ։ Բանախոսի խոսքով՝ որմնանկարներից մեկը թվագրված է 1906 թ., և այն իր ոճով էապես տարբերվում է եղած մնացած որմնանկարներից, բեմը նույնպես նկարազարդված է նույն  ոճով, թվագրված կրկին 1906 թ.։

«Այսօրվա դրությամբ եթե  որևիցե քայլ չձեռնարկվի այս ուղղությամբ, մենք ամբողջապես կկորցնենք այս գանձերը։ Այս որմնանկարները Վայոց ձորում եղած որմնանկարներից ամենապայծառն ու գեղեցիկն են։ Քարաշեն մեծ շենք է, խնդիրը հրատապ լուծելու համար կարելի է թեկուզ շիֆերով ժամանակավոր ծածկել, չնայած գիտենք, որ ցանկացած ժամանակավոր երևույթ իրենից մշտական բան է ենթադրում. դրեցին, հետո այդ շիֆերը կկոտրվի, և էլի ոչ մեկն ուշադրություն չի դարձնի։ Դա պիտի վերակառուցվի կամ ծածկվի ինչ-որ ձևով, որը շատ մեծ ծախսեր չի պահանջում, բայց ոչ մեկն է արվում, ոչ էլ մյուսը, և այսօրվա դրությամբ այդ պատերն էլ են քանդվում, քանի որ տանիք չկա, քարերը խարխլվում են, և մենք կկորցնենք այդ եկեղեցին, այդ մեծարժեք որմնանկարները շատ շուտով»,- ասաց Տիգրան Մկրտչյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս